top of page
Фото автораGame Over

ELEX

Խաղ, որի մասին շատ երկար եմ խոսելու: Խաղ, որի ռեվյուն գրում եմ խաղի անցմանը զուգահեռ: Սովորաբար ռեվյուները գրում եմ անցումից անմիջապես հետո: Վերջապես խաղ, որը ստիպեց ինձ փոխել իմ պատկերացումները RPG ժանրի նկատմամբ: Թե ինչը փոխեց հատկապես, կիմանաք ընթացքում: Դե ինչ, եթե պատրաստ եք այս երկար բարակ պատմվածքը կարդալ, ուրեմն գնացինք:

ELEX
ELEX

ELEX-ը համարվում է Action/RPG ժանրի խաղ, որը ստեղծվել է Piranha Bytes ստուդիայի կողմից և հրապարակվել է THQ Nordic-ի կողմից 2017 թվականին: Խաղը հասանելի է PS4, Xbox One և PC պլատֆորմների համար: Ստուդիան, որ ստեղծել է այս խաղը, Ձեզ հավանաբար ծանոթ կարող է լինել ավելի վաղ դուրս եկած հայտնի Gothic և Risen սերիաներից: Այս սերիաներում հիմնական շեշտը դրված է եղել ֆանթազիայի վրա: Փորձելով ինչ-որ նոր բան ստեղծել, հեղինակները ուղղություն են վերցրել դեպի ֆանտաստիկան, թեպետ խաղում մնացել են էլեմենտներ, որոնք հուշում են ֆանթազիայի մասին: Փաստորեն պրոյեկտ, որի սեթթինգին են պատկանում գիտա-ֆանտաստիկայի և ֆանթազիայի ժանրերը:

Խաղը սկսվում է փոքրիկ անիմացիոն նկարագրությամբ, որտեղ պատմվում է, որ Մագալան մոլորակը ենթարկվել է տիեզերական հարվածի: Երկնաքարը, որը բախվել է այս մոլորակին, ամբողջությամբ փոխել է մոլորակի հետագա ընթացքը: Չնայած այս աղետին, երկնաքարն իր հետ բերել է նոր տարր, որի մասին մինչ այդ պատկերացումներ չեն եղել: Մի տարր, որը նոր աղետ է դառնում բոլորի համար, բայց որ նույն այս բոլորը սկսում են օգտագործել այս տարրը տարբեր պահանջների համար: Այս տարրը կոչվում է Էլեքս: Այնուհետև անցում ենք կատարում նոր տեսանյութի, որտեղ այդ պահի դրությամբ մեզ անծանոթ կերպարներ խոցում են մի օդային տրանսպորտ, որի օդաչուն, ինչպես պարզվում է, խաղի գլխավոր հերոսն է: Նմանատիպ զարգացումներից հետո սկսում ենք առաջին քայլերն անել այս խաղում ու ինչպես արդեն հասկանալի է դառնում, մեզ վիճակվում է պարզել ամեն բան, թե ինչու, ում հրամանով, ինչի համար և այլն, խոցվեցինք մենք: Բնականաբար զարգացող նորանոր առաջադրանքներով ու հիմնաբանալի հանդիսացող այլ իրադարձությունների զարգացումներով: Վերջիվերջո սա RPG -է:

Ավելի հստակ լինելու համար ավելացնեմ, որ վթարից հետո գլխավոր հերոսը, որի անունը Ջաքս է և ում մենք կառավարելու ենք խաղի հետագա 50-70 ժամերի ընթացքում, կորցնում է իր հիշողությունը: Սա ևս մեկ պատճառ է և կարևոր հանգամանք թերս մեզ համար, որ խաղի սյուժեն անհայտ է մնում մեզ մինչ խաղի ավարտը, մինչ խաղի վերջնական հանգուցալուծումը: Սյուժեյի մասին կցկցտուր տեղեկություններ մենք իմանում ենք խաղի հիմնական առաջադրանքները կատարելուց հետո, երբ ամեն առաջադրանքից հետո 1-3 րոպեանոց հիշողության դրվագներ ենք ունենում անցյալից:

ELEX
Դրվագ հերոսի հիշողությունից:

Խաղի մեկնարկից մոտ 3-ից 5 ժամ հետո արդեն կարելի է որոշակի էական պատկերցումներ կազմել այս աշխարհի մասին: Նախ ասեմ, որ խաղային աշխարհը անհամեմատ մեծ է: Հսկայական մի քարտեզ, որը բաց է ամեն ձև ու պատրաստ է ուսումնասիրման ու հետազոտման համար: Մի բաց աշխարհ, որտեղ աչքդ ինչ տեսնում է, կարող ես հասնել այդտեղ: Օրինակ, դիմացում տեսնում ես հեռու մի լեռ, ու քեզ թվում է, որ դա արված է խաղային սահմանը նշելու համար, բայց հասնելով այդտեղ պարզվում է, որ ոչ միայն կարող ես բարձրանալ այդ լեռան գագաթը, այլև այդտեղից տեսնել նոր հորիզոն, որտեղ նույնպես կարող ես ոտք դնել: Աշխարհում գործում են երեք հիմնական ֆրակցիաները: Հանդիպում են այլ խմբավորումներ ևս, սակայն գլխավորներն այս երեքն են՝ բերսերկներ, թափառականներ և կլեռիկներ: Մենք կարող ենք խաղի ընթացքում միանալ այս երեք խմբավորումներից ցանկացածին: Դա արդեն կախված է խաղացողի որոշումից: Ասեմ նաև, որ գոյություն ունի նաև չորրորդ ֆրակցիան, որն ևս գլխավոր է , սակայն վերջիններին միանալ չենք կարող: Դրանք ալբերն են: Ըստ սյուժեյի մենք՝ գլխավոր հերոս Ջաքսը ալբ է եղել, ով հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ խոցվել է նույնպես ալբերի կողմից: Բնականաբար սա կասկածելի է ու դժվար իրակաան կյանքում էլ մարդ ուզենա միանալ նրանց, ովքեր ցանկացել են սպանել քեզ: Հիմնական երեք ֆրակցիաների մասին մի փոքր նկարագրություն:

Բերսերկներ - մարդիկ են, ովքեր հրաժարվել են տեխնոլոգիաների կիրառություններից ու մոլորակի հետագա փրկությունը միայն ու միայն տեսնում են Բնության մեջ: Սրանք ի տարբերություն մնացած երկու խմբավորումների, էլեքսն օգտագործում են այլ նպատակի համար: Վերջինիցս արտադրում են մանա կոչվածը, որը էլեքսի վերամշակումն է: Շնորհիվ այս նյութի, տիրապետում են մոգությանը և վերջինս հարատևում Բնության հետ: Բերսերկները նախընտրում են ավանդական զենքեր՝ թրեր, վահաններ, նետեր և այլն: Բնակվում են կանաչապատ տարածքում:

Թափառականներ - այս խմբավորման հետ կապված ես խաղի անցման ընթացքում հասկացել եմ թերս մեկ բան, որ վերջիններս ամենաանկարգներն են: Այն իմաստով, որ չունեն հստակ կարգեր, հստակ ղեկավարներ ու հստակ պլաններ առհասարակ: Թալանում են բոլորին, փորձում են իրենցով անել ամեն բան: Բնակվում են անապատային հատվածում ու գոյատևման միակ միջոցը համարում են աղբ հավաքելու գործընթացը, որը ոչ միայն ապահովում է խմբավորմանը անհրաժեշտ պարագաներով, այլև հնարավորություն ընձեռնում այլ հորիզոններ բացել և մրցակցել մյուս խմբավորումների դեմ: Տիրապետում են ինքնաշեն և մոդիֆիկացված զենքերին: Վերջիններս էլեքսն օգտագործում են որպես թե խթանող ստիմուլյատոր միջոց:

Կլեռիկներ - Ի հակառակն թափառականների, սրանք լավ կազմակերպված խմբավորում են: Ունեն հստակ պլաններ: Պաշտում են իրենց աստծուն՝ Կալաանին և հիշեցնում են ավելի շատ կրոնական խմբավորման: Թեպետ կիրառում են զենքեր, այն էլ տեխնոլոգիապես հագեցած, ինչպես նաև մարտական ռոբոտներ: Վերջիններս ունեն օրենք, որի համաձայն արգելվում է օգտագործել էլեքս անձնական նպատակների համար: Այս նյութը օգտագործում են ռոբոտների «կերակրման» և զենքերի հզորացման համար: Ամենա հզոր խմբավորումն է խաղում, եթե հաշվի չառնենք ալբերին: Կլռռիկները բնակվում են հրաբխային տարածքներում, որտեղ կառուցել են իրենց բազան, շրջապատված անանցանելի քարերով ու լավաներով:

ELEX
Իգնադոն: Կլիռիկների բնակատեղին

Ինչպես նկատեցիք, բոլոր խմբավորումների համար էլ կարևոր դերակատարում ունի էլեքսի օգտագործումը և դա այդպես էլ կա: Սա մի նյութ է, որից կախված են բոլորը: Օգտագործում են, ինչպես թմրանյութից կախվածություն ունեցող մարդիկ: Հատկապես դա ցայտուն արտահայտված է ալբերի մոտ: Վերջիններս սույն նյութն օգտագործում են հզորանալու համար: Շատ օգտագործումից նրանց կերպարանքը և մաշկի գույնը պատկերված է սպիտակ: Թեպետ հզորացմանը, վերջիններս կորցնում են իրենց հուզականությունն ու առհասարակ վերածվում են մեքենաների: Սակայն նշեմ, որ այս խմբավորման մոտ էլեքսի գլխավոր օգտագործումը մեկ գլխավոր նպատակի համար է տեղի ունենում: Այս խմբավորմանը կառավարում է Հիբրիդը, ով ամենակարող է, կարող է տեսնել ապագան, կարող է ղեկավարել իրեն ծառայող բոլոր ալբերին և ամենահզորն է, թեպետ վերջնական կռվի ընթացքում չես ասի, թե ամենահզոր արարածը հենց Հիբրիդն է: Ասեմ նաև, որ բոլոր երեք խմբավորումներն էլ փորձում են առավելություն ունենան մեկը մյուսի հանդեպ, թե տարածքային և թե առաջատարի դիրքով: Իսկ այս նոտայի վրա առավել շատ սույն բանին ձգտում է հասնել Հիբրիդը, փորձելով իրեն ենթարկել ամբող Մագալան մոլորակը, որի պատճառները մենք իմանում ենք վերջում:


Հիբրիդ


Խաղի գեմյփլեյը հարուստ է տարատեսակ հնարավորություններով, որոնց զգալի մասը հասանելի է դառնում խաղացողին խաղի սյուժեյի զարգացմանը զուգահեռ: Խաղը երրորդ դեմքից է, սակայն հնարավոր է մոտիկացնել կամ հակառակ՝ հեռացնել ներխաղային տեսախցիկը, այդկերպ ինքնուրույն կարգավորել խաղի հարմարավետությունը: Ինչպես նշեցի վերևում, խաղային աշխարհը հսկայական է: Այն բաժանված է չորս հիմնական մասերի, որոնք ունեն իրենց յուրահատուկ կլիմայական պատկերը: Հանդիպում են կանաչապատ տարածքներ, սարեր, ձորեր, անտառային հատվածներ: Այնուհետև մյուս հատվածում մեր առջև բացվում է անապատային տարածքները, քիչ բուսականությամբ ու շատ ավազով: Մյուս տարածքում կարող ենք հանդիպել լավայապատ դաշտերին, որոնց մոտենալը բավական վտանգավոր է: Իսկ չորրորդ հատվածում տիրում է ձյունապատ սառնամանիքը, որտեղ նույնպես երկար գտնվելը վտանգավոր է: Խաղային քարտեզի մեծությանը չնայած այստեղ տրանսպորտային միջոցներ մենք չունենք: Ինչ եղել է, մնացել է Նախորդ աշխարհում, ինչպես ընդունված է ասել այստեղ: Արագ տեղաշարժի համար քարտեզի տարբեր հատվածներում տեղադրված են տելեպորտի կայաններ, որոնց ակտիվացման համար հարկավոր է նախ և առաջ հասնել այդտեղ ի սկզբանե: Այսինքն խաղի սկզբանական հատվածում այսպես թե այնպես խաղացողը ստիպված է լինում զգալի հատված անցնել ոտքով, ընդորում ոչ մեկ անգամ: Թեպետ ոտքով քայլելն ունի իր յուրահատուկ հետաքրքրությունը, քանի որ մի կետից մյուսին հասնելու ժամանակ կարող ես գտնել շատ հետաքրքիր վայրեր, նյութեր, գաղտնիքներ և այլն: Որպես օգտակար միջոց առկա է նաև ռեակտիվ սարքը, որը անպակաս է խաղային կերպարից: Այս սարքը հանդիսանում է խաղի հիմնաբանալիներից մեկը և անանցանելի տարածքներում կարող է լուրջ օգնություն ցուցաբերել: Թույլ է տալիս կարճ ժամանակով, մոտ 5 վայրկյան, թռիչք կատարել դեպի վերև, դժվարահաս վայրերը դարձնելով հեշտ: Նույնքան ժամանակահատվածում էլ ինքնուրույն վերալիցքավորվում է: Այս հսկա աշխարհը բազմազան է նաև իր կենդանական աշխարհով: Պարզապես այս կենդանիները սովորական չեն: Կարող ենք հանդիպել հսկա սարդանման հրեշների, արնախում գայլանման արարածների, հսկա ցիկլոպների, ռապտորների, այլ գիշատիչ ու մեծ մողեսների և շատ ու շատ այլ տեսակի հետաքրքիր կենդանական արարածների ու մուտանտների: Նշեմ, որ խաղի սկզբնական հատվածում, անգամ առաջին 10 ժամերի ընթացքում անկախ խաղի նշանակած բարդության մակարդակից, այստեղ «զբոսնելը» ահավոր դժվարություններ կարող է ստեղծել, հատկապես երբ քո դիմաց դուրս է գալիս ցանկացած տեսակի կենդանի: Ես բազմիցս լուրջ դժվարությունների եմ հանդիպել խաղի ժամանակ կռվի մեջ մտած այս կենդանիների հետ: Հետզհետե, սյուժեյի զարգացմանը զուգահեռ խաղացողը ձեռք բերում նոր պարագաներ, կարողանում է գնել նոր զենքեր, հզորացնել կամ փոխանակել այլ ու այլ ավելի ուժեղ թրերի, զենքերի հետ, որոնցով կռվելը դառնում է ավելի հեշտ, հաճելի ու ինքնավստահություն է հաղորդում: Թեպետ կան հազվադեպ հանդիպող հրեշներ, հատկապես երկվոտանի, որոնց համար անգամ ամենաուժեղ զենքը կարող է խնդիրներ առաջացնել խաղացողի համար: Զենքերի հզորացման կամ թեկուզ նոր ավելի արդյունավետ համազգեստներ ձեռք բերելու համար հարկավոր է նախ և առաջ ստանալ համապատասխան ունակությունները:

Աշխարհի մեծությանը չնայած, այս խաղում բացարձակապես չկան խաղային դադարներ: Այսինքն եթե մեկ լոկացիայից մյուսն ենք անցնում, չկա համապատասխան բեռնում: Սրան մեծ կարևորություն եմ տալիս, քանի որ թողնում է մնալ խաղում, չի կտրում խաղային մթնոլորտից:

Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից մի քանիսը


Անձամբ իմ մոտ հատկապես զենքերի մոդիֆիկացման հնարավորության ունակությունն ակտիվացրել եմ բավական ուշ, մոտ 50 ժամ խաղալուց հետո միայն ու որոշ դեպքերում սա բարդույթներ է առաջացրել: Խաղային հերոսի մոտ կա բնավորության գծեր, որոնք նույնպես ենթարկվում են համընթաց կատարելագործման ու որոնք նույնպես լուրջ դեր ունեն խաղում: Օրինակ կարելի է հզորացնել ուժը, հզորացնել ճարպիկությունը, խարիզման և այլն: Իմ կողմից խորհուրդ եմ տալիս դրանք կատարելագործել միաժամանակ, միմյանց հետ զուգահեռ, որովհետև բոլոր կետերն էլ շատ կարևոր են առաջադրանքների կատարման համար: Բացի այս հիմնական բնավորության կետերից կան նաև այլ ունակությունների ակտիվացման հնարավորություններ, որոնք լրացուցիչ հնարավորություն կարող են տալ խաղացողին: Վերջիններս կարող ենք ակտիվացնել համապատասխամ ուսուցչի մոտ: Ինձ համար սրանք թերևս ավելի առաջնային էին, քան հիմնական բնավորության կետերը: Օրինակ այս ունակություններից կարող է լինել քիմիայի օգտագործումը, որի իմացությունը կարող է օգտակար լինել այդ ոլորտում, կամ ասենք մոդիֆիկացման հնարավորությունը, որը թույլ է տալիս կատարելագործել զենքերը: Այս առումով պարզապես մի փոքր անհասկանալի է մնում ինձ համար այն, որ սույն ունակությունների համար վաստակած միավորները կարող ենք ստանալ շատ դանդաղ տեմպով: Այս պահին, դեռ հիմա էլ խաղում եմ և խաղում անցկացրած 75 ժամից հետո ակտիվացրել եմ շատ քիչ թվով լրացուցիչ ունակություններ, որոնք եթե ընդհանրացնեմ, դժվար թե կեսի չափով ակտիվացրած լինեմ:

Փոքրիկ լրացում կատարեմ աշխարհի վերաբերյալ: Ես մոռացա վերևում նշեմ, որ խաղում կերպարը կարողանում է քայլել, վազել, արագ վազել, թռչել, լողալ, հաղորդակցվել այլ NPC-ների հետ, բարձրանալ կախասանդուղքներով և այլն: Խաղում գոյություն ունի օրվա փոփոխություն, որը սկսվում է առավոտվանից և վերջանում է կես գիշերով: Սրանց արանքում կա նաև կեսօր և երեկո: Օրվա ընթացքում կարող է տեղալ անձրև կամ ձյուն, կախված համապատասխան տարածքից: Օրվա փոփոխությունը կարող ենք կատարել ինքնուրույն, եթե որոշենք մոտակա թաքստոցում գիշերել: Այդ դեպքում խաղը մեզ առաջարկում է սույն չորս տարբերակը, թե որ հատվածից շարունակենք, այնուհետև մեր հերոսը պարկում է քնելու: Ի միջիայլոց, եթե մինչ պարկելը հերոսի մոտ կյանքերի ցուցիչը ենթադրենք լցված է կիսով չափ, խաղի պահպանումից հետո, որ նույնն է պարկելուց հետո, լցվում է ամբողջապես: Լավ տարբերակ է, եթե ձեռքի տակ չկա համապատասխան միջոցները կյաքնի ցուցիչը լցնելու համար կամ պարզապես խնայում եք ունեցածը: Իհարկե, սա այն դեպքում, եթե մոտակայքում կա թաքստոց, այն էլ պարկելու հարմարանքով:

ELEX
Քնապարկերից մեկը, որտեղ կարող ենք պահպանել խաղը

Խաղի մարտական համակարգն առաջարկում է կռվել մոտ տարածությունից, եթե զենքի տեսակ ենք օգտագործում թրանմանները և կամ հեռու տարածությունից, եթե ձեռքի տակ ունենք հրազենային զենքեր, նետեր կամ մոգական ուժեր: Լրացուցիչ ունակության դեպքում կարող ենք հարված հասցնել նաև վերևից, օգտագործելով ռեակտիվ սարքը՝ ջեթ-պակը: Անկախ նրանից, թե որ խմբավորմանն ենք որոշում միանալ, մենք կարող ենք ցանկացած ժամանակ գնել ու միաժամանակ մեր տրամադրության տակ ունենալ ցանկացած տեսակի զենք: Զինային արսենալն այս խաղում բավական մեծ է: Յուրաքանչյուր զենք ունի իր յուրահատկությունը: Ընդհանրապես ամեն զենք ունի այսպես ասած իրեն համապատասխան թիրախը: Օրինակ կան զենքեր, որոնք լավ տարբերակ կարող են հանդիսանալ հզոր հրաշների դեմ իսկ նույն այդ զենքը կարող է ոչ արդյունավետ լինել ավելի թույլ հակառակորդների մոտ: Զենքերի պահով առհասարակ կարելի է սեփական փորձերն անել ու ընտրել համապատասխան տարբերակը, որը կգտնվի առավել նպաստավոր: Կան նաև զինամիջոցների տեսակներ, որոնք կռվելու ընթացքում կարող են լրացուցիչ օգտակարություն տալ: Դուք կռվում եք թրով, բայց նույն միջոցին ակտիվացնելով նման տեսակի զինամիջոցներից մեկը, վերջինս, օրինակ կարճ ժամանակով կարող է հարված հասցնել մոտակա հակառակորդներին՝ ետ շպրտելով նրանց կամ մի քանի վայրկյանով զրկելով նրանց հարվածներ հասցնելու կարողությունից: Հավելյալ ավ օգնական կարող են լինել օրինակ դռոնները: Ի դեպ օգնականների մասին: Խաղի անցմանը զուգընթաց Ջաքսը ձեռք է բերում նոր ընկերներ: Ի տարբերություն մնացած կերպարների, այս հերոսները ցանկացած ժամանակ մեր հրամանով կարող են միանալ մեզ ու միասին կատարել առաջադրանքները: Սա շատ լավ է, երբ հատկապես բարդ առաջադրանքներ ենք կատարում ու հասկանում ենք, որ տվյալ դեպքում մենք կռվելու ենք թվով շատ հակառակորդների հետ: Շարունակեմ միտքը սույնի հետ կապված - խաղում կարող ենք հիմնական բարդության մակարդակից բացի կարգավորել նաև այն, թե հակառակորդների դեպքում քանի հոգին են կարող միաժամանակ հարվածել մեզ: Կամ այնպես անել, որ հակառակոդներին նշմարող համակարգն աշխատի ինքնուրույն: Ու նման այլ կարգավորումներ: Հիմնական զենքերից բացի մենք կարող ենք հակառակորդին վնասազերծել այլ միջոցներով, որոնք «աշխատում» են այսպես ասած էնեգիայի հաշվին: Ունենք երեք ցուցիչների սանդղակ: Առողջական, որը ցույց է տալիս կերպարի կյանքերի քանակը: Ունենք շրջանաձև ցուցիչ, որը պատկերում է հարվածների պահին ծախսած էներգիայի քանակը: Վերջինս եթե վերջանում է, խաղացողը չի կարողանում այլևս հարվածներ հասցնել: Այն լցվում է ինքնուրույն, եթե մեկ-երկու վայրկանով դադարենք կտրուկ գործողություններ անլեուց: Ու ունենք ևս մեկ ցուցիչ, որն էլ թույլ է տալիս հարվածներ հասցնել օրինակ մոգական ուժի միջոցով: Միայն թե այն ինքնուրույն ոչ մի դեպքում չի լցվում: Հարկավոր է այն ավելացնել համապատասխան «պռեպարատի» օգտագործումով: Այս երեք ցուցիչները մշտապես գտնվում են մեր տեսադաշտում՝ խաղային ինթերֆեյսում: Կա ևս մեկը, որը հայտնվում է կռվելու ժամանակ միայն, մասնավորապես հարվածներ հասցնելուց: Ի տարբերություն պակասող ցուցիչների, այս մեկը ավելանում է կռվելու պահին ու եթե հասնի եզրագծին, ապա կկարողանանք կատարել հուժկու հարված, որով կկարողանանք եթե ոչ սպանել, ապա կյանքերի մեծ մասը տանել հակառակորդից: Լավ բան է :

Ինթերֆեյսում տեսանելի է նաև մինի քարտեզը, որը սակայն միայն ցույց է տալիս որոշ կերպարների՝ տարբեր գունավորմամբ և առկա համապատասխան ունակության դեպքում հակառակորդներին: Աշխարհագրական տեղանքներ այստեղ չի ցուցադրվում, ինչպես օրինակ լանդշաֆտների փոփոխությունը կամ կառույցները: Իսկ ինթերֆեյսի ներքին հատվածում, մեջտեղում մեր առջև տեսնում ենք այն զինապահեստը, որոնք կարգավորել ենք ըստ մեր հայեցողության: Ստեղնաշարի 0-ից 9-ը թվերը ներառյալ կարող ենք օգտագործել այստեղ՝ արագ հասանելիություն ունենալով այս կամ այն զենքին կամ պարզապես հարկավոր պարագաներին: Ցանկացած պահի կարող ենք խաղի կարգավորումներից անջատել ամբողջ ինթերֆեյսը:

Ինթերֆեյսը տարբեր վիճակներում


Խաղի համար կարևոր նշանակություն ունի հերոսի ձեռքին ամրացված հիմնական ինթերֆեյս-սարքը, որի միջոցով հասանելիություն կարող ենք ունենալ մի շարք բաժիններին: Հենց այստեղից ենք ակտիվացնելու վաստակած միավորները բնավորության գծերը կատարելագործելու համար: Այստեղից ենք կարողանալու ընտրել մեր ձեռքում ունեցած զենքերը, դասավորել դրանք, ստանալ զենքերի մասին ինֆորմացիա և այլն: Հենց այստեղ են գտնվում այն պարագաները, որոնք մենք հավաքում ենք խաղի ընթացքում: Այլ կերպ ասած ինվերտարը նույնպես այս կերպ է ակտիվանում: Առաջադրանքների ընտրությունը նույնպես այստեղ է: Մի խոսքով գլխավորը, ինչ տեղի է ունենում խաղում, կարող ենք գտնել այստեղ: Այստեղից կարող ենք հասանելիություն ունենալ նաև քարտեզին: Հավաքած պարագաները կարող ենք ծառայեցնել մեզ համար կամ պարզապես դրանք վաճառել համապատասխան վաճառականների մոտ, որոնք հիմնականում կամ գտնվում են բնակավայրերի մոտ կամ էլ քիչ դեպքերում հանդիպում են ճանապարհներին: Իսկ հավաքած պարագաների թվում կարող են լինել զանազան տեսակի իրեր, զենքեր, կարևոր առարկաներ, որոնք հանդիսանում են ինչ-որ առաջադրանքի հիմնաբանալիներ: Կարող ենք գտնել նամակներ, որոնք իրենցից ներկայացնում են տեղեկություն աշխարհի մասին: Լավ միջոցներ են խաղի մասին լրացուցիչ ինֆորմացիա ստանալը: Հենց նմանատիպ նյութերն են ամբողջապես ստիպում խաղացողներին, համենայնդեպս ինձ, խորասուզվել խաղի մեջ ու ամբողջականացնել խաղի մթնոլորտը: Թեպետ գտնվեցին իմ կողմից նաև այնպիսի գրություններ, որոնք անհասկանալի մնացին ինձ իրենց նշանակությամբ:


Գրաֆիկայի հետ կապված կարող եմ ասել, որ սա առաջատար խաղ չէ ու պետք չէ սպասել այս պրոյեկտից կատարյալ գրաֆիկա, ինչպես օրինակի համար վերցնենք Crysis 3 կամ Far Cry 5 խաղերը: Բայց և պետք էլ չէ հասկանալ, թե այս խաղը չի կարող զարմացնել իր գեղեցկությամբ: Իր հսկա ու բաց աշխահում կարող ենք հադիպել այնքան գեղեցիկ վայրերի, որ խաղի գլխավոր նշանակությունը թողած ընկնում ենք սքրինշոթեր անելու ետևից: Իսկապես, կան վայրեր, որ սքրինշոթ չանելն ինձ համար մեծ մեղք կլիներ:

Առհասարակ հետազոտման համար մեծ թվով ժամանակ է գնում կարծում եմ, ամեն վայրում կարող ես գտնել մի շինություն, որը մեծ հատաքրքրություն կարող է ներկայացնել, հատկապես երբ լրացուցիչ պարագաներ կարող ես գտնել այդ վայրում: Լավ մշակում եմ նկատել լույսի և ստվերների առումով, որոնք հատկապես աչք են շոյում երեկոյան հատվածում, նամանավանդ անձրևային եղանակին: Այդ պահերը խաղում աննկարագրելի գեղեցկություն են փոխանցում ու մոռացնել տալիս կողմնակի ամեն ինչ:

Խաղում լուրջ թերության կարելի է հանդիպել անիմացիաներում: Իհարկե պետք է հասկանանք, որ այս խաղում չարչարվել են 25-27 մարդուց բաղկացած թիմ, բայց արդարության համար ասեմ, որ ինչ-որ տեղ անիմացիան կարող է փչացնել ու շեղել խաղում խորասուզվելուց:

Նշեմ նաև, որ խաղը լավ օպտիմիցացված է ու համենայնդեպս ես խնդիրներ չեմ ունեցել: Թեպետ և պետք է ավելացնեմ, որ պահանջկոտ պրոյեկտ չէ ու համարձակորեն կարող եք խաղալ, եթե ունեք թույլ համակարգիչ: Ամեն դեպքում մինիմալը կա ու կա:


Ինչ վերաբերվում է առաջադրանքներին: Այս խաղում շատ շատ են առաջադրանքները և քվեստները: Ամեն կերպարին հանդիպելուց կարող ես վերջինիցս ստանալ ինչ-որ առաջադրանք: Թեկուզ դա լինի ոչ կարևոր հերոս, միևնույն է, նա կարող է ինչ-որ պատմություն սկսել ու արդյուքնում դա վերածվի առաջադրանքի: Իհարկե կան նաև այնպիսի առաջադրանքներ, ըստ որի պետք է հավաքենք ենթադրենք մի տաս էլեքս ու բերենք այդ կերպարին տանք, բայց ոչ բոլոր առաջդարանքներն են այս բնույթի: Անգամ կարող է առաջին հայացքից այդ առաջադրանքը թվալ ոչ էական, բայց կատարելուց հետո հանկած տեսնում ես, որ բացվել է նոր առաջադրանք, որն արդեն կապ ունի հիմնական սյուժեյի հետ: Այս խաղում առաջադրանքները շատ փոխկապակցված են միմյանց հետ, այնպես որ ամեն առաջադրանքի հարկավոր է ուշադրություն դարձնել: Իսկ հիմնական առաջադրանքները և ոչ միայն, այս թվում նաև քվեստները, կարող ենք ավարտին հասցնել մի քանի եղանակներով, կախված ընտրված տարբերակից, խաղի հետագա ընթացքը կունենա փոփոխություն: Կարող ենք ամեն բան, ենթադրենք ավարտել կռվով ու բոլորին սպանելով, կամ պարզապես բանակցել ու ընդհանուր հայտարարի գալ: Կամ վերջինիս կաշառել, սպառնալ և այլն: Ասեմ նաև, որ ամեն որոշում լուրջ հետևանք կարող է թողնել այս կամ այն հանգամանքի վրա: Շատ կերպարներ, այդ թվում նաև գլխավոր հերոսները, կարող են սպանվել մեր կողմից: Իսկ եթե որոշենք սպանել խաղի համար ինչ-որ կարևոր հերոսի, ապա վերջինիս հետ կապված ամեն բան իսպառ կոչնչանա: Իսկ դա այդքան էլ հետաքրքիր չի լինի կարծում եմ, երբ հասարակ ինչ-որ բանի համար զրկվենք 10-15 նոր հետաքրքիր առաջադրանքներից:

ELEX
Մագալանը գիշերով

Լինի խաղ թե ֆիլմ, կամ թեկուզ մեկ այլ ստեղծագործություն, մեծ դերակատարում այդ բանում կարող է ունենալ երաժշտությունը: Թույլ մասերից այս խաղում դա հենց խաղի երաժշտությունն է: Թույլ այնքանով, որ թեպետ ամեն ֆրակցիայի, ամեն իրավիճակի համար, ամեն եղանակին համահունչ գրվել է համապատասխան երաժշտական ֆոնը, բայց տպավորող ու հիշվող բան չկա դրանում: Այս տողերը գրելու ընթացքում արդեն ավարտել եմ խաղը, բայց երաժշտությունից փաստորեն ոչինչ չեմ հիշում: Միակ քիչ շատ հետաքրքիր կոմպոզիցիան խաղի վերջնահատվածում հնչած ստեղծագործությունն էր:

Նույն այս թերությունները որոշակիորեն կարելի է վերագրել նաև հնչյունային մասին: Կան ձայներ, որոնք շատ շքեղ են արվել, օրինակ հրեշների մոտ հատկապես, ամեն կենդանի իր յուրահատուկ ձայնն ունի, իսկ կան հատվածներ, երբ լռությունն հանկարծակի կարող է խախտել ինչ-որ խշխշոց կամ անձրևի ձայն, բայց արդյուքնում տեսանելի ոչինչ չես նկատում:


Խաղի սյուժեն ամենա լավ հատվածերից մեկն է: Բնականաբար չեմ բացի չակերտները, որպեսզի սփոյլեր չանեմ, բայց անչափ հետաքրքիր պատմություն կարող է տալ խաղի սյուժեն, որն ունի անսպասելի շրջադարնձներ: ELEX-ի սոյուժեն սիրում է խաղալ հենց խաղացողի հետ: Թվում է, թե դու գնում ես «ճիշտ» ուղղությամբ, կատարելով ինչ-որ մի որոշում այս կամ այն առաջադրանքի ժամանակ, բայց հանկարծ պարզվում է, որ դա բոլորովին էլ այն չէ, ինչին դու սպասում էիր: Ու սա շատ լավ է, գիտեք, քանի որ ամեն պահի խաղը կարող է զարմացնել քեզ իր-ոչ ստանդարտ մոտեցումով: Նշեմ, որ խաղի ավարտից հետո թեպետ ամբողջ պատմությունը հասկանալի է դառնում, բայց սյուժեն չի ավարտվում ու ես կարծում եմ, որ խաղի երկրորդ մաս հնարավոր է և տեսնենք, որին կսպասեմ իհարկե այդ դեպքում:


Ես դեռ շատ երկար կարող եմ խոսել ու պատմել այս խաղի մասին: Բայց կարծում եմ ժամանակն է ընդհանրացնել, առավել ևս սա իմ կողմից գրված ամենաերկար ռեվյուն էր փաստորեն: Վերջում կուզենայի ասել ևս հետաքրքիր մի բան: Ես անձնավորություն եմ, որը երբեք չի խաղացել RPG ժանրի խաղ ու այլ աչքով եմ առհասարակ նայել այս ժանրին: Հա, ես անգամ չեմ խաղացել The Witcher-ը: Այդպեսել է լինում: Դե այս տարի սկսել եմ սերիան, արդեն առաջին մասն անցել եմ, հիմա էլ նույն առաջին մասի ընդլայնված տարբերակն եմ փորձում: Սույնի վերաբերյալ հետագայում կանդրադառնամ: Ինչ է ասելիքս: Ես ծանոթ չեմ եղել RPG ժանրին ու ELEX-ից հետո վստահորեն նշում եմ, որ ափսոսում եմ, ավելի վաղ ժանրին չծանոթանալու համար: Անգամ ցուցակումս կան արդեն ատուկ ընտրված խաղեր համապատասխան ժանրից: Ու եթե Դուք էլ ինձ նման խաղացող եք, ապա խորհուրդ կարող եմ տալ այս խաղից էլ սկսել: Իհարկե սա անձնական, քանի որ կարող եք ասել, եթե ժանրին ծանոթ չեմ, ապա պետք է սկսել հենց The Witcher 3-ից: Ես չեմ խաղացել այդ խաղը, բայց քաջ ծանոթ եմ իր նշանակությանը ու շտապեմ ասել, որ այս երկու խաղերը միմյանց հետ չափազանց սխալ է համեմատել:

Դե ինչ, ես սիրեցի այս խաղը, սիրեցի այս ժանրը նույնպես: Ինձ համար այս խաղը յուրահատուկ պրոյեկտ էր, որն ամեն խաղից դուրս գալուց հետո անմիջապես, կարծես ձգում էր իրեն, կարծես ստիպում էր շարունակել հետազոտել աշխարհի ամեն անկյունը, ամեն վայրը, որտեղ միշտ հետաքրքիր որևէ բան կգտնվեր: Այս խաղը հասկանալու համար պետք լինել մի փոքր համբերատար: Ես առաջին երկուսից հինգ ժամերը բավական դժվարությամբ էի խաղում: Ոչ նրա համար, որ դժվար էր խաղը, այլ նրա համար, որ անհասկանալի էր առհասարակ ամեն բան, առավել ևս, որ ժանրը մինչ այդ իմը չէր եղել: Բայց գնալով ակամայից հասկանում էի, որ այստեղ կա թաքցված մեծ հետաքրքրություն, որը ժամ առ ժամ ավելի ու ավելի էր ամրապնդվում: Ու վերջապես խաղը հաղթեց ինձ: Ու շատ լավ է, որ այդքանից հետո սյուժեն, պատմությունը հուսախաբ չարեցին: Վերջ, ավարտեցի: Չգիտեմ ովքեր կարդացին ու ովքեր համաձայնվեցին և կամ ովքեր էին առհասարակ խաղին ծանոթ, բայց ես կատարեցի իմ պարտքն այս խաղի հանդեպ ու հիմա երևի թե կսպասեմ խաղի երկրորդ մասին:



9/10

22 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comentarios


bottom of page