Հանրահայտ խաղային սերիայի թվով 14-րդ մասը, թողարկված 2016 թվականին: Նախագծումը կատարվել է DICE ստուդիայի կողմից, իսկ հրատարակումն ինչպես միշտ պատկանում է Electronic Arts-ին: Թեպետ խաղն անձամբ խաղացել եմ 2019-ին, բայց հիշում եմ, թե ինչպես անգամ խաղի թրեյլերը մեծ աղմուկ բարձրացրեց գեյմ աշխարհի տարբեր ծայրերում, իր էպիկ ու թույն տեսարաններով: Եկեք հասկանանք, թե խաղն է՞լ ինքնին այդպիսին էր, թե ընդամենն առաջին տպավորությունն էր ազդեցիկ:
Սյուժե
Մինչ սյուժեյից որոշ տեղեկություններ գրելը կուզենայի նշել, որ խաղը չի հանդիսանում թվային շարունակությամբ 5-րդ մասը ու այստեղ հեղինակները բավական լուրջ են մտածել: Խաղին որպես համարակալում տրված է 1 թիվը, որը կարելի է հասկանալ մի քանի իմաստով: Քանի որ սյուժեն ծավալվում է Առաջին Համաշխարհայինում, պարզ կարելի է ասել, որ 1 թիվը հենց դա էլ նշանակում է: Մյուս կողմից համարակալումը կարելի է հասկանալ որպես թե սերիայի վերաթողարկում, վերամեկնարկ ու սա արդեն հասկանալի կդառնա, երբ սկսեք խաղալը: Առաջին հայացքից քիչ բան կարող է դա նշանակել, բայց ահա երբ սկսում ես խաղալ ու էլ չասեմ հասնում ես ավարտին, գիտակցում ես, որ այո, սա սերիայի իսկական վերամեկնարկ էր:
Սյուժեն ընդգրկում է վեց առանձին պատմություններ, հիմնված իրական փաստերի ու իրադարձությունների վրա, վերցված Առաջին Համաշխարհայինից: Վեց առանձին պատմություն, որը մեզ ներկայացնում է պատերազմի ընթացքը տարբեր վայրերում, իրավիճակներում և տարբեր մարդկանց պատմություններով: Վեց պատմություն, որ դեռ երկար կարող է պահպանվել հիշողությունում խաղացողի, եթե վերջինս էլ ինձ նման «թուլություն» ունի ի դեմս հուզիչ ու միաժամանակ լավ ներկայացվող իրադարձությունների:
Խաղային մեխանիկա
Սերիայի նախորդ խաղերի նման այս մասում կրկին անգամ գործ ունենք առաջին դեմքից ընթացող շութերի հետ: Զինատեսակները, ինչպես նաև տրանսպորտային տեխնիկաները, որոնք ընդգրկում են ցամաքային, օդային և ծովային տարածքները, նույնպես հիշատակում են մեզ Համաշխարհային տարիներին ստեղծված մոդելները: Ես չեմ խաղացել մուլտիփլայերը, բայց սինգլում էլ հեղինակները հնարավորություն են ընձեռնել առաջադրանք կատարել տրանսպորտով: Ընդորում մեկ ամբողջ առաջադրանք հատկացնելով գրեթե յուրաքանչյուր տրանսպորտին: Նման առաջադրանքները մեծ բավականություն կպարգևեն անգամ ամենաքմահաճ խաղացողին, կարծում եմ:
Ընդհանրացում
Ընդհանուր առմամբ սերիայի սույն մասն ինձ համար ավելի քան դրական էմոցիաներ է պարգևել: Իրավամբ համարում եմ, որ սա իսկապես սերիայի վերամեկնարկ է բառի ամենա ուղղակի իմաստով: Գրաֆիկայի մասին լռում եմ, ընդամենը նշելով, որ շքեղ է ամեն բան: Լոկացիաները, տեսարանները, որոնք անդադար շարժման մեջ են գտնվում, հեղինակների լուրջ աշխատանքի արդյունքն են հանդիսանում: Կերպարների անիմացիան կատ սցենաներում և ոչ միայն, այս ամենը ամբողջական են դարձնում լուրջ խաղի պատկերը: Պակաս վատ չէ նաև սցենարը, բայց հատկապես պետք է նշել խաղի երաժշտական մասը ու առանձին նաև ձայնային էֆեկտներն առանձին վերցված: Իմ սենյակը համալրված է սաբվուֆերներով ու այս ձայնային էֆեկտների ամեն մի հնչյուն, ամեն մի նոտա համապատասպան որակով հասանելի է դառնում ականջին, որը անասելի հաճույք է պատճառում խաղացողին: Այստեղ հարցն այն է, որ հնչյունային աշխատանքը լրացուցիչ դրական էմոցիաներ է հաղորդում ու առանձին ողջունելու առիթ՝ հեղինակներին:
Չնայած իմ այս ռեվյուն զարմանալիորեն հակիրճ ստացվեց, բայց այսքանն էլ բավական էր ինձ համար, որ Ձեզ հայտնեյի խաղից ստացած տպավորություններս, որը, ինչպես արդեն հասկացաք, շատ դրական են: Բաթլայի սույն սերիան ինձ համար ոչ միայն սերիայի ամենա բարձր գնահատական ստացած պրոյեկտն է, այլ երևի թե այս պահին ամբողջ իմ խաղային կարիերայի ընթացքում ինձ հանդիպած լավագույն շութերներից մեկը, եթե ոչ առաջինը:
9.8/10-ից
❤✔
Comments