top of page
Фото автораGame Over

Far Cry 5

Ubisoft-յան հերթական պրոյեկտը: Սերիայի հինգերորդ խաղը: Պրոյեկտ, որը թողարկվեց այս տարվա՝ 2018 թվականի մարտից: Նախագծումը և հրատարակումը պատկանում է ընկերությանը: Փորձենք հասկանալ, թե ինչ տպավորություններ ստացանք այս խաղից, որի անցումն ավարտեցինք անցած շաբաթվա ընթացքում:

Far Cry 5
Խաղի գլխավոր հակահերոսը

Նախ սկսենք սյուժեյից և սեթթինգից: Այս անգամ գործողությունները տեղի են ունենում իրականությունում, Մոնթանա նահանգում: Սիրուն մի աշխարհ, բաց ամեն տեսակ զբաղմունքների համար, ինչպես սովորաբար դա բնորոշ է սերիայի խաղերին: Իսկապես կարելի է զմայվել խաղի գեղեցկությամբ: Խաղի տված հնարավորությամբ: Թեպետ Մոնթանան գեղեցիկ վայր է, բայց այստեղ շատ վտանգավոր է ապրելը: Ինչպես հասկանում ենք խաղի առաջին իսկ վայրկյաններից, սույն տարածք են մուտք գործել ինչ-որ խմբավորումներ, որոնք իրենց անվանում են «Էդեմի դարբասներ» և հանդիսանում են կրոնական սեկտա: Վերջիններիս գլխավորողը՝ Իոսիֆ Սիդն իր ընտանիքի մյուս անդամների և մեծ թվով համախոհների հետ միասին հավատացնում են բոլորին, որ երկրին սպասվում է ապոկալիպսիս ու միակ փրկությունը դրանից, իրենց միանալն է: Այո, մի խելագար, որի խարիզման կարելի է տեսնել խաղի հետագա ընթացքում: Իսկ մենք, խաղացողներս սկսում ենք խաղը այն բանից, որ որպես թե տեղի շերիֆի օգնականներ գալիս ենք այս անկարգություններին վերջ դնելու՝ ձերբակալելու Սիդին: Բայց ինչպես պարզվում է, սույն անձնավորությունն ավելի քան սարսափազդու էր, քան թե կպատկերացնեինք: Մի խոսքով ինչ-ինչ գործողություններից հետո անձամբ ենք դառնում նրա պատանդը՝ կորցնելով այն առավելությունը, որն ունեինք մինչ այդ պահը ու մնալով Մոնթանա նահանգի գեղեցիկ ու վտանգավոր աշխարհում: Քանի որ մենք օրենքի ներկայացուցիչ ենք, ամեն դեպքում մեր պարտքն է լուծում տալ այս վիճակին՝ թեկուզ սպանելով այն բոլորին, ովքեր դեմ դուրս կգան մեզ:


Խաղի իրադարձությունները մենք տեսնում ենք առաջին դեմքից, այսինքն շութեր առաջին հայացքից: Խաղային մեխանիկան հարուստ է տարբեր էլեմենտներով: Որոնք իրենց հերթին լի են տարաբնույթ հնարավորությունների առկայությամբ ու նորամուծություններով, որոնք առաջին անգամ կարող ենք տեսնել հենց այս մասում: Նմանատիպ նորամուծություններից է օրինակ կերպարի կաստոմիզացիայի հնարավորությունը, թեպետ խաղը տեղի է ունենում մեր իսկ աչքերով ու չենք կարող տեսնել թե ինչ հագուստ է հագել հերոսը, անգամ կատ-սցենարներում, այնուամենայնիվ նախատեսված է նրա համար մեծ թվով հագուստի ընտրություններ՝ կոշկեղեն, վերնաշապիկներ, գլխարկներ, ձեռնոցներ և այլն: Կարող ենք ընտրել ցանկացածը, գնել ցանկացածը ու մտածել, որ մեր հերոսի հագին այն է, ինչ մենք ուզեցել ենք լինի այդ «պահարանից»: Զենքեր և զինատեսակներ - որքան ուզենք: Նորամուծություն այս առումով կարող ենք տեսնել ոչ միայն զենքերի մոդելների մեջ, այլև օրինակի համար ինչ-որ խողովակներ, բեյսբոլի փայտեր, բահեր, կաստետ այս թվում և այլն: Եթե չեմ սխալվում, առաջին զենք որպես այդպիսին մեզ առաջարկում են օգտագործել ծառի ճյուղը, որը հետագայում ևս մեզ համար հասանելի է անհրաժեշտության դեպքում: Բնականաբար հետագայում այս զենքերը, խոսքը հրազենային տեսակներին է վերաբերվում, կարող ենք մոդիֆիկացնել, գունավորել: Զինատեսակների հետ միասին այս խաղում, մեր արսենալում կարող են գտնվել նաև կարթեր, որոնցով ձկնորսություն կարող ենք անել: Այո, այս խաղում մեզ տրված է նման զբաղմունք, որը ինչ-որ տեղ հանգստացնում է: Բռնած ձուկն էլ կարող ենք վաճառել, վաստակել գումար ու նոր զենքեր կամ մեկ այլ բան գնել: Կան նաև մեր արսենալում նյութեր, որոնք օգտագործելուց հետո լրացուցիչ առավելություն ենք ստանում. օրինակ կարող ենք տեսնել բոլոր հակառակորդներին, այդ թվում կենդանիներին, ուժեղացնել հարվածի ուժգնությունը ու նմանատիպ ևս երկուսը: Կային նաև այլ միջոցներ, որոնց նշանակությունն ինձ համար անհասկանալի մնաց, օրինակ խմում ես ինչ-որ ռոմ ու բացի տեսողության «խանգարումից» այլ բան չես ունենում: Կարևոր նորամուծություններից է նաև այն, որ առաջադրանքների կատարումը կարող ենք անել մեր օգնականների հետ միասին, որոնց թվում կան նաև երեք կենդանիներ: Սակայն նրանք բոլորը հասանելի են դառնում, երբ ազատում ենք նրանց կամ կատարում ենք համապատասխան առաջադրանքը, որոնք կապ ունեն վերջիններիս հետ: Բայց այստեղ մի փոքր խոսեմ օգնականների բացասական կողմերից: Առհասարակ ես միշտ օգտագործել եմ խաղի ընթացքում վերջիններիս օգնությունը, բայց ոչ նրա համար, որ կարող են օգնել, այլ այն բանի համար, որ ավելի լավ է ընկերոջդ հետ անցնես խաղը, քան թե միայնակ, եթե անգամ այդ ընկերդ վիրտուալ աշխարհից է: Ընդորում խաղում մեզ հնարավորություն են տվել միանգամից ընտրելու երկու օգնականների: Անկախ սրանց մատուցած օգնությունից, վերջիններիս մոտ շատ թույլ է զարգացած արհեստական բանականություն կոչվածը: Հա, կարող է դու նրանց կանչես քեզ ընկերակցելու, ու դու նստես մեքենա ու շատ երկար սպասես, թե երբ կբարեհաճեն միանալ քեզ: Կամ դու հասնում ես հակառակորդին, փորձում ես թաքուն գործողություններ կատարել ու հանկարծ այդ ամենը փուլ է գալիս օգնականի պատճառով: Ստիպված, որոշ դեպքերում այդ օգնականներին տվյալ պահին ուղարկել եմ մի քարի ետևում թաքնվելու, որպեսզի չխանգարեն: Կամ ասենք դու արդեն բացահայտ կռվում ես մի քանի հոգու դեմ, քո օգնականը օդանավով քո գլխավերևում պարզապես կանգնած է ու ոչ միայն չի օգնում, այլ նաև գլուխ է տանում ուղղաթիռի ձայնով: Անհաժեշտության դեպքում նրանք կարող են քեզ մեծ օգուտ տալ, համաձայն եմ, բայց «մտածելակերպը» մեղմ ասած չի գոհացնում: Ինչ-որ տեղ չի գոհացնում նաև այս կերպարների բառապաշարը, քանի որ նույն բանը կարող են մի տաս անգամ կրկնել, թեպետ խաղի թեժ մասերում ոչ էլ ուշադրություն ես դարձնում սրա վրա:

Խաղի կարևոր տարբերություններից մեկը քարտեզի փոփոխությունն է, որը 3D ձևաչափով է ցուցադրվում մեզ, կարող ենք այստեղ տեսնել սարերի բարձրության տարբերությունները, ճանապարհների ուրվագծերը, կարևոր օբյտներ և այլն: Ի տարբերություն սերիայի մնացած խաղերին, այստեղ քարտեզն ի սկզբանե բաց է մեր առջև: Այն վայրերում, որտեղ դեռ չենք եղել, ցուցադրվում է մշուշապատ, սակայն հայտնվելով այդտեղ, այն արդեն համարվում է բացված: Այսինքն էլ կարիք չկա բարձրնալու այդ տարածքի աշտարակի վրա, որպեսզի հասանելի դառնա մեզ մոտակայքում գտնվող կարևոր նշանակության օբյեկտները և ցուցադրվեն քարտեզում:

Գեյմփլեյի ժամանակ նույնպես փոփոխություն կա ինթերֆեյսում այս քարտեզի հետ կապված: Նախկինում մինի քարտեզն էր մեզ ուղղորդողը, իսկ այս մասում այդ քարտեզը վերածվել է հորիզոնական ցուցիչի, որը քիչ տեղ է զբաղեցնում, ավելի լայն հնարավորություններ տալով խաղի ժամանակ: Մի փոքր բարդություն հնարավոր է լինի կողմնորոշման հարցում, եթե առհասարակ անծանոթ ես նման քարտեզներին, սակայն մեկ երկու ժամ խաղալուց հետո այն կդառնա սովորական:


Առաջադրանքների հետ կապված ինչ կարող եմ ասել: Եթե անկեղծ, առաջին մի քանի առաջադրանքների կատարումն ինձ շատ հետաքրքիր թվացին: Հետագայում հասկանում ես, որ այդ առաջադրանքները, որքան էլ տարբեր լինեն, միևնույն է կարծես թե կրկնվում են իրենց ոչ բազմազանության պատճառով: Հասկանում եմ, որ եթե ինչ-որ տարածք պետք է ազատենք հակառակորդներից, ապա դա կարող ենք անել սթելս կամ միանգամից գրոհենք այդ կառույցի վրա, սակայն էությամբ դրանք նույնն են՝ գրավել, սպանել, ազատել: Ու սա թե հիմնական առաջադրանքների ժամանակ ու թե ավանպոստերի զինաթափման դեպքում: Կային քիչ սյուժետային առաջադրանքներ, որոնք տարբերվում էին: Բայց նման կարգի խաղի համար դա բավարար չէ: Թերևս ինձ համար, որ այս խաղային սերիան շատ շատ սիրում եմ: Առաջադրանքներից ինձ համար ավելի հաճելի էին կատարել երկրորդականները, քան թե սյուժետայինները: Օրինակ մեծ հաճույքով որոնում էի թաքցված արժեքավոր իրերը, որոնք քարտեզում պատկերված էին ադամանդի տեսքով: Կամ նույնը մրցումային առաջադրանքների դեպքում, եթե չեմ սլախվում կոչվում էին Կլիտչի անունով, երբ հարկավոր էր սահմանափակ ժամանակում կատարել կասկադյորային հնարքներ: Սյուժեյի հետ ամեն բան լավ է ու նույնը չեմ կարող ասել նրա հասցեին: Հատկապես վերջաբանն իսկապես ջախջախում է բոլոր նախկինում եղած մտածելակերպը ու ստիպոմ մի պահ վերանայել խաղի անցած ուղին, հասկանալ այդ ամենն արդեն գլխավոր հակահերոսի հայացքից: Ես կուզենայի այս անգամ բավական կարճ լինել ու արդեն եզրափակել ռեվյուն: Շատ էլեմենտների ու շատ մեխանիկաների չեմ անդրադառնում: Հնարավոր է բացասական է սա իմ կողմից, բայց էական փոփոխությունների էլ չեմ հանդիպել այս խաղում, նույնույթունն ակնհայտ է: Ընդհանրացնելով մտածում եմ, որ այս խաղն էլ ավելի լավը կարող էր լինել, եթե ուշադրություն դարձվեյին առաջին հայացքից ոչ կարևոր, բայց իրականում հիմք հանդիսացող երևույթների վրա: Ինձ սերիայի սույն խաղը չի տպավորել: Համարում եմ միջին կարգից փոքր ինչ բարձր մակարդակի պրոյեկտ: Հնարավոր է ապագայում փորձեմ վերախաղալ ու այդ ժամանակ այս տողերը փոփոխության ենթարկվեն, բայց տվյալ ժամանակով սա էր իմ ունեցած տպավորությունները խաղից:



6/10

24 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comentarios


bottom of page