Resident Evil 6 խաղը հանդիսանում է սերիայի հիմնական խաղերի շարքում թվով իններորդ մասը: Տեսախաղը լույս է տեսել 2012 թվականին: Նախագծվել և հրատարակվել է Capcom-ի կողմից: Խաղային իրադարձությունները տեղի են ունենում 2012 և 2013 թվականներին: Խաղը մեզ առաջարկում է խաղալ մի քանի տարբերակներով՝ խաղային կերպարների ընտրությունից կախված: Անձամբ ես ընտրել էի Լեոն և Հելենա զույգը ու կարող եմ որոշ բաներ գրի առնել հենց այս սյուժեյի ուղղվածությամբ: Առհասարակ փորձելու եմ քիչ կենտրոնանալ սյուժեյի վրա ու ընդհանրապես խաղի այս հատվածի վրա, քանի որ կտրուկ ասեմ՝ խաղը առանձնակի տպավորություններ չի թողել իմ վրա: Ավելին՝ սա խաղային սերիայի երևի թե մինչ այս ինձ հանդիպած ամենավատ չասեմ, բայց ամենաթույլ մասն էր: Ինչպես ասեցի, սույն զույգով անցնելուց խաղը մեզ առաջարկում է հետևյալ իարադարձությունները.
անցել է 15 տարի այն միջադեպից, որը տեղի էր ունեցել հայտնի Ռակուն-սիթիում: Չեմ կարծում թե չհիշեք ինչ էր տեղի ունեցել այս քաղաքում...
Քաղաքում տեղի ունեցած սարսափելի դեպքերի իրականությունը կոծկելու համար ԱՄՆ նախագահը որոշում է կտրուկ քայլերի դիմել: Բայց նման կտրուկ միջադեպ էլ տեղի է ունենում հենց իր հետ ու վերջինս վերածվում է զոմբիի, ինչի ժամանակ Լեոնը ստիպված է լինում սպանել զոմբի դարձած նախագահին՝ պաշտպանելու գործակալ Հելենա Հարպերին: Գործողությունները տանում են նրան, որ սույն միջադեպի գլխավոր պատճառի միակ մեղավորը դառնում է Դերեկ Սիմմոնսը՝ խաղի գլխավոր հակահերոսը ու վերջինիցս բոլոր հարցերի պատասխանները իմանալու համար զույգը առաջադրանք է վերցնում իր վրա գտնել Սիմմոնսին: Ընթացքում պարզվում են նոր մանրամասներ: Այս ընթացքում մենք լինում ենք երկրագնդի տարբեր հատվածներում: Բայց ուր էլ որ չլինենք, այս հատվածում անհամեմատ քիչ, կարելի է ասել բոլորովին ոչ մի հիշատակում չի արվում սերիայի բուն նշանակության մասին: Այս առումով սույն հատվածը կարծես թե հեռնում է իր արմատներից: Հա, խաղում կան շատ զոմբիներ, բայց անգամ այս զոմբիները ոչ մի կերպ չեն կարողանում համոզել, որ մենք խաղում ենք հերթական խաղային շարունակությունը հայտնի խաղից: Էլ չասեմ այն հակառակորդներին, որոնք ոչ թե զոմբիիներ էին, այլ մումիաներ՝ բառիս ամենաուղղակի իմաստով: Այո, մումիաներ: Ու այս հատվածում այն զգացողությունը, որ դու խաղում ես «Ռեզիդենտ Էվիլ», բոլորովին, իսպառ կորչում է: Սույն խաղում առհասարակ հորրոր հասկացողությունը, ինչը բնորոշ էր եղել խաղային սերիայի նախորդ հատվածներին, չկա: Մասնավորպես խաղն ավելի շատ հիշեցնում է շութեր երրոդ դեմքից: Այս հատվածում նաև ավելացել են այն գործողությունների կատարումը, որոնք հարկավոր է անել խաղի տարբեր հատվածներում համապտասխան ստեղնը սեղմելուց: Բարդ չէ, բայց անհամեմատ շատ են նման հատկությունները, որը որոշակիորեն խաղը հեղեղում է անիմաստ ու հոգնեցնող պահերով:
Խաղում կան նորամուծություններ: Օրինակ այս մասում հեղինակները բավական շատ ժամանակ են ծախսել մոտ տարածությունում կռիվների վրա: Այս մասում, առանց զենք օգտագործելու, իմ խորին համոզմաբ կարելի է անցնել ողջ խաղը, նույնիսկ բոսսերի դեպքում: Պատահած ցանկացած հակառակորդին կարելի է ոչնչացնել 2-3 բռունցքի կամ ոտքի հարվածով: Ինչքան էլ թույլ լինի խաղը, կան նաև լավ կողմեր էլ: Իհարկե ցանկալի կլիներ, որ ընդհանուր խաղը լավ լիներ, իսկ նման դրական նորամուծությունները քիչ: Նման դրական նորամուծություններից է օրինակ զենքերի կիրառումը: Նախորդ մասերում եթե նույն տիպի զենք էր հայտնվում կերպարի մոտ, ընտրությունը կարելի էր անել միայն մեկի վրա կանգ առնելով: Իսկ այս մասում ինչ զեն էլ գտնվի, առանց ավելորդ դժվարությունների կարելի է այն կիրառել՝ պահպանելով խաղային ինվերտալում: Լավ կողմերից է նաև անիմացիաների պատկերումը: Ու հենց անիմացիաներին նայելով զղջում ես, որ եթե կարողացել են ստեղծել նման հետաքրքիր պահեր, ինչո՞ւ խաղը չհասցնել այն մակարդակին, որ վերջում ամբողջական դրական կարծիք կազմվի խաղի վերաբերյալ:
Ինձ համար դրական բացահայտում էր նաև այն, որ սույն մասում հնարավոր է սյուժեն անցնել կողքիդ նստած ընկերոջդ հետ կամ մեկ այլ աշխարհամասում այդ պահին սույն խաղը խաղացող օգտատիրոջ հետ: Պարզապես պետք է նրան հրավիրել խաղ ու միասին կատարել խաղի անցումը: Կամ հակառակը՝ դու ինքդ միանաս ինչ-որ խաղացողի խաղին, ու միասին կոտորեք զոմբիներին: Իսկ եթե խաղի կարգավորումները դրված են այնպես, որ բաց է խաղին միանալու կետը, անկախ հրավերքից քո խաղին շատ պատահական կարող է միանալ ցանկացած ոք: Միասին անցնելն ամեն դեպքում շատ ավելի հետաքրքիր է:
Եթե փորձեմ ընդհանրացնել, ապա միանշանակ ասել վատ է ստացվել խաղը կամ լավ է ստացվել խաղը, ավելի շուտ ոչ թե դժվարանում եմ այլ խուսափում եմ պատասխանել, որովհետև 6-րդ մասում կան շատ բացթողումներ ու կան դրական կողմեր ևս: Բայց ավելի շատ հակված եմ ընտրել առաջին տարբերակը: Իհարկե շատերին կարող է դուր գալ գեյմփլեյը, խաղային պրոցեսը և մնացած ամեն բան: Բայց եթե ես խաղում եմ «Ռեզիդենտ» ու զգում եմ այն ավելի շատ հիշեցնում է մեկ այլ խաղ, չեմ կարող միանշանակ դրական պատկերացում ունենալ նման խաղից: Ինչևէ, յուրաքանչյուրս ունենք մեր տեսակետը և նման տեսակետով առաջնորդելով էլ այս խաղին ես տալիս եմ միջին գնահատական:
5/10
Comments