Այսօր կգրեմ մի խաղի մասին, որի անցումը Ձեզանից կարող է խլել երկու ժամ ընդամենը, բայց հիշողությունները կմնան երկար: Հավանաբար երկար: Նախ նրա համար, որ սա մեդիտացնող խաղ է ու դժվար չի լինի այն չհիշելը, քանի որ նման կարգի խաղերը մեծ մասսայականություն չեն վայելում թեկուզ ամբողջ աշխարհի մակարդակով և երկրորդ, բավական լավ մեդիտացնող խաղ է: Մի խոսքով, առավելությունների և թերությունների մասին այս ռեվյուի ընթացքում:
Խաղը ստեղծվել է Giant Squid Studios-ի կողմից 2016 թվականին: Հրատարակողն է 505 Games-ը: Ըստ ժանրի արկածային պրոյեկտ է: Խաղը մեծ չէ ամեն տեսակ իմաստով: Խաղի անցման համար առավելագույնս կարող է պահանջվել ընդամենը երկու ժամ: Չունի նաև երկրորդական առաջադրանքներ, որ սյուժեն թողած մտածես այլ բաների մասին: Ու առհասարակ ինչի մասին է խոսքն ընդհանրապես, եթե խաղը լայն իմաստով չունի նաև հիմնական սյուժե: Եթե անգամ ունի էլ սյուժե, ապա դա հստակ չէ: Բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում սյուժե վերագրել այս խաղին չի կարելի: Իսկ մյուս կողմից կարող եմ ինքս ինձ հակասելով նշել, որ սյուժեն ամեն ոք իր երևակայության, իր աշխարհին նայելու կարողությամբ է ստեղծում իր մեջ այս խաղում: Եթե ավելի հստակեցնեմ, այս խաղում մեր առաջադրանքն է գնալ առաջ, բացահայտել օվկիանոսի շատ գեղեցիկ տեսարաններ, կենդանիներ, բուսականություն ու երբեմն էլ լուծել շատ փոքրի գլուխկոտրուկներ, որոնք բացարձակապես ոչ մի բարդություն չի առաջացնի և ոչ մի խաղացողի մոտ: Սա ասում են վստահորեն: Խաղի հիմնական էությունն ահա այս է: Դե եթե հաշվի առնենք, որ իր նշանակությամբ խաղը հանգստացնող բնույթի է, ապա այլ բան հարկավոր էլ չէ այստեղ, որպեսզի ավելնորդ լարվածություն չառաջացնի խաղացողի մոտ:
Խաղային մեխանիկան բաղկացած է երկու հիմնական տարրերից, եթե չհաշվենք կերպարի տեղաշարժը: Տեղաշարժից բացի մենք կարող ենք ինչ-որ կոնտակտի մեջ մտնել ստորջրյա ապարատների հետ, որոնք որոշ դեպքերում հարկավոր են մեզ՝ առաջ գնալու համար, բացելով ճանապարհը և ևս մեկ գործողություն, որը ջրի մեջ թույլ է տալիս պտույտ գործել, որը ոչինչ չի տալիս մեզ իրականում: Ըստ երևույթին այն արվել է խաղին որոշակի դինամիկա տալու համար: Կան նաև հատուկ վայրեր, որոնց մոտենալիս կարող ենք խաղից կտրվել ու լավ ուսումնասիրել տվյալ ջրային գոտուն բնորոշ կենդանիներին: Այս ռեժիմը ինձ հիշեցրեց ակվարիում, որ նստած նայում ես այս կամ այն կենդանուն ու հանգստանում ես: Ռեժիմն էլ հենց կոչվում է «մեդիտացիա»: Խաղի հիմնական գեյմփլեյը տեղի է ունենում ջրի մեջ: Մենք շարժվում ենք ջրում, որոնում ենք ինչ-որ բաներ, հետազոտում ենք այստեղ գտնվող ամեն բան, քանի որ դա չափազանց հետաքրքիր է և այլն: Բայց որքան կզարմանա խաղացողը, երբ ջրային հատվածից խաղային կերպարը կկարողանա տեղափոխվել ցամաք: Անձամբ, երբ խաղում էի այս խաղը, չէի մտածում, թե րոշակի գործողություններ կարող են տեղի ունենալ նաև ջրից դուրս: Ու դա իսկական անակնկալ էր, երբ խաղի որոշակի հատվածում մեզ պետք է դուրս գալ ջրից ու տեղաշարջվել ինչ-որ ուղղությամբ, որպեսզի լուծենք փոքրիկ գլուխկոտրուկը: Թվում է թե հասարակ մեխանիկա է, բայց բավական ուժեղ ազդեցություն կարող է թողնել, երբ հակված ես ենթագիտակցորեն կարծելու, թե ամեն բան տեղի է ունենում ու ունենալու ջրում:
Abzû խաղն իրականում այնքան կարճ է, որ ամբողջական պատկերը ռեվյուի, կարող է այսքանով էլ ավարտվել: Խաղի թերությունն ինձ համար հենց սրանումն էլ կայանում է: Այն է, որ ոչ բարդություն է առաջացնում իրենից իր փոքրիկ գլուխկոտրուկներով և ոչ էլ թույլ է տալիս ժամանակի մեջ մտնել իսկապես, որպեսզի լրիվությամբ հասկանաս այս խաղի իմաստը: Առավել ևս, որ գոնե վերջում հույս ունես, թե ինչ-որ բան այնուամենայնիվ կբացատրվի հեղինակների կողմից, որպեսզի հասկանալի դառնա խաղի էությունը: Բայց դա տեղի այդպես էլ չի ունենում ու վերադառնում ես այն կարծիքին, թե խաղը ստեղծվել է զուտ նրա համար, որպեսզի առօրյա հոգնածությունից հետո այս ստորջրյա ճանապարհորդությունը թեթևացնի ու հանգստացնի ինչ-որ չափով:
Իսկ ահա այդ խնդիրը խաղը կատարում է հարյուր տոկոսանոց արդյունքով, դա միանշանակ է: Ու դրանից հետո այս խաղից ավելին չես էլ ուզում պահանջես: Հատկապես երբ խաղային հատվածն իր գունավորմամբ, իր ազդեցությամբ, իր հանգստացնող մթնոլորտով ու գեղեցիկ տեսարաններով, որ ամեն պահին ուզում ես կանգնել, վայելել այդ հատվածը, ձկների խումբը, անգամ ջրի պղպջակները, ուղեկցվում են շատ համատեղելի, շատ հիանալի երաժշտական թեմաներով, որն անմոռանալի հիշողություններ կթողնի խաղից հետո:
留言