Նյութն առաջին անգամ մեր կայքում հրապարակվել էր հուլիսի 13-ին 2018 թվականի:
Dead Space խաղային սերիայի ստեղծագործական ղեկավար Բեն Վանատը հարցազրույց է ունեցել Eurogamer-ի հետ ու տվել է հետաքրքիր տեղեկություններ թերևս այն անձանց համար, ովքեր սիրում էին սույն խաղային սերիան ու հույսով սպասում էին Dead Space 4-ի հայտնությանը: Առավել ևս, որ խաղային պատմությունն ընդհատվեց չափազանց հետաքրքիր կետում, երբ մարդկությունը մոտ էր իր վախճանին: Ավաղ, մենք այդպես էլ չտեսանք սերիայի չորրորդ մասը, սակայն հնարավորություն ունենք գոնե հասկանալու, թե ինչ էր սպասվում մեզ այդ հատվածում:
Այսպես, Dead Space 4-ի կենտրոնական թեման պետք է լիներ մարդկությանը հասած վտանգը: Մարդկությունը գտնվում է անհետացման շեմին: Խուսափելու համար մարդիկ հնարավոր բոլոր միջոցներով լքում են Երկրագունդը, շատերը հիմնելով նոր գաղութներ տիեզերական նավերում:
Dead Space 4-ում նախագծողները խաղացողներին տալու էին ավելի շատ ազատություն: Խաղի յուրաքանչյուր գլուխ խաղացողին տալու էր ազատ հետազոտման հնարավորութուն: Օրինակ առաջին գլխում հերոսն ուղղվելու էր կործանված նավի հետքերով, ճանապարհին նա կարող էր գտնել տարբեր պիտանի առարկաներ, որոնք ըստ հայեցողության կարող էր օգտագործել՝ կիրառելով իրեն պատկանող նավի համար, որը հնարավորություն կտար ճանապարհորդել խաղային սեկտորներում:
Visceral ընկերությունը պատրաստելու էր նավերի տարբեր տեսակներ, որոնք կունենային իրենց նշանակությունը: Որոշներ համապատասխան կլինեյին այս կամ այն խաղային լոկացիայի դեպքում, կունենային առանձին ինտերիեր և գեյմփլեյի տարբերություններ: Դեռ Dead Space 3-ի ստեղծման ընթացքում թիմը հնարել էր բազմաթիվ նորամուծություններ, որոնք շատ կուզենային կիրառել հաջորդ մասում:
Փոփոխության էր ենթարկվելու քրաֆթինգ-համակարգը, քանի որ Dead Space 3-ում , հատկապես կաստոմիզացիային հատկացրել էին շատ ժամանակ ու որոշակիորեն այդ համակարգն ավելի խորն էր, քան կուզենային տեսնել նախագծողները: Այս հանգամանքից ելնելով սերիայի չորրորդ մասում, ճիշտ է, մնալու էր կաստոմիզացիան, սակայն կլիներ ավելի պարզ ու այլկերպ: Ընկերությունը պլանավորել էր ավելացնել նոր տեսակի նեկրոմորֆեր: Որոշներ կշարունակեյին վտանգավոր մնալ նույնիսկ անկշռության պայմաններում: Նման տիպի նեկրոմորֆն ունակ կլիներ մուտք գործել զրոյական գրավիտացիայով միջանցքները, դուրս գար բաց տիեզերք, թռներ հերոսի վրա ու հարձակվել նրա վրա:
Հետաքրքիր հարցերից է, որ Visceral-ը դեռ չէր կողմնորոշվել, թե ով պետք է լիներ խաղի գլխավոր դերում: Հանգամանքը դասավորվել էր այնպես, որ ընկերությունը կարող էր ցանկացած կերպարին օժտել հերոսի դերով: Դա կարող էր լինել Այզեկը, կարող էր լինել Կառվերը, կարող էր լինել Էլլին կամ պարզապես բոլորովին նոր, անծանոթ մի կերպար: Վանատի նախընտրությունը կայանում է Էլլիի վրա: Նա շատ կուզենար տեսնել Էլլիին գլխավոր հերոսի կերպարում:
Շանսեր գրեթե չէին մնացել, թե Dead Space 4-ը երբևե կլինի: Դա դեռ ընկերությունում գիտակցում էին այն ժամանակ, երբ նախագծվում էր Dead Space 3 և Dead Space 3: Awakened խաղերը: Թիմը հասկանում էր, որ պրոյեկտը չի կարող ապահովել այն հարկավոր շահույթը, որն ապահովելու էր շարունակությունը: Վերջին մնացած հույսերն իսպառ հանգչեցին ու Visceral-ը ստիպված եղավ կենտրոնանալ այլ պրոյեկտների վրա:
Ըստ Վանատի, սերիան հնարավոր է վերածնել, եթե դրա համար հատկացվի բավականաչափ բյուջե: Այս դեպքում շահույթը կավելանա և անձնակազմը կկենտրոնանա սերիային բնորոշ հիմնական ուղղությունների վրա՝ ապահովել խաղը վախի մթնոլորտով, փոխանցելու վախի զգացումը: Նման հանգամանքի դեպքում է միայն հնարավոր ետ բերել շատերի կողմից սիրված սերիան, քանի որ խաղում առկա մի քանի վայրկյանանոց վախն ապահովելու համար հարկավոր են խելակորույս ծախսեր, ասել է Վանատը: Վերջինս ամեն դեպքում հույս է հայտնում, որ սերիան կկենդանանա ու մի օր Electronic Arts-ը կհիշի Dead Space-ի մասին ու կշարունակեն ֆրանչայզերի վրա աշխատել: Իսկ քանի որ Visceral Games-ը «Աստաղային պատերազմներ»-ի անանուն խաղի հետ կապված ունեցավ անհաջողություններ, փակվեց ու այժմ Բեն Վանատն աշխատում է Crystal Dynamics-ում որպես ստեղծագործական ղեկավար:
Comments