top of page

Lost

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 16 авг. 2020 г.
  • 6 мин. чтения

Սերիալ, որի մասին պարզապես չէի կարող ինչ-որ բան չգրել: Չգիտեմ, թե որքանով է ստացվելու իմ մոտ այս սերիալից ունեցած տպավորություններից խոսելը, բայց պետք է, հասկանո՞ւմ եք, պետք է խոսեմ այս սերիալից: Ի սկզբանե մտածեցի կենտրոնանամ միայն տպավորություններիս վրա ու ըստ այդմ կառուցեմ ռեվյու կոչվածը: Բայց ինչ-որ պահի հասկացա նաև, որ կարելի է թեկուզ մեջբերումներ անել այն մասին, թե ինչպես է ստեղծվել ֆիլմը ու արդյունքում ենթադրում եմ, որ այս ռեվյուն կլինի ինչ-որ հիբրիդ՝ թե սեփական կարծիքս ու թե հետաքրքիր տեղեկություններ պարունակելով: Կփորձեմ առավելագույնս կարճ գրեմ: Ու նկատեցիք, չէ, որ ներկա ժամանակով եմ գրում: Այո, այդպես եմ գրում, որովհետև հենց հիմա նստել ու պարզապես գրում եմ, չնայած որ կարդալուց Ձեր համար ներկան արդեն անցյալ է դարձել...


Մի փոքր նախապատմություն:

Սերիալին առաջին անգամ ծանոթացա եթե չեմ սխալվում 2005-2006 թվականներին, այն ժամանակ, երբ ցուցադրման իրավունքը ստացել էր Հ1 հեռուստաալիքը: Ի դեպ նշեմ, որ հայկական թարգմանությունը վերնագրի պահով շատ ավելի համապատասխան է ու տիպիկ, քան ռուսական տիրույթում է: Չեմ հիշում ինչպես հատկապես սկսեցի նայել, բայց հիշում եմ, թե որքան հետաքրքիր էր ու ինչ ոգևորությամբ էի նայում, դուրս գալիս բակ քննարկում ու անհամբեր սպասում հաջորդ էպիզոդին: Ու ամեն էպիզոդ ավելի ու ավելի ինտրիգային էր, ավելի առեղծվածային ու խորհրդավոր, քան նախորդն էր, ավելի շատ հարցականներ էր թողնում, քան պատասխաններ տալիս: Այդ ժամանակներում, ովքեր հետաքրքրված էին առհասարակ կինոժամանցով, բոլորը խոսում էին այս սերիալի մասին, թողարկվում էին հատուկ տեսանյութեր, լրատվականներն անդրադառնում էին սերիալին: Պատկերացնելու համար, թե որքան պոպուլյար էր սերիալը, կմեջբերեմ հետաքրքիր մի փաստ: Եզրափակիչ էպիզոդում, որպեսզի ցուցադրվեր գովազդ, այն էլ 30 վայրկյան տևողությամբ, ABC-ընկերությունը պահանջում էր 900 հազար դոլար: Ահա այդքան տարածում էր գտել այս սերիալը:


Բայց ստացվեց այնպես, չգիտեմ ինչպես, 3-րդ եթերաշրջանից կիսատ թողեցի ու շատ, շատ երկար ժամանակ «մոռացա» սերիալը, ընդուպ մինչև 2020 թվականը: Այո, մոտավորապես 15 տարի: Ճիշտ է, այդ ընթացքում, առավել ևս բանակից հետո որոշել էի վերանայել ամբողջությամբ, բայց միշտ չէր ստացվում: Ուղղակի միշտ հիշում էի այդ սերիալը, քանի որ առաջացրած հետաքրքրությունն անասելի ուժեղ հետք էր թողել: 2019-ի մեջն էինք, հավաքույթներից մեկի ժամանակ շատ միամիտ կերպով ինձ սփոյլում են սերիալի ավարտը: Ու դա այնքան միամիտ է լինում, որ նույնիսկ ես ինքս չեմ կարողանում հարցնեմ ինձ «Լավ, ինչ՞ի համար ախր»: Ես չեմ սիրում սփոյլերներ, աչքիցս ընկնում են նաև այդ մարդիկ, բայց անդառնալի չէր այդ «բացահայտումը» ու փորձելով դրա վրա չկենտրոնանալով, վերջապես սկսել նայել Կորուսյալները: Ու դա եղավ ընդամենը 2 ամիս առաջ: Ես նորովի, ավելի հասուն կերպով վայելեցի այս սերիալի ամեն մի էպիզոդը: Ու գիտե՞ք որն է ուշ նայելու առավելությունը: Այն, որ ցանկացած պահի կարող ես շարունակել մյուս սերիան նայել, չսպասել այնքան, թե երբ հասանելի կդառնա նոր էպիզոդը: )

Բայց ամեն դեպքում պետք չէ 15 տարի սպասել: ))

Lost
Այսպես էր սկսվում սերիալը: Լսեցի՞ր խորհրդավոր երաժշտության ձայնը

Կուզենամ մի քանի նախադասությամբ նկարագրել նաև այն, թե ինչի մասին էր առհասարակ սերիալը: Չեմ անդրադառնա նրա վերջաբանին ու իմաստին: Առայժմ չեմ անդրադառնա, քանի որ ավելի ներքև, ենթադրում եմ կխոսեմ նաև այս կետերի մասին էլ, այնպես որ եթե սփոյլերներ եք կանխատեսում, բնականաբար պետք չէ շարունակել ընթերցումը(ես գոնե զգուշացնում եմ):


Նախ սկսենք նրանից, որ նկարահանումներին սկիզբ է դրվել 2004 թվականից ու սերիալի վրա էապես ազդել է ABC հեռուստաալիքը: Կար մի մարդ Լոյդ Բրաուն անունով, ով պարզապես իր տեղը չէր գտնում ստեղծել այնպիսի մի ֆիլմ, որը միստիկայի հիմքը կդառնար ու գիտակցում էր, որ նման եզակի պրոյեկտ ստեղծելու համար հարկ կլինի վճարել բավական թանկ: Հասկանալու համար, թե ինչքան թանկ ու թե ինչքան մեծ էր այդ մարդու ցանկությունը տարբերվող ֆիլմ ստեղծել, բավական է նշել, որ միայն մեկ պիլոտային սերիայի համար ծախսվել է 12 միլիոն դոլար: Սա իրոք ահռելի գումար էր, նախատեսված ընդամենը մեկ սերիայի համար, երբ նույն բյուջեյով ստեղծվում են լիամետրաժ ու ամբողջական ֆիլմեր: Բայց, ինչպես հասկացանք, որպեսզի տարբերվող լիներ ամեն ինչ, պետք էր դրա դիմաց լավ դատարկել գրպանները ու հավատացեք այդ սխեման աշխատեց այնքան լավ, որ միայն ԱՄՆ-ում հենց այդ պիլոտային սերիան դիտեց 19 միլիոն մարդ: Փաստացի, հենց այս անձնավորությունն է պատճառ հանդիսացել սերիալի՝ նման կոնցեպցիա ունենալուն, բայց արի ու տես, որ այս մարդու անունն անգամ տիտրերում նշված չէ: Ես անձամբ չեմ ստուգել, ասել են, ես էլ հավատացել եմ: Բայց Դուք կարող եք չհավատալ: Բանն այն է, որ ABC-ին պատկանում էր Disney-ին, իսկ սրանք էլ իմանալով մեկ սերիայի համար ծախսված գումարի մասին, խայտառակ կերպով հեռացնում են պարոն Բրաունին: Ամեն դեպքում սերիալը մեկնարկված էր ու նկարում էին, ինչպես կարող էին, նույնիսկ իրենք՝ հեղինակները չգիտեյին, թե ինչ զարգացումներ կունենար այն առաջին եթերաշրջանում, ուր մնաց հասնեյին 6-րդին: Այստեղ էլի հետաքրքիր տեղեկություն կա, որի մասին ես անձամբ իմացա, երբ սկսել էի դիտել սերիալը: Ինֆորմացիան բավական թարմ է, մոտ երկու երեք ամիս առաջ ֆիլմի շոուռաներ Դեյմոն Լինդելոուն հարցազրույց էր տվել Collider ամսագրին, որտեղ խոստովանում են, թե եթե իրենց մնար, սերիալը կավարտեյին երրորդ եթերաշրջանում, իսկ ահա ABC-ին դեմ էր դրան՝ քանի նայում են, կարելի է շարունակել ու ընդհուպ մինչև 10-րդ եթերաշրջան: Արդյունքում կողմերի ընդհանուր հայտարարն եղավ կանգ առնել 6-րդ եթերաշրջանի վրա: Ու երևի թե բարին էլ այդ էր...

Lost
Ոչինչ չ՞ի հիշեցնում այս նկարը

Ինչ վերաբերվում է նրան, թե ինչի մասին է սերիալը: Տեղի է ունենում ավիակատարստոֆա, մի քանի տասնյակ մարդիկ կարողանում են փրկվել ու հայտնվում են «աննմարդաբնակ» կղզում՝ աշխարհից կտրված: Գլխավոր նպատակն էր այս մարդկանց, ուշքի գալ աղետից, հասկանան ուր են ընկել ու փորձեն ողջ մնան: Իհարկե սա եթե նայենք մակերեսորեն, որովհետև սերիալի հենց առաջին էպիզոդում առաջ են գալիս մի քանի լուրջ հարցեր, որոնք շատ հզոր աթմոսֆերա են տալիս ֆիլմին ու գնալով հասկանում ենք, որ գործ չունենք Ռոբինզոն Կրուզոյի արկածների հետ: Կղզին, որտեղ հայտնվել են հերոսները ու որտեղ հայտնվում է նաև կինոդիտողը, այն չէ, ինչ կարելի է գուշակել: Ու այս անբացատրելին, այս մշուշը, որը երբեք չի թանձրանում, մի այլ կարգի խորհրդավոր ու միստիկական է դարձնում սերիալը:


Ողջ սերիալի ընթացքում հեղինակներն ավելացնում են հերթական անբացատրելին, որոնց մասին հետագայում, ընդհուպ մինչև վերջին էպիզոդը, չեն էլ փորձում տալ պատասխաններ: Ողջ պատմությունն այնքան խառն է դառնում, որ նույնիսկ իրար հետևից նայելուց մոլորվում ես այդ ամբողջ հարցերի մեջ, կապում ես մեկը մյուսի հետ, փորձում ես պատասխաններ գտնել այս կամ այն հանելուկի մասին, բայց այդպես էլ շատ հարցեր մնում են անհասկանալի: Ասեմ ավելին, եթե պատրաստվում եք դիտել այս սերիալը, ապա հստակ պետք է հասկանալ, որ վերջում Դուք չեք ստանալու շատ հարցերի պատասխաններ, այնպես որ եթե դա կարևոր է Ձեզ համար, ապա մտածեք նայելուց առաջ: Բայց և նշեմ, որ եթե չեք էլ նայելու այս սերիալը, ապա, ըստ իս կորցնելու բան հաստատ կունենաք: Իհարկե, սա իդեալական սերիալ չէ, խոսք էլ չի կարող գնալ նրա մասին, բայց անձամբ ես պաշտեցի Նրան ու հետագայում հաստատ էլի կնայեմ, ու վստահ եմ, կբացահայտեմ շատ այլ բաներ, որոնք առաջին նայելու ժամանակ չեն երևացել:


Lost
Իրակա՞ն էր սև ձին, թե ոչ...

Սերիալի առանցքային կետը, բացի առեղծվածայինից, ինձ համար դերասաններն են կամ որ ավելի ճիշտ՝ հերոսները: Ու եթե անդրադառնամ նրանց, ապա կարելի է և մտածել, որ ֆիլմի գաղափարում ներկայացվում է մարդ անհատի էությունը՝ թե որքան յուրահատուկ, ունիկալ կարող է լինել մարդ կոչվածը: Բավական հետաքրքիր կերպով ցուցադրում են հեղինակները կերպարների պատմությունը՝ ովքեր են ներկայում և ովքեր են եղել անցյալում ու թե ովքեր կլինեն ապագայում: Միակ բանն այս ամենի հետ կապված, որ երբեմն անիմաստ ու հոգնեցնող էր դառնում, դա հաճախակի ցուցադրվող ֆլեշբեքերն էին՝ որն ուղիղ իմաստով կտրում էր կղզում առկա մթնոլորտից ու տեղափոխում էր անցյալ: Իհարկե, նրանք բավական շատ մանրամասներ ու բացահայտումներն տվեցին այս կամ այն կերպարի կյանքից, բայց կային և այնպիսի դրվագներ, որոնք ոչ միայն անհետաքրքիր էին, այլ նաև անիմաստ:


Ինչքան էլ տարօրինակ չհնչի, թեպետ ինչ կա տարօրինակության, առանձնահատուկ դեր էր խաղում նաև Բենջամին Լայնուսը(Մայքլ Էմերսոն): Եթե Լոկը կանգնած էր «սպիտակ» գոտում ու այդ տարածքի թագավորն էր իր դերասանական տաղանդով, ապա Լայնուսը կայսրն էր «սև» գոտու և ոչնչով չէր զիջում Լոկին՝ նրա մեկ հայացքը, նրա սառնասրտությունն ամեն ծայրահեղ դեպքի ժամանակ, ուղղակի ցնցում էին: Մի խոսքով, դերասանների ընտրությունը փայլուն էր: Կարելի է անվերջ թվարկել բոլորին, Սոյերին, Ջեքին, Հյորլիին, Կվոնների ընտանիքին, գրողը տանի, ես նույնիկս կամուսնանայի Սունի հետ.... 😁

Lost
Սուն, բայց Դու ինչ սիրուն ես, գրողը տանի

Չգիտեմ, անհրաժեշտություն կ՞ա արդյոք խոսել այն մասին, թե ինչ է պատկերում սերիալն իր գաղափարախոսական, իր փիլիսոփայական կողմով: Անվերջ կարելի է վերլուծել, քննարկել ու մեկ ընդհանուր հայտարարի չգալ, թե ինչ կատարվեց իրականում: Այո, վերջաբանը շատ պարզ է, բայց վերջաբանից առաջ անպատասխան են մնում բազում հարցեր ու ստեղծվում է վերացական տպավորություն, թե հեղինակներն այդ ամենին պատասխան տալու համար վերցրել ու... ահա, այդպես են ավարտել պատմությունը:

Իհարկե հեղինակներին ևս պետք է հասկանանք, քանի որ նույնիսկ իրենք մոլորվել էին այդքան առեղծվածների մեջ: Եթե առաջին երկու եթերաշրջաններում շեշտը դրված էր առեղծվածների վրա, ապա հետագայում տեսնում ենք անցում դեպի գիտությունն ու փիլիսոփայությունը, կրոնը: Մի պահ երբ համեմատում ենք անգամ առաջին սեզոնի ու վերջին սեզոնի որոշ դրվագներ, դառնում են ծիծաղելի: Օրինակ, որքան առեղծվածային էր առաջին երկու էպիզոդները ու որքան ֆենթեզի, հեքիաթային էր այն էպիզոդը, որտեղ մի ողջ պատմություն էր հատկացվել կղզու «իրական տերերին»՝ երկվորյակներին: Երևի ամենա թույլ հատվածն էր սերիալի:


Նշեցի կրոնը ու իսկապես այս վերջինին բավական շատ ժամանակ է հատկացված: Նույնիսկ ողջ սերիալի իմաստը կարելի է վերագրել կրոնին՝ հավատքին ու անհավատելիությունը (արդյոք ճիշտ բառ օգտագործեց՞ի - լավ չէ՞ր լինի պարզապես գրեյի աթեսիտություն): Կան բազում մեջբերումներ այս թեմայով, տեսնում ենք մի շարք դրվագներ՝ սյուժետային լուրջ հիմքերով հանդերձ ու հավատքը սերիալում կենտրոններից մեկն է: Սցենարը: Զարմանալ կարելի է սցենարիստների աշխատանքի վրա: Շշմեցնելու մակարդակի արտահայտություններ կան, որ ցանկություն է առաջացնում լսել օրվա ընթացքում մի քանի անգամ: Կարծես այդ խոսքերն այնքան կարևոր են, որ պարտականություն ես համարում լսել նրանց միշտ: Երաժշտությունը: Այսքան համապատասխան, այսքան առեղծվածային երաժշտություն: Lost ասելուց ակամայից հիշում ես մուտքային երաժշտությունը: Հնարավոր է, որ այն կենցաղում լսելի չի լինի, բայց կենցաղում առեղծվածների էլ հազվադեպ ենք հանդիպում, սա կենցաղային երաժշտություն չէ... Մի խոսքով, թվարկել, թվարկել ու էլի թվարկել այն ամենը, ինչը սիրվել է այս սերիալում, կարելի է անդադար: Չէի ուզենա պիտակավորել, թե սերիալը կինոարտադրության ամենա ամենան է, բայց առանձնացնել նրան, դա ինձ համար միանշանակ է: Էլի եմ նշում՝ Կորուսյալներն իդեալական սերիալի օրինակ չէ: Այստեղ կան թերություններ, անգամ խնդիրներ, որոնք տեսանելի են դառնում: Կան անիմաստ դրվագներ ու ամբողջական էպիզոդներ, կան ֆիլմային վրիպակներ ու բացթողումներ: Բայց անկախ այս ամենից, անկախ նրանից, որ հարցերը մնում են անպատասխան, միևնույն է Նա հանճարեղ սերիալ է, փառահեղ դերասանական, ստեղծագործական յուրահատուկ լուծումներով հանդերձ: Սերիալի ավարտից հետո, բացի այն հուզումներից ու էմոցիաներից, որը հավաքվում է ձեր կոկորդում(բա չգիտեյիք, որ տղերքն էլ հուզվել գիտեն), ունենում եք մի տեսակ սառը դատարկություն: Կարծես ձեր կյանքից մի խոշոր բան է պակասում: Ու ամենայն հավանականությամբ, ուշքի գալուց հետո Դուք կամ կսիրեք այս սերիալը կամ կատեք: Բայց հավատացնում եմ, առաջինի շանսերն առավել քան բարձր են:


Իսկ վերջում ընդամենը մեկ դրվագ սերիալից, որն ինձ ամենա շատն էր դուր եկել ու հատուկ առանձնացրել էի:

Իմ գնահատականը Lost-ին

10/10-ից

Comments


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page