Հայտնի սերիայի 7-րդ (ըստ թվի) խաղը թողարկվել է 2017 թվականից: Խաղի նախագծումը և հրատարակումը պատկանում է Capcom ընկերությանը: Ինչպես կասեյին հեղինակները, այս խաղը վերադառնում է արմատներին: Փորձենք հասկանալ, այդպես է թե չէ:
Սկսենք սյուժեյից: Իթանը, ով հանդիսանում է խաղի գլխավոր հերոսներից մեկը, ստանում է հաղորդագրություն երեք տարի առաջ անհետացած իր կնոջից՝ Զոյաից, ում արդեն համարում էին մահացած: Հետևելով հաղորդագրության հասցեին, Իթանին ճանապարհը բերում է Բեյքերների տուն, որն այդ տարածքում միակներից է: Իսկ այդ տարածքն հայտնի է մարդկանց, թերևս պարանորմալ երևույթներ ուսումնասիրող լրագրողներին, որպես անշուք, ամայի ու վտանգավոր տեղանք: Ինչպես արդեն իմանում ենք խաղի հետագա ընթացքից, Զոյան ողջ և առողջ է, որին գտնում ենք սենյակներից մեկում, բայց վերջինիս հետ կատարվում է տարօրինակ ու սարսափելի բաներ: Տան հետագա հետազոտությունները նաև մեզ իմացնել են տալիս, թե ովքեր են տան տերերը, որոնց ավելի ուշ ծանոթանում ենք դեմ առ դեմ, իհարկե ոչ թեյի սեղանի շուրջ:
Այստեղից արդեն որոշակիորեն պարզ է դառնում մեզ խաղի սյուժեն, թեպետ գլխավոր հարցերը դեռ մնում են անպատասխան: Հասկանում ենք, որ ինչ-որ համաճարակի պատճառով Բեյքերների ընտանիքը վարակվել է ու նրանց միակ փրկության հույսը համապատասխան դեղամիջոցի ստեղծումն է: Այդ հարցում օգնում է Իթանին Զոյան՝ Բեյքերների միակ անդամը, ով զերծ է մնացել վարակվելուց, բայց որին ևս անհրաժեշտ է այդ դեղամիջոցը: Ինչպես հասկանում ենք, Իթանը երանի կտար, եթե իր նպատակը միայն Զոյաին գտնելը լիներ: Այժմ հարկավոր է նաև ստեղծել այն դեղամիջոցը, որը կվարակազերծեր նաև հենց Միային: Ինչ գլուխներդ ցավացնեմ, ամեն դեպքում հաջողվում է ստեղծել այդ դեղամիջոցը, որից ստանում ենք երկու օրինակ: Մեկը հարկադիր կերպով օգտագործում ենք Ջեկին վնասազերծելու համար - Ջեկը Բեյքերների ավագն է, ում ինչ եղանակով ուզում ես սպանի, միևնույն է, նա մնում է ողջ: Իսկ մյուս դեղամիջոցի համար խաղի հեղինակները մեզ ընտության առաջ են կանգնեցնում՝ կամ տալիս ենք Զոյաին, ով մեզ օգնել է խաղի ողջ ընթացքում և, կամ տալիս ենք Միային, ում համար հասել ու մտել ենք այս պատմության մեջ:
Առաջին դեպքում, մի փոքր մտածելուց հետո ես ընտրեցի Միային: Հատվածն ավարտելուց հետո, նաև Զոյաին: Քանի որ, կախված Իթանի որոշումից, խաղի ավարտը տարբեր վերջաբան է ունենում: Զուտ հետաքրքրության համար փորձել եմ երկու տարբերակներն էլ: Եթե խաղացել եք խաղը, ուրեմն կհասկանաք տարբերությունը, իսկ եթե չեք խաղացել, ապա չեմ էլ ասի թե ինչ տարբերության մասին է խոսքը, զուտ սփոյլերներից զերծ մնալու համար: Ընտրությունն անելուց հետո, թվում է թե ահա, ավարտում ենք խաղը, բայց ոչ: Մեր առջև հասանելի է դառնում նոր լոկացիա, որտեղից արդեն իմանում ենք ամեն ճշմարտությունը, որն եղել է թե Բեյքերների տան հետ, թե Միայի անհետացման հետ ու առհասարակ հասկանում ենք խաղի բուն իմաստը, որը գնալով պարզ է դառնում խաղացողին:
Էլի չեմ բացի խաղաքարթերը, սփոյլերներ կան: Դուք խաղացեք....
Սյուժեյի էությունը կայանում է վերը նշվածում, ինչ կախված է խաղային մթնոլորտի հետ ու ինչ տպավորություններ եմ ստացել այս խաղից, կայանում է հետևյալում: Բայց մինչ առաջ անցնելը մի փոքր անդրադառնամ սերիայի նախորդ խաղերին, իսկ եթե ավելի մանրամասն եք ուզում ծանոթանալ նախորդ մասերի հետ, մասնավորապես ռեվյուներին, ապա կարող եք կարդալ ավելի վաղ արված ռեվյուները, որոնք հասանելի են կայքում: Բայց գիտեմ, որ չեք կարդա: Ինչևէ, սերիան, սկսած արդեն 5-րդ խաղից, գնում էր այլ ուղղությամբ: Եթե հաշվի չառնենք այստեղ Revelation ենթավերնագրով երկու խաղերը, թեպետ առաջինն այդքան էլ չէ, ապա սերիան ամբողջությամ վերածվել էր շութերի, որտեղ ոչ մի վայրկյան անգամ չկար սարսափի զգացում: Բառիս բուն իմաստով այս սերիան ահռելի քայլերով հեռացել էր իր բուն էությունից, դառնալով էժանագին շութեր, համենայնդեպս Resident Evil 5 և Resident Evil 6 մասերից անձամբ այդ զգացումներն եմ ունեցել: Ինձ համար HD ռեմասթերներն ավելի հաճելի են եղել խաղալ, քան նշված մասերը: Բայց անցնենք առաջ: Այս խնդրի առկայությունը ու սարսափ մթնոլորտի բացթողումը լուծում է սերիայի 7-րդ խաղը: Այո, միանշանակ կարող եմ ասել, որ մեծ առումով սերիան այս խաղով վերադառնում է իր արմատներին: Իհարկե քիչ են հիշատակումները այն մասին, թե որտեղից է սկսվել ամբողջ այս համաճարակը, կապ ունի այն արդյոք Ռաքուն Սիթիի հետ, ու առհասարակ առաջին հայացքից այն հիշեցնո՞ւմ է Resident Evil սերիան, բայց այս խաղը խաղալուց զգում ես, որ խաղում ես հորրոր, որ առկա է այդ զգացումն ու որ հաջորդ քո քայլին չես կարող պատկերացնել, թե ինչ է սպասվում քեզ պատի այն կողմում, սենյակի մյուս անկյունում, ինչպես դա սովորաբար առաջին երեք խաղերի մոտ էր, որ չգիտեյիր, թե տասախցիկի փոփոխությունից հետո ինչ է քեզ սպասվում:
Ուրեմն, սերիայի համար մեծ փոփոխություն որպես այդպիսին այս խաղում առաջին դեմքից խաղալն է: Նախորդ մասերում այդպիսի բան չէր եղել: Լա՞վ էր արդյոք այս նորամուծությունը: Այո, լավ է միանշանակ: Վատ կլիներ սա այն դեպքում, եթե հեղինակները շարունակեյին շարժվել հին գաղափարներով, նկատի ունեմ խաղը թողնեյին նմանվեր շութերի ու այդ դեպքում արդեն վերջնականապես կհասկանայինք, որ վերջ, խաղում ես շութեր առաջին դեմքից: Բայց քանի որ հեղինակները լուրջ, արմատական փոփոխություններ են մտցրել յոթերորդ մասում, ապա առաջին դեմքից հորրոր խաղը միայն նպաստում է նրան, որ ավելի ես մտնում այդ խաղի մեջ, փոխաբերական ասած քո սեփական մաշկի վրա ես զգում այն վախը, որ տեսնում ես առաջին դեմքով անցելուց: Որոշ դեպքերում անգամ փոխաբերական կոչվածն եմ համարում սխալ, քանի որ կան պահեր խաղում, որ վախից կարող է վայր ընկնես: Ես վայր չեմ ընկել բարեբախտաբար, բայց ահավոր վախեցել եմ տվյալ դրվագներից, երբ բոլորովին մտքովդ չի անցնում որ դռան ետևում հնարավոր է ինչ-որ բան քեզ սպասվում է, բայց մինչ դռան այն կողմն անցնելն այդ ինչ-որ բանը կարող է քեզ սրտաճաք անել՝ հանկարծակի բերելով: Այո, այս խաղում կան չափազանց սուր պահեր, երբ ամբողջ մարմնովդ սարսուռ է անցնում:
Հատուկ մի երկու խոսք ձայնային դիզայնին, որը բարձունքում է և որը լրացուցիչ անգամ խաղացողին տալիս է ամբողջ մթնոլորտը զգալու հնարավորությունը: Ցանկացած առարկայի դիպչելիս լսվում է ձայն: Մինչ դու ուշադրությամբ հետևում ես դիմացդ գտնվող առարկաներին կամ աչքերս սրած նայում ես սենյակի անկյունները, այդ պահերին ակամայից կարող ես դիպչել գետնին թափթփված ինչ-որ տարաների, որոնց արձակած ձայներն ավելի շատ են վախեցնում ու մի անգամից զգոնացնում են ուշադրությունդ: Կամ քայլում ես միջանցքով ու լսում ես տախտակների ճռճռոցը, ինչ-որ մեկի ոտնաձայնները: Էլ չեմ ասում խաղային կերպարների այն զարզնդելու ձայները, որոնց միայն լսելիս մարմինդ քարանում է ու չես ուզում էլ խաղը շարունակես, քանի որ վախենում ես առաջ շարժվել այն ուղղությամբ, որտեղից լսվում էր այդ ձանյը: Չնայած այս «խանգարող» պահերին, մշտական ցանկություն է առաջանում մոտդ խաղալ ու խաղալ, իմանալ ամբողջ պատմությունը, հասկանալ վերջապես ինչ է կատարվում և որտեղից է սկիզբ առել այս սարսափելի իրականությունը: Անգամ խղճում ես Իթանին, որ խաղից հետո նրան թողնում ես այդ տանը միայնակ: Ինչ կապված է հերոսի զինային արսենալին, ապա դրանք այդքան հարուստ չեն ու առանձնակի կարիք էր չկար դրանց: Կան հրացանների տեսակներ, ավտոմատ-ատրճանակներ, սովորական և հզորացված ատրճանակներ, դանակներ: Սրանք հիմնականն են զենքերից, որոնցից բացի կան արդեն հատուկ զենքեր, որոնք հասանելի կարող են դառնալ Իթանի ձեռքում համապատասխան լոկացիաներում ու հատուկ ժամանակ: Իսկ զենքերից բացի գոյություն ունեն սերիայի օրիգինալ մասերն հիշեցնող խոտերը, որոնք պետք են գալիս դեղամիջոց ստեղծելու համար: Այս մասում ևս առկա է կոմբինացիայի հնարավորությունը, երբ տարբեր առարկաների միավորումից կարող ենք ստանալ այլ առարկաներ՝ դեղամիջոցներ, զենքեր, փամփուշտներ կամ հատուկ նյութեր, որոնք ակտիվացնում են Իթանի ունակությունները, ասենք նա ավելի արագ է լիցքավորում զենքը կամ ավելի արագ է սկսում տեղաշարժվել և, կամ ավելացնում է կյանքերի քանակը:
Խաղային անիմացիան ևս դրական եմ համարում: Տեսարանները, կերպարների շարժումները, աչքերի հայացքները և տեսողական հույզերը համոզիչ են արված ու զգում ես, որ ապրում են հորրորի մթնոլորտով: Միակ տեղը, որտեղ քիչ թե շատ համոզիչ չէր, դա Իթանի առաջին անգամ Միային տեսնելու պահն էր, երբ անցել էր երեք տարի ու երբ համոզված էր, թե իր կինը մահացած է: Տեսնելուց հետո շատ անտրամաբանական էր Իթանի պահվածքը, երբ «Վայ Միյա, դու ողջ ես, մենք պետք է խոսենք» ու վերջ: Ո՛չ գրկախառնություն, ո՛չ համոզիչ պահվածք: Մնացած դեպքերում ամեն բան արված էր լավ:
Բայց ամենից շատ բացասական ազդեցություն համարում եմ խաղի օպտիմիզացիան, որը շատ դեպքերում իրական վտանգ էր ստեղծում: Որոշ վայրերում, որտեղ fps-ը նվազում էր 20-25 կադրով՝ 60 կայունից հասնելով 40-35 կադրի, նկատելի էր ու զգալի էր, որ խաղային կերպարը, տվյալ դեպքում Իթանը սկսում է տեղաշարժվել ավելի դանդաղ, ու առհասարակ խաղի տեմպը դանդաղում էր: Թեպետ տվյալ խնդիրը հիմնականում պատահում էր ոչ այն ժամանակ, երբ կռվում ես հակառակորդի հետ, բայց ամեն դեպքում անհարմարություններ էր ստեծղում: Ընդհանուր առմամբ խաղը բավական լավ տպավորություններ է թողել, հատկապես կարևորում եմ խաղային մթնոլորտը: Այս ամենից ելնելով պրոյեկտը գնահատում եմ բարձր:
9/10
Comments