2019 թվականին գեյմհասարակության զգալի մի մաս շատ երջանիկ էր, որ առիթ են ունենում վերախաղալ 90-ականների վերջին հիթերից մեկը՝ 1998 թվականին թողարկված Resident Evil 2 խաղի վերաթողարկումը: Բնականաբար նոր գրաֆիկա, նոր խաղային մեխանիկա և հնարավորություններ: Իսկ ամենա կարևորը՝ հիշողություններ անցյալից: Ես չեմ խաղացել 1998-ի խաղը, փոխարենը դիտել եմ խաղի անցումը ու սերիայի մեջ առաջին և այս մասերն են, որոնք «աննկատ» են մնացել իմ կողմից՝ զուտ տեխնիկական հնարավորությունների բացակայության պատճառով: Կարելի է ասել, այժմյան վերաթողարկումը իսկական առիթ էր ծանոթանալու «հին» խաղին, թեկուզ մի փոքր այլ հայացքով: Ընդորում խաղացել եմ խաղի երկու կերպարներով էլ՝ Լեոն և Քլեր հերոսներով: Այսպես, խաղի նախագծումը և հրատարակումը պատկանում է Capcom-ին: Թողարկվել է 2019-ի հունվարի 25-ից:
Սյուժե
1998-ի օրիգինալ խաղում գործողությունները տեղի էին ունենում այդ ժամանակի ներկայում, այսինքն նույն թվականին՝ 998-ին: Նույնը այստեղ է՝ գործողությունները տեղի են ունենում ...98-ին: Որպես շարունակություն, զարգանում են առաջին մասի գործողություններից մոտ մի քանի ամիս անց, երբ մեզ հայտնի աղետն արդեն տեղի էր ունեցել ու այս աղետն արդեն իր մեջ է երառում նաև Ռաքքուն Սիթին, որտեղ էլ ուղևորվում են մեր խաղային հերոսները՝ Լեոնը և Քլերը: Նրանք միասին չեն, բայց ճանապարհին ծանոթանում են հանգամանքների բերումով: Լեոնի այստեղ գալը պայմանավորված էր նոր աշխատանքի հետ՝ ոստիկանական սպա նորեկ, իսկ Քլերի այցն այս քաղաք պայմանավորված էր նրա հետ, որ ուզում էր գտնել իր եղբորը՝ Քրիս Ռեդֆիլդին, ումից բավական ժամանակ էր տեղեկություններ չկային: Վստահ եմ, այս անունը Ձեզ ինչ-որ բան ասեց:
Ինչպես նշեցի, խաղը կարելի է անցնել երկու կերպարներով էլ: Սյուժեն այս առումով ունի որոշակի փոփոխություններ: Խաղային մեխանիկան և մնացած կետերը նույնն են ու առանձնանում են միայն պատմությամբ: Այդ իսկ պատճառով մնացած բոլոր կետերին կանդրադառնամ առանձին, իսկ սյուժեյի մեջ մնալու համար առանձին, մի քանի նախադասությամբ կպատմեմ գործողությունների ընթացքն երկու հերոսների դեպքում:
Լեոն
Քանի որ այս տղան մեկնում էր իր նոր աշխատավայր, նրան ամեն դեպքում հաջողվում է հասնել ոստիկանական բաժանմունքին, որտեղ առաջին տեսարանն արդեն հուշում է, որ կատարվում է ու տեղի է ունեցել ինչ-որ տարօրինակ, նմանը չունեցող իրադարձություններ: Ոստիկանական բաժանմունքում կենդանի մնացած մարդ չկա, կան փոխարենն ամեն տեղ թափառող կիսամեռ արարածներ:Միակ ողջ մնացած սպան դա Մարվինն է, որ ենթարկվել էր հարձակման զոմբիների կողմից ու հազիվ էր կարողանում արդեն ոտքի վրա մնալ: Վերջինս պատմում է Լեոնին, թե ինչ է կատարվել այստեղ ու թե ինչ է հարկավոր հետագա քայլեր ձեռք առնելու համար: Գործողությունների հետագա ընթացքը կամաց կամաց հասկանալի է դառնում Լեոնին, մասնավորապես երբ վերջինս հանդիպում է գործակալ Ադա Վոնգին, ով րոշ մանրամասներ է տեղեկացնում: Ընդհանուր պատկերն արդեն պարզ է՝ քաղաքին վրա հասած վիրուսի ներգործության հետևանքով մարդկությունը դարձել է զոմբիներ, իսկ վտանգը դեռ չի անցել, քանի որ վիրուսի օրինակը մնում է նույն տարածքում գտնվող լաբարատորիայում...
Քլեր
Քլերի դեպքում սյուժեյի սկզբնական մասը կարելի է ասել կրկնվում է: Նրան նույնպես հաջողվում է մուտք գործել ոստիկանական բաժանմունք, տարբերության, որ այդ ընթացքում Լեոնին արդեն հաջողվել էր դուրս գալ այս շինությունից: Այստեղ Քլերը նույնպես տեսնում է վիրավոր սպա Մարվինին, ով պատմում է տեղի ունեցածը: Այնուհետև նկատելի է դառնում, որ սյուժեն մեզ մատուցում է այլ դրվագներ, երբ Քլերը հանդիպում է փոքրիկ մի աղջնակի՝ Շերրիին, ով կարծես թե մոլորվել էր այս քաոսում ու չգիտեր, թե ինչ աներ: Հետագայում պարզվում է, ով է այս աղջնակը, ինպես նաև պարզվում է, որ աղջնակը վարակված է վիրուսով ու նրան փրկելու համար հարկավոր է մուտք գործել լաբարատորիա, որտեղ հնարավոր է և գտնվի համապատասխան հակավիրուսը...
Սյուժեները երկու կերպարների դեպքում ունեն նման ընթացք: Ես առանձնահատուկ չեմ մանրանա նրանում, որպեսզի խուսափենք հնարավոր սփոյլերներից: Փոխարենը կանցնենք առաջ, ու արդեն կներկայացնեմ իմ ունեցած տպավորություննեն այս խաղից, միաժամանակ որոշ անդրադարձեր տեխնիկական մասին:
Խաղային պրոցեսս
Խաղային պրոցեսսն ի համեմատություն օրիգինալ մասի, ենթարկվել է մեծ փոփոխության: Եթե կհիշեք, օրիգինալում խաղային աշխարհը և մեկ հատվածից մյուս հատված անցումը կատարված էր այլ եղանակով: Համապատասխան տերմինը չեմ կարող ասել, թե ինչպես, բայց կերպարին մենք կարող ենք տեսնել բացառապես մեկ անշարժ դիրքից, երբ հերոսը դուրս էր գալիս մեր տեսադաշտից, տեսախցիկը տեղափոխվում էր մյուս հատվածի վրա ու մենք մեկ այլ դիքրից կարող էինք տեսնել մեր հերոսին: Իսկ ահա արդեն վերաթողարկված խաղում հեղինակները մեզ հնարավորություն են տալիս ամբողջ խաղը խաղալ երրորդ դեմքից: Փոփոխությունն ազդել է նաև տեսախցիկի վրա, որն ի տարբերություն օրիգինալի՝ կայուն չէ, այլ կերպ ասած ստատիկ չէ: Այսինքն տեղափոխվում է՝ մեր գործողություններին համընթաց:
Խաղալու համար նախատեսված է երեք բարդության մակարդակներ: Այս ռեժիմները բավական նույնանման են ցանկացած այլ խաղերի հետ: Ստանդարդ համարժեքություններ համապատասխան բարդության դեպքում: Ես խաղացել եմ միջին բարդության ու որքանով գիտեմ, միայն բարձր բարդության ժամանակ է, որ կարելի է որոշակի նմանություն գտնել օրիգինալ խաղի հետ: Միայն այս դեպքում է, որ խաղային ինվենտարի դեպքում ուշադրություն պետք է դարձնել ժապավեններին, որոնք թույլ կտան խաղը պահպանել: Մնացած մակարդակներում դրա կարիքը չկա՝ կարող ենք պահպանել խաղը, եթե անգամ մեր ինվենտարում չկա ժապավենը: Ասեմ ավելին, ես խաղալու ընթացքում նման ժապավենների չեմ էլ հանդիպել: Այս առումով իսկապես բավական հեշտացված է ինվենտարի պարունակությանը հետևելը, քանի որ ստիպված չես լինի ավելի կարևոր պարագան թողնել և փոխարենը վերցնել ժապավենը՝ խաղի պահպանման համար: Բայց հետաքրքիր է, որ փաստորեն դուրս է գալիս, եթե համեմատենք վերաթողարկման բարձր մակարդակի դժվարությունը, ապա օրիգինալ խաղում այն այդպես էլ կար ի սկզբանե: Դու խաղում էիր հենց բարդության մակարդակով:
Ինվենտարի պարունակության չափսերը խաղի ընթացքի հետ հետզհետե կարելի է ավելացնել, եթե գտնենք համապատասխան պայուսակները, որքն երկու-երեք բջջիջով ընդլայնում է այն: Առհասարակ, եթե ավելի ուշադիր լինենք, ինվենտարի հետ ոչ մի խնդիր չենք ունենա ամբողջ խաղի ժամանակ: Այս պարագայում մեծ օգտակարություն է ցուցաբերում նաև քեյսերը, որտեղ կարելի է պահպանել ինվենտարում առկա ցանկացած պարագա, ապա մեկ այլ վայրում հասանելիություն ունենաք այս պարագաներին: Ինվենտարից ինչ-որ բան նետելու դեպքում այն մշտապես կկորչի, հնարավոր չի լինի ետ վերադառնալ ու նորից այն ստանալ: Թեպետ չեմ կարծում, թե դեն նետելու հարկավորությունը զգացվի: Խաղային արսենալի մասին կարող եմ ասել, որ այդքան մեծ տեսականիներ չկան զենքերի: Փոխարենը հնարավորություն ունենք մոդիֆիկացնել այն, դարձնելով ավելի կատարելագործված: Լեոնի և Քլերի խաղերի տարբերության մասով կարող են տարբեր լինել նաև զենքերը: Ամեն զենքն ունի իր համապատասխան փամփուշտը: Զենքերի թեմայով կարող եմ ասել, որ հատկապես շատ պետքականու ինձ շատ դուր է եկել դանակի կիռաման գաղափարը: Դանակը մենք ցանկացած ժամանակ կարող ենք օգտագործել, բայց նրա իսկական օգտակարությունը կզգացվի, երբ զոմբին արդեն իսկ կարողացել է բռնել հերոսին: Այդ դեպքում ավտոմատ դանակահարություն է տեղի ունենում, բայց որ ամենա կարևորն է, հետագայում այս դանակը կարող ենք կրկին վերցնել մարմնի միջից: Դանակը միակ զինատեսկան է այս խաղում, որ ունի այսպես ասած օգտագործման սանդղակ, եթե այն հասնի իր ավարտին, այս դեպքում այլևս չենք կարողանա այն օգտագործել:
Խաղային պրոցեսսի հիմնական յուրահատկություններից է նաև սերիայի անբաժան մաս կազմող գլուխկոտրուկները: Խաղում հանդիպում են բավական հետաքրքիր գլուխկոտրուկներ, որոնց լուծումն ի միջիայլոց պարտադիր է ՝ հետագա ընթացքը շարունակելու համար: Այսինքն եթե դուք չեք սիրում գլուխկոտրուկներ, այս խաղում դրանց շրջանցելն իզուր կլինի, քանի որ լուծումից հետո է հնարավոր շարունակել խաղը: Օրինակի տեսքով՝ եթե հարկավոր է բացել ինչ-որ դուռ, որը թույլ կտա շարունակելու խաղը, ապա Ձեզ նախ հարկավոր կլինի ճիշտ լուծում տալ այդ դռան բանալիին՝ տվյալ դեպքում գլուխկոտրուկին: Ասեմ, որ առանձնակի բարդություն չեն առաջացնի դրանք, եթե լինեք բավական ուշադիր: Հետաքրքրության մասով միանշանակ մտածելու տեղիք տալիս է:
Ընդհանուր պատկեր
Ես փորձելու եմ ընդհանրացնել այս խաղում ունեցած իմ տպավորությունները ու առհասարակ փորձելու եմ հետագա ռեվյուները նույնպես բավական սեղմ գրել, քանի որ այն խաղերը, որոնք ես խաղալու եմ ու որոնց մասին գրելու եմ ռեվյուներ, հասել են բավական մեծ թվերի ու շունակում են աճել: Ժամանակի առումով անթույլատրելի կլինի իմ կողմից, եթե կենտրոնանամ երկար ռեվյուների վրա: Այսպես, Resident Evil 2-ը 2019-ի մեկնարկի լավագույն խաղերից մեկն է միանշանակ, որը պարտադիր, կրկնում եմ, պարտադիր պետք է խաղալ երկու անգամ: Ես դեռ կխաղայի 4 անգամ, եթե ժամանակը թույլ տար, քանի որ լրացուցիչ ռեժիմների դեպքում կարելի է իմանալ նաև մի փոքր այլ մանրամասներ: Բայց հիմնական հետաքրքրություը բավարարելու համար գոնե պարտադիր պետք է խաղալ երկու հերոսների սյուժեյով՝ Քլերի և Լեոնի: Սյուժեն շատ հետաքրքիր է: Ճիշտ է, այն մեծ մասամբ չի տարբերվում օրիգինալ խաղից, բայց պետք է հասկանանք, որ սա ռեմեյկն է և ոչ սերիայի շարունակություն: Ավելնորդ եմ համարում խոսել գրաֆիկայի մասին: Գուցե օլդերն առավել քան նախընտրում են չհեռանալ արմատական խաղից ու նվիրված են մնում օրիգինալ խաղին ու նրա գրաֆիկային, բայց այս խաղը խաղացողները, եթե վերջիններս կարևորում են առաջնահերթ գրաֆիկան և ոչ այլ կետեր, ապա կորցրած ժամանակ չեն զգա հաստատ այդ առումով: Բավական մեծ հաճույք կարող է տալ նար կերպարների անիմացաին: Այս կետի համար մի փոքր ավելի շատ կմանրանայի, բայց մեկ օրինակով էլ կբավականանամ: Շատ տպավորվել է ինձ մոտ այն դրվագը, երբ Լեոնն ու Ադան հանդիպում են երկրորդ անգամ ու երբ հեռանում է արդեն Ադան՝ կոչ անելով Լեոնին նույնն անել, Լեոնն ասում է, թե անգամ քո անունը չասեցիր ու մի յուրահատուկ հայացքով նայում է գնացող Ադայի ետևից: Դժվար է նկարագրել Լեոնի այդ հայացքը տառերի տեսքով, բայց այդ հայացքում կարելի է գտնել ռոմանտիկա, կարելի է գտնել ափսոսանք, կարելի է գտնել հմայք... Ինձ մոտ հատկապես այս տեսարանը տպավորիչ էր: Ու առհասարակ կերպարների շարժումը, նրանց հայացքներն ու միմիկաներն անգամ կատարված են շատ որակով ու զգացվում է, որ Քեպքոմը մեծ ուշադրություն ու ժամանակ է հատկացրել սրանց վրա:
Խաղում զգալի է նաև դրամատիզմը: Նույնպես դրվագներից մեկը խիստ ազդել է ինձ վրա իր դրամաիտկ ընթացքով: Խոսքը այն հատվածի մասին է, երբ Լեոնն ու Ադան դուրս են գալիս ոստիկանական բաժանմունքից ու հայտնվում են զինային խանութի մուտքի մոտ, որտեղ նրանց է «դիմավորում» սեփականատերը: Այս հատվածը կարելի է համարել առանձին դրամա: Չեմ չափազանցնում:Խաղն աչքի է ընկնում նաև իր ձայնային որակներով: Միայն Տ-103-ի ոտնաձայնները բավական են դա հասկանալու համար...
Խաղային պատկերն իր գունավորման տեսակետով՝ թե ուղղակի և թե փոխաբերական իմաստներով, գորշ է՝ մոխրագույն ու սա ոբոլորովին էլ ոչ բացասական իմաստով ու ոչ նրա համար, որ խաղը կարելի է դասել հորրորների շարքին: Այո, ունի այս ամենը նշանակություն, բայց դա հիմնականում խաղային մթնոլորտից է գալիս, որը կարող է մտցնել քեզ յս խաղի մեջ ու չթողնել այնտեղից դուրս գալ: Խաղային մթնոլորտը հագեցված է նաև նրանով, որ եթե օրինակ կսպանենք զոմբիներին, ժամանակ անց գանք այդ վայր, մենք նրան սպանված կգտնենք նույն տեղում: Սա նույնպես էական է շատ խաղային մթնոլորտի առանձնահատկությունը պահելու համար: Ի դեպ, այս զոմբիներին սպանելն իրականում այդքան էլ հեշտ գործ չէ: Ու խոսքը գնում է սովորական զոմբիների մասին: Դու կարող ես կրակել նրա գլխին, տեսնում ես, որ նա ընկավ: Քիչ անց նա նորից կանգնում է ոտքի: Դու նորից ես կրակում գլխին, երրոդ անգամն ես կրակում գլխին, չորրորդ անգամն ես կրակում ու նա դեռ ի վիճակի է լինում ոտքի կանգնել, կամ սողալ, եթե զրկված է լինում ոտքերից...
Ընկերներ, ինչևէ, այս խաղն իրական կատարելություն է ու ես խաղի ժամանակ թերությունների չեմ հանդիպել: Այսքանով վերջացնելու եմ այս ոչ այդքան էլ ստացված ռեվյուն, բայց վստահ կարող եմ ասել, որ խաղը պարտադիր է խաղալու համար, անկախ նրանից՝ ծանոթ եք այս սերիային թե ոչ, սիրում եք հորրորներ, թե ոչ: Սա միանշանակ ստացված պրոյեկտ է: Ստացված է նրանց համար, ովքեր սերիայի իսկական երկրպագուներն են ու երկար են սպասել այս ռեմեյիկն, ստացված է նրանց համար, ովքեր ծանոթ չեն եղել օրիգինալ խաղերին, բայց շնորհիվ ռեմեյկի հնարավորություն ունեն ծանոթանալ նրա հետ և ստացված է բոլոր նրանց համար, ովքեր պարզապես սիրում են խաղալ ու հաճույք ստանալ խաղից:
Comments