top of page
  • Фото автораGame Over

Խաղային ժամանակագրություն. 1947-ից մինչև 2019

Ողջույն:

Այս նյութն ավելի վաղ պատրաստել էի միայն Էջի համար: Ժամանակ անց հիշեցի ու որոշեցի վերադառնամ այս թեմային, մի փոքր ավելի խորը մշակեմ այն ու ամբողջական տեսքով ներկայացնեմ հետաքրքրվողներին:

Նյութը վերաբերվում Է վիդեոխաղերին, թե ինչպես է այն առաջացել, ովքեր են զարգացրել այս ոլորտը ու ինչ ապագա ունի առհասարակ: Կոմպյուտերային խաղերի պատմությունը սկսվել է ոչ ավել, ոչ պակաս 1947 թվականից: Իսկ գլոբալ մշակույթ մուտք է գործել 1970-ական թվականներից: Մինչ այդ եղել է ևս մեկ կարևոր իրադարձություն, որը հարկ եմ համարում զետեղել այս հոդվածում:


1947-1990թթ.


1889 թվականին, Ֆուսաջիրո Յամաուչի անունով մի գործարար հիմնեց Marufuku խաղային կազմակերպությունը, որտեղ, սկզբնական շրջանում արտադրվում ու վաճառվում էին միայն խաղաթղթեր: Ավելի ստույգ դրանք ճապոնական «հանաֆուդա» կոչված խաղաթղթերն էին: Տրամաբանական է, որ խոսքը չի վերաբերվում կոմպյուտերային խաղերին՝ հասկանալի պատճառներով: 1907 թվականին այս կազմակերպությունը փոխում է իր անվանումը՝ դառնալով Nintendo Koppai:

Նորաստեղծ կազմակերպությունն ընդուպ մինչև 1963 թվականը զբաղվել է տարբեր ոլորտների գործունեությամբ՝ տաքսի ծառայությունից մինչև սիրային հյուրանոցների տրամադրությամբ և միայն այս շրջանում՝ 1963 թվականին կազմակերպությունը նորից փոխում է իր անվանումը, դառնում Nintendo Company և այդ շրջանում արտադրում է տարբեր խաղալիքներ, այդ թվում նաև էլեկտրոնային: Իսկ սկսած 1978 թվականից, Nintendo-ն մուտք է գործում նոր բնագավառ՝ Խաղային բնագավառ, ինչի համար էլ հավաքվել ենք այստեղ: Բայց հատուկ տեղեկացնեմ, որ առաջին «համակարգչային» խաղը կապ չունի Nintendo-ի հետ, պարզապես սա համարվում է առաջին ընկերությունը, որը խաղային ոլորտի ներկայացուցիչ որպես, ծնվել էր 1889-ից, թեկուզ և առաջնային շրջանում բոլորովին այլ ուղղվածությամբ:

Nintendo Co., Ltd
Nintendo Co., Ltd

Իսկ ահա առաջին կոմպյուտերային խաղերը սկսել են ստեղծվել 1940-ականներից: Իրենցից ներկայացնում էին սովորական սիմուլյացիաներ: Այս շրջանի ամենա վառ խաղային սարքավորումը, որպես այդպիսին, համարվում է Nimatron-ը և նրա համար ստեղծված խաղերը: 1947-ին ստեղծվում է առաջին հրթիռային սիմուլյատորը, որը ամենա առաջին ժամանցային խաղն է համարվում:

1948-1950 թվականներին Ալան Թյուրինգը և Դէյվիդ Չամպեռնաուն նախագծեցին շախմատային ալգորիթմ, սակայն այս թվականներին չկար բավական հզորությամբ համակարգիչ, որպեսզի նախագծված ալգորիթմը ի կատար ածվեր:

1951-1960 թվականները փոքր ինչ բարեհամբույր գտնվեցին այս ոլորտի նկատմամբ: Սովորաբար խաղերի ստեղծումը կապվում է 3 անձնաց հետ՝ Ռալֆ Բաէռ, Ա.Ս. Դուգլաս և Ուիլյամ Հիգինբոտամ, ովքեր համարվում են խաղերի նախահայրերը: 1952-ին ստեղծվումէ շատերիս հայտնի իքս-զրո խաղը (OXO): Իսկ 1958-ին ստեղծվում է առաջին գրաֆիկական ինթերֆեսով խաղը՝ Tennis for Two-ն:

1961-1970 թվականների ընթացքում տեղի ունեցան կարևոր փոփոխություններ:

PDP-10 համակարգչի վրա՝ 1962 թվականին լույս տեսավ Spacewar! առաջին թվային խաղերից մեկը:

Spacewar!
Spacewar!

Երեք տարի անց՝ 1965 թվականին Rosen Enterprises և Service Games of Japan կազմակերպությունների միացումից հետո կազմավորվեց Sega Enterprises ընկերությունը:

1966-1967 թվականներին PDP-10 համակարգիչը տեսավ մի քանի այլ թվային խաղեր ևս:

1969 թվականին Կաջեմասա Կոզուկին հիմնեց մի կազմակերպություն, որը զբաղվում էր երաժշտական ավտոմատների վերանորոգմամբ, կարգավորումներով: Հետագայում այս կազմակերպությունը սկսեց թողարկել խաղային ավտոմատներ և կոմպյուտերային խաղեր: Խոսքը Konami ընկերության մասին է:

Նույն այս տարվա ընթացքում ստեղծվեցին մի քանի խաղեր՝ PDP սերնդի առաջին կոմպյուտերների համար:


Իսկ 1970 թվականին Դուգլաս Էնգելբառտը ստեղծեց առաջին կոմպյուտերային մկնիկը:

1970 թվականին ստեղծվեց անգամ խաղային սերիա՝«1queen»(շախմատ), «apawam»(գոլֆի սիմուլյատոր) և «bandit»(սլոթ-մեքենա սիմուլյատոր):

1971 թվականից սկսած ստեղծվում են մեծ քանակությամբ խաղային ավտոմատներ (առկադա): Ավտոմատների թիվը հասնում է մոտ 1500 հատի, ինչն առաջին զանգվածային տարածումն է եղել խաղերի հետ կապված: Ու հիմնականում խաղային ոլորտի մեկնարկային ճանաչումը սկսվում է հենց այս շրջանից, այսինքն 1970-ականներից: 1971 թվականին տեղի ունեցավ մինչ այս եղած ամենակարևոր իրադարձությունը: Աշխարհում առաջին անգամ, ուսուցողական նպատակներով ստեղծվեց մի խաղ, որը դարձավ շատ հայտնի ու պահանջարկ ունեցող: Այդ խաղը կոչվեց The Oregon Trail, որն աշխատում էր HP 2100 միկրոհամակարգչի վրա: Սակայն հետագայում, ժամանակի արդիականացմանը զուգընթաց, այս խաղը տեղափոխվեց այլ տեխնիկաների վրա՝ Apple II համակարգիչ, որից հետո էլ, 1985 թվականից DOS, Macintosh, Windows, Nintendo Wii, Nintendo DS, Nintendo 3DS, Android, Windows Phone, iOS պլատֆորմներ: Ամբողջ այս տարիների ընթացքում խաղն ունեցավ ռեկորդային 65 միլիոն կրկնօրինակ վաճառք:

1972 թվականին դուրս է գալիս առաջին խաղային կոմպյուտերը՝ Magnavox Odyssey անվանումով: Հետագայում Nintendo ընկերությունը պայմանագիր է կնքում Magnavox-ի հետ:

Magnavox Odyssey
Magnavox Odyssey

1973 թվականին դուրս է գալիս առաջին 3D շութերը՝ առաջին դեմքից, որը ստացել էր Maze War անվանումը:

1974 թվականին դուրս է գալիս առաջին մրցավազքային խաղը՝ Gran Trak 10-ը:

1975 թվականի հիմնական իրադարձությունները պտտվում են նորաստեղծ Atar-ի ընկերության շուրջ: Չնայած այն հանգամանքին, որ այս ընկերության կողմից դուրս եկած խաղային կոմպյուտերների նախատիպը հանդիսացել են Magnavox Odyssey-ի կոմպյուտերները, այնուամենայնիվ հաջողությունը ժպտում է հենց Atari ընկերությանը և մեծ ճանաչում են ունենում խաղերի սիրահարների կողմից:


1976 թվականին իր դիրքերը շարունակում է ամուր պահել Atari-ն: Հոկտեմբեր ամսին Warner Communications-ը 28 միլիոն դոլարով գնում է Atari-ն և հովանավորում նոր ծրագրերի բարգավաճմանը: Սակայն տարեվերջին Fairchild ընկերությունը թողարկում է Channel F խաղային կոմպյուտերը, որն համարվում է երկրորդ սերնդի առաջին կոմպյուտեր: Այս խաղասարքատարի առանձնահատկությունն այն էր, որ հիմված էր միկրոպրոցեսսորի աշխատանքի վրա: Այսպիսով սկիզբ է դրվում երկրորդ սերնդի կոպյուտերների զարգացմանը:


1977 թվականն աչքի է ընկնում տեխնոլոգիական նորարարություններով: Այս տարում մի շարք ընկերություններ ներկայացնում են սեփական համակարգիչները, որոնք փոփոխություն են մտցնում թ՛ե կենցաղ-աշխատանքնային և թ՛ե խաղային ոլորտներում: Հատկապես, որակային առումներով առավել աչքի են ընկնում Apple II, RadioShack TRS-80 և Commodore PET համակարգիչները:

1978 թվականին կրկին աշխուժություն է նկատվում երկրորդ սերդնի խաղային կոմպյուտերների պահանջարկի առումով: Այս տարվա հիմնական դոմինանտները լինում են Magnavox և Atari ընկերությունները: Հարկ եմ համարում հիշեցնել, որ բացի խաղային կոմպյուտերներից, շարունակում են մեծ պահանջակ վայելել արկադա խաղային ավտոմատները:

1979 թվականից շատ ընկերություններ ստեղծում են նոր կոմպյուտերներ ու նոր խաղեր: Օրինակ Atari-ին ստեղծում է խաղային ավտոմատ Lunar Lander անվանումով, որը համարվում էր արկադա սիմուլյատոր: Առավել հաջողություն ունենում է այս ընկերության մեկ այլ խաղային ավտոմատ՝ Asteroids-ը:

Namco-ն թողարկում է Galaxian խաղային ավտոմատը, որն ունենում է հաջողություն և շարունակում է թողարկվել մինչև1990 թվականը: Այս խաղով սկիզբ է դրվում Shoot 'em up ժանրի զարգացմանը:

Galaxian Namco
Galaxian

Անսպասելի հաջողություն է ունենում Apple II համակարգիչը, որը լուրջ հավակնորդ է դառնում Atari-ի համար: Այս թվականների ընթացքում, քանի որ Atari ընկերությունն ունեցել էր բազում հաջողություններ, վերջինիս շուրջ հավաքվել էին ու համագործակցում էին ծրագրավորողների մի հսկայական բանակ: Սակայն ընկերության համար ստեղծված բոլոր խաղերը պիտակվում էին «made in Atari» գրությամբ, ինչը բնականաբար դուր չէր գալիս որոշ ծրագրավորողների: Այս հանգամանքը ստիպում է նրանց հեռանալ ընկերությունից ու հիմնել սեփական անկախ ընկերությունները: Չմոռանամ նաև ասել, որ այս թվականին, առաջին անգամ խաղերում հայտնվում է առաջին «զատկի հավկիթ» արտահայտութունը, որը կարծում եմ, հասկանալի է Ձեզ: Շարունակելով ստեղծված հարաբերությունների թեման, նշեմ, որ ավելի նշանակալից էր Atari ընկերությունից չորս ծրագրավորողների հեռանալը, որոնք հիմնում են սեփական անկախ կոմպանիան, բոլորիս քաջ հայտնի Activision անվանումով: Այս կոմպանիան թողարկում է մեծ քանակությամբ որակյալ խաղեր, որոնք նախատեսված էին «հին բարեկամի» կողմից դուրս եկած կոմպյուտերներով խաղալու համար: Մի կողմից սա դրական էր, իսկ մյուս կողմից բացասական: Շատ ավելի դժգոհ էր Atari-ն, որն էլ որոշում է դատի տալ Activision-ին, պահանջելով, որ թողարկված խաղերի դիմաց որոշակի փոխհատուցում ստանա, քանի որ այդ բոլոր խաղերը հնարավոր էր խաղալ միայն հենց Atari-ի կողմից ստեղծված խաղային կոնսոլներով: Բայց արի ու տես, որ դատավճիռը կայանում է ի օգուտ Activision-ի:

Այս նույն թվականին հիմնվում է մեկ այլ ընկերություն՝ Sierra Entertainment-ը, որը խաղեր էր հանում Apple II համակարգիչների համար: Ընկերությունը քվեստ ժանրում լավագունն էր ոլորտում:


Apple II Apple
Apple II

1980 թվականին Nintendo-ն թողարկում է Nintendo Game & Watch սերիայի առաջին սարքը: Game & Watch խաղային սարքատարը նախատեսված էր գրպանի համար և ուներ հեղուկ-բյուրեղյա դիսփլեյ: Ու չնայած այն փաստին, որ մեկ Game & Watch-ը թույլ էր տալիս խաղալ ընդամենը մեկ խաղ, այնուամենայնիվ սարքն ունենում է մեծ պահանջարկ ու արտադրվում մինչև 1990 թվականը:

Սույն թվականի մայիսի 22-ին Namco-ն արտադրում է մի խաղային ավտոմատ, որում առկա է լինում Տոռ Իվատանի նախագծած Pac-Man արկադա խաղը: Այս խաղն ունենում է «սուպերպահանջարկ», որ մինչ այդ դեռ չէր ունեցել և ոչ մի խաղ:

Տարեվերջում կրկին փայլում է Atari ընկերեությունը, որն իր Atari 2600 կոմպյուտերի(երեք տարի համարվել է ամենապահանջված խաղային կոմպյուտերը) համար թողարկում է մի քանի արկադա խաղեր: Այս հանգամանքը ստիպում է օգտատերերին ու առհասարակ մնացած բոլոր անհատներին ավելի ինտենսիվ պահանջարկ ցուցաբերել ընկերության նկատմամբ: Վերջին հաշվով սա հանգեցնում է նրան, որ ընկերության կոմպյուտերների պահանջարկը երկու անգամ ավելանում են՝ տարեկան վաճառվելով 2 միլիոն կոմպյուտեր կրկնօրինակով:

Pac-Man
Pac-Man

1981 թվականի ընթացքում տեղի են ունեում կարևոր իրադարձություններ: Հունվարի 13-ին Midway Games ընկերությունը դուրս է բերում Pac-Man խաղի սիկվելը՝ Ms. Pac-Man-ը, որը գերազանցում է օրիգինալին: Իսկ նույն թվականի հուլիսի 9-ին Nintendo-ն թողարկում է նոր արկադա խաղային ավտոմատ՝ Donkey Kong, որը մտնում է աշխարհի ամենալավագույն խաղային ավտոմատների եռյակ: Նույն ամսին Konami-ն արտադրում է Frogger խաղը, որը հայտնի է դառնում ամբողջ աշխարհով: Բնականաբար այս ամենից չէր կարող զերծ մնալ Atari ընկերությունը, որը թողարկում է նոր շութեր խաղ՝ Tempest անվանումով: Ի սկզբանե որոշված էր, որ խաղը կլինի 3D ֆորմատով, սակայն այդ շրջանի տեխնոլոգիաները թույլ չտվեցին իրագործել գաղափարը: Խաղն այս պարագայում էլ ունեցավ հաջողություն և աշխարհի մասշտաբով 29 հազար խաղային ավտոմատներում տեղակայվեց: Բացի այս, Atari-ին իր Atari 2600 կոմպյուտերներ ներմուծեց հայտնի Ms. Pac-Man և Centipede խաղերը, այս կերպ նոր թափ տալով սույն կոմպյուտերների պահանջարկին: Իսկ ահա «թշնամի» Activision-ը շարունակում էր թողարկել խաղեր այս կոմպյուտերների համար, որոնցից վերջինը դարձավ Kaboom! խաղը, որը և մտնում էր թոփ 10-նյակ Atari 2600 կոմպյուտերներում:

Այս թվականին խաղային երկրորդ սերնդի հետ կապված հիշարժան նորություններ տեղի չեն ունենում, բացի SEGA-ի փորձնական առումներով արված SEGA Game 1000 կոնսոլից: Սա այնքան էլ հաջողություն ձեռք չի բերում, ինչն էլ ստիպում է ընկերությանը մինչև 1983 թվականը «լռել»:

Apple II համակարգչի համար Muse Software-ը թողարկում է Castle Wolfenstein խաղը, որը համարվում է աշխարհի առաջին սթելս-էքշն ժանրի խաղ:

Սույն տարվա ընթացքում բացի վերոնշյալ իրադարձություներից, տեղի են ունենում ևս մի քանիսը, մասնավորապես հիմնվում են կամ սկսում են ձևավորվել մի քանի նոր կազմակերպություններ:


1982 թվականը, կարելի է ասել այնպիսի տարի է եղել, որ կոմպյուտերային խաղերը, կոնսլոները և ոլորտի տեխնոլոգիաները դարձել էին կյանքի բաղադրիչ մաս: Եթեր էին հեռարձակվում խաղային նորություններ, տեղի էին ունենում խոշորամսշտաբ իրադարձություններ, նկարահանվում էին մուլտֆիլմեր, որոնց դերերում հայտնվում էին խաղային կերպարներ, իսկ հայտնի ֆիլմերի մոտիվներով ստեղծվում էին կոմպյուտերային խաղեր: Այս թվականին նույպես , որպես լավագույն կոմպյուտեր շարունակում էր մնալ Atari 2600-ն: Իսկ որպես լավագույն արկադա խաղ համարվում էր Donkey Kong Jr.-ը, թողարկված Nintendo-ի կողմից: Բավական մեծ հաջողություն է ունենում Pole Position ավտոսիմուլյատորը: Առաջին անգամ ներկայացվում է մի խաղ՝ երրորդ դեմքից: Հենց այս խաղից էլ ձևավորվել է այն ստանդարդը, որն այժմ առկա է գրեթե բոլոր ավտոսիմուլյատորներում: Դասական պլատֆորմեր խաղի առաջին օրնակ է հանդիասնում և համարվում Pitfall! խաղը, որն առաջին լուրջ հաջողությունն է բերում Activision-ին: Տեղի են ունենում կարևոր զարգացումներ, որոնք խիստ կերպով ազդում են հայտնի Atari ընկերության բյուջեյի ու անվան վրա: Այլ կերպ ասած, ընկերությունը սկսում է հետզհետե նահանջել իր անառիկ պահած դիրքերից:

Մայիսի 28-ին Տռիպ Հոքինսը, 200 հազար դոլար նախնական գումարով ստեղծում է Amazin' Software ընկերությունը: Հետագայում ընեկերությունը վերանվանվում է Electronic Arts-ի:

Amazin' Software
Electronic Arts - նախկինում հայտնի էր Amazin' Software անունով

1983 թվական: Տարի, որն աչքի է ընկնում իր ճգնաժամային աղետով, որը և շարունակվում է մինչև 1985 թվականը: Այս ճգնաճամը գեյմինդուստրիայի առաջին լուրջ կաթվածն է: Սկսած այս թվականից, շուկայից իսպառ դուրս են գալիս մի շարք հայտնի ընկերություններ: Շուկայի դոմինանտ Atari ընկերությունը մինչ այս էլ լավ վիճակում չէր, իսկ այս ճգնաժամն ավելի վատթարացնում է իրավիճակը ու կարելի է ասել, ընկերությունը ոչ մի դեր չուներ այլևս գեյմինդուրստրաիայում:

Խաղային կոնսոլները, որոնք մեծ պահանջարկ ունեին ու կարող էին հանդիպել գրեթե ցանկացած ընտանիքում, սկսեցին իրենց տեղը զիջել Անհատական Համակարգիչներին: Սա պայմանավորված էր նաև նրանով, որ վերջիններս քցում էին իրենց գնային արժեքը, ավելի մատչելի դառնալով հասարակության համար: Իսկ հասարակությունը զգում էր, որ Անհատական Համակարգիչները, բացի այն, որ համատեղելի էին խաղերի հետ, ունեյին նաև այլ բնագավառներում օգտագործվելու հնարավորություն՝ բիզնես ոլորտ, աշխատանքնային առօրյա և այլն: Այս իրավիճակից փրկվելու համար, գտնվեցին ընկերություններ, որոնք իրենց խաղային կոնսոլների բազայի վրա ստեղծեցին սեփական համակարգիչները: Sega ընկերությունը, որը 1981 թվականին փորձարարական պայմանով թողարկել էր SG-1000 կոնսոլը և որը հաջողություն չէր ունեցել, այս բազայի վրա ստեղծում է SG-3000 համակարգիչը: Վաճառքն իրականացվում է միայն Ճապոնիայի տարածքում, սակայն գտնվում են մի քանի այլ երկրներ, որոնք ներմուծում են ապրանքատեսակն իրենց երկիր: Սա Sega-ի առաջին լուրջ հաջողությունն էր:

1983 թվականի հունիսի 27-ին, Microsoft-ի ճապոնական մասնաճյուղը հրապարակում է տնային համակարգիչների ստանդարդը: MSX ստանդարտը ընդունվում է մեծ ոգևորությամբ: MSX ստանդարդով համակարգիչների համար դուրս են գալիս Antarctic Adventure, Bomberman, Castlevania, King's Valley, Metal Gear, Valis խաղերը, որոնք ունենում են հաջողություններ և շարունակում են գոյություն ունենալ անգամ մեր օրերում: Բացի այն, որ MSX ստանդարդը տարածում է գտնում ամբողջ Ճապոնիայում, սկսում է դուրս գալ արտաքին շուկա, հասնելով Եվրոպական երկրներ, Բրազիլիա, Իսպանիա, ԽՍՀՄ:

Անհատական համակարգիչների զարգացմանը զուգընթաց, շուկայից չեն հեռանում ու շարունակում են պահանջարկ ունենալ արկադա խաղային ավտոմատները: Այս թվականին Cinematronics ընկերությունը դուրս է բերում Dragon’s Lair խաղային ավտոմատը, որը միանգամից դառնում է հիթ: Սա առաջին խաղն է, որտեղ խաղային պրոցեսսում հայտնվում են կինոմատոգրաֆ-անիմացիա: Ու իսկապես անիմատոր Դոն Բլուտը հոյակապ աշխատաքն է տարել այս աշխատանքի վրա: Վերջինս նախկինում աշխատել է Disney-ում:

Nintendo-ն թողարկում է նոր արկադա խաղային ավտոմատ՝ Mario Bros. խաղով: Մեծ արագությամբ խաղը դառնում է պոպուլյար և ամենահաջող սերիաներից մեկը Nintendo-ի համար: Այս թվականին դուրս են գալիս տարբեր ընկերութունների կողմից մշակված մի շարք խաղեր, որոնք համարվում են գեյմինգի դասականներ: Առանձին-առանձին չխոսելու համար ներկայացնեմ այդ խաղերից մի քանիսը: Spy Hunter, Tapper, Ant Attack , Manic Miner, Jetpac, Atic Atac, Lode Runner, Archon: The Light and the Dark, Alley Cat և այլն:


Mario Bros
Mario Bros. - ամեն ինչ ասված է, եթե անգամ Դու չես խաղացել այս խաղը

Նույն այս թվականին է ձևավորովել ֆրանսիական հայտնի Infogrames Entertainment-ը, որն առավել հայտնի է իր Alone in the Dark(1992) խաղով:

Այս տարում ձևավորվել է նաև Interplay Entertainment-ը, աշխարհին տալով Wasteland, Battle Chess, Descent, MDK, Fallout և Baldur’s Gate խաղերը:

Բացի այս, 1983 թվականին, Ռոբերտ և Ռիչարդ եղբայրները, վերջիններիս հայր՝ Օուէն Գէռռիոտը և Չակ Բուշը հիմնում են մի կազմակերպություն, որն անվանվում է Origin Systems: Այս տարում կազմակերպությունը թողարկում է Ultima III: Exodus խաղը, որն էլ մեծ հաջողություն է բերում կազմակերպությանը:


1984 թվականը շարունակում է ուղեկցվել ճգնաժամային կարգավիճակով: Շատ մասնագետներ անգամ եզրահանգում են նրան, որ խաղային ինդուսրտրիան մոդայի մի տեսակ է, որը եղել է ու կորցնում է իր դերը մարդկանց առօրյայում:

Այս կարծիքը չէր խանգարում տնային համակարգիչների զարգացմանը: Հենց տարեսկզբում ստեղծվում են նոր մոդելներ, որոնցից են օրինակ Sinclair Research ընկերության կողմից ստեղծված Sinclair QL համակարգիչը և Apple-ի կողմից ստեղծված Apple Macintosh 128K-ն:

Atari ընկերության հետ կապված ասեմ, որ վերավաճառվում է և միանալով Ջեք Թռէմելի հիմնած Tramel Technology-ին, վերանվանվում է Atari Corporation-ի, այս կերպ վերհառնելով:

Սկսում են կտրուկ նվազել արկադա խաղային ավտոմատներից օգտվողների քանակը: Եթե նախկինում այս ավտոմատների վրա դուրս եկած խաղերը հետագայում էին միայն տեղափոխվում այլ պլատֆորմներ, այժմ արդեն հիմնականում խաղերը դուրս էին գալիս Անհատական Համակարգիչների վրա, ապա նոր տեղափոխվում խաղային ավտոմատներ: 1984 թվականը համարվում է «արկադա խաղային ավտոմատների ոսկե դարի» մայրամուտ:

Այս թվականի հետ կապված գլխավոր խաղերից մեկը համարվում է Boulder Dash-ը, որի դուրս գալուց հետո խաղն ունենում է հաջողություն և ադապտացվում գրեթե բոլոր պլատֆորմաների համար, ընդհուպ անգամ արկադա խաղային ավտոմատներ: Ընկերությունը մինչ օրս շարունակում է թողարկել խաղի նորանոր սերիաներ:

Պետք չէ համարել, որ տնային համակարգերը սահմանափակվում էին միայն անհատական համակարգիչներով: Չնայած, որ ճգնաժամը դեռ շարունակվում էր, պետք է ասել նաև այն մասին, որ խաղային կոնսոլները հասել էին ահռելի թվաքանակի: Իր գոյության յոթ տարիների ընթացքում Atari 2600 կոնսոլը վաճառել էր 30 միլիոն կրկնօրինակ ապրանք: Այս կերպ ամենապահանջված տնային խաղային պլատֆորմ շարունակում էր մնալ հենց Atari 2600-ը:

Թվականի կարևոր իրադարձություններից մեկը Tetris խաղի ստեղծումն է լինում: Խաղային բնագավառում ամենահայտնի ու ամենապահանջարկ ունեցող խաղերից այս մեկը ստեղծվել է ԽՍՀՄ-ում ու հայտնի դարձել ամբողջ աշխարհով մեկ: Բավական է ասել, որ խաղը ադապտացվել է գրեթե բոլոր խաղային պլատֆորմներում, իսկ վաճառքի կրկնօրինակը կազմել է 143 միլիոն, ինչը բացարձակ ռեկորդ է: Խաղն ունենում է տասնյակ սիկվելներ, ռեմեյքներ ու անգամ հասնում է մեր թվականներ՝ նոր տեսքով, նոր հնարավորություններով:

Կարևորներից է նաև Nintendo Entertainment System-ի կողմից թողարկված Duck Hunt խաղը: Շատերիս ծանոթ այս խաղն ունեցել է 28 միլիոն կրկնօրինակ վաճառք, ինչն ընկերության համար լավագույն երկրորդ ցուցանիշն է:

Տարին մոտենում էր ավարտին, սակայն ճգնաժամը դեռ շարունակվում էր: Գուցե այդպես էլ ավարտվեր, եթե Nintendo-ի վերաթողարկված Nintendo Famicom կոնսոլները փոփոխություն չմտցնեին Ճապոնիայում: Այս երկրում ապրանքը անսպասելիորեն մեծ հաջողություններ ձեռք բերեց: Վաճառքը հասավ ընդուպ մինչև 2.5 միլիոն կրկնօրինակի: Նման արդյունք երբեք չէր գրանցվել Ճապոնիայում: Կարևոր հանգամանք էր նաև այն, որ կոնսոլների հետ մեկտեղ վաճառվում էին նաև քարտրիջները: Այսպիսով, տարեվերջում մասնագետները եզրահանգեցին նրան, որ ճգնաժամը սկսում է լքել Ճապոնիան, հույս հայտնելով, որ նույնը տեղի կունենա ամբողջ աշխարհով մեկ:

Tetris
Tetris - ևս մեկ հայտնի խաղ

1985 թվական Ճապոնիան մուտք գործեց հաղթանակած: Այս երկրում իսպառ վերջացավ ճգնաժամը, անգամ ավելի հաստատուն դիրք բռնեց գեյմինդուստրիան: Ճապոնիայում սկսվեց երրորդ սերնդի խաղային կոնսոլների շրջանառությունը:

Այս թվականին, 21 ընկերություններից կազմված հանձնաժողովը նոր որոշում է ընդունում կապված ինֆորմացիայի պահպանման ստանդարդի հետ: Եթե նախկինում օգտագործվում էին տեսաերիզները, քարթրիջները, ապա 1985 թվականից որպես ստանդարդ ի հայտ է գալիս Microfloppy հասկացությունը: Ասեմ, սա ստեղծվել էր դեռ 1983 թվականին, սակայն կիրառելի չէր:

Թարմացվում է նաև MSX ստանդարդը, անցում կատարելով MSX 2-ի:

Atari ընկերությունն այս թվականին թողարկում է ժամանակակից ու հզոր Atari ST մոդելի Անհատական Համակարգիչը: Չնայած իր առավելութուններին, գունային սխեմային, համակարգիչն ավելի էժան է գնահատվում քան Apple Macintosh 128K-ը: Այս է պատճառը, որ Atari ST համակարգիչներն ավելի մեծ տարածում են գտնում: Այս պլատֆորմի համար դուրս են գալիս հսկայական թվաքանակով խաղեր, մինչև անգամ 90-ականների սկիզբ: Այս համակարգչի համար բավական հզոր հակառակորդ դարձավ Amiga Corporation-ի կողմից ստեղծված Amiga մոդելի անհատական համակարգիչները: Մոդելն իր մուլտիմեդիայի առումով աշխարհում առաջինն էր: Բացի այն, որ համակարգիչը մեծ հաջողություններ ունեցավ հասարակության կողմից, իր շուրջը սկսեց հավաքել մեծ քանակությամբ ծրագրավորողների, որոնք էլ մի շարք ծրագրեր ստեղծեցին հատուկ այս մոդելի համար: Իսկ խաղերի համար խոսելն ավելորդ է, քանի որ էքսքլյուզիվ խաղերն առաջին հերթին ստեղծվում էին հենց այս մոդելի համար, ապա նոր տեղափոխվում մնացած բոլոր պլատֆորմներ:


Amiga
Amiga 1000

Իրավիճակը Ճապոնիայում գերազանց էր, այստեղ խաղային շուկան թագավորում էր Nintendo-ն: Ընկերությունը փորձեր է անում դուրս գալ նաև արտաքին շուկա՝ ԱՄՆ: Աշնանը Nintendo-ն հատուկ ամերիկացիների համար ստեղծում է Nintendo Entertainment System-ը, որն ունենում է մեծ հաջողություն, գերազանցում մինչ այս եղած բոլոր ռեկորդներն ու այս կերպ պարտության մատնելով նույնիսկ ԱՄՆ-ում եղած ճգնաժամը: Փաստացի, հենց Nintendo-ին է հաջողվում լուծել ճգնաժամային խնդիրները, որոնք կարծես թե կարող էին վերջ դնել առհասարակ գեյմինդուստրիայի հետագա ընթացքին:

Ճապոնիայում թափ էր հավաքում նաև Sega ընեկերությունը, որը ստեղծեց Sega Mark III կոմպյուտերը: Տեխնիկական բնութագրերով այս նոր կոմպյուտերը գերազանցում էր Nintendo Entertainment System-ին: Սակայն վիդեոխաղերի անհամատեղելիության խնդիրներից ելնելով նոր մոդելը մեծ հաջողություններ ձեռք չի բերում:

Այս թվականին ի հայտ եկած նորաստեղծ կազմակերպություններից են ֆրանսիական Titus Interactive-ը, աշխարհին տալով Titus the Fox, The Blues Brothers և Metal Rage խաղերը և ոչ միայն, ինչպես նաև Westwood Studios-ը, որի կողմից դուրս եկած Command & Conquer սերիան 1995 թվականին սահմանեց Գինեսյան ռեկորդ՝ վաճառվելով 10 միլիոն կրկնօրինակով:

Այս ժամանակաշրջանի գլխավոր խաղերից են եղել Ghosts 'n Goblins խաղը, որն առավել աչքի է ընկել իր խաղային պրոցեսսի դժվարությամբ: Խաղը ստեղծվել է Capcom-ի կողմից: Ընկերությունը նաև թողարկում է նոր խաղային ավտոմատ՝ Commando կոչվող, որը համարվում է սքրոլլ-շութերի դասական օրինակ: Taito-ն իր հերթին թողարկում է The Legend of Kage խաղը, որն ավելի մեծ հաջողություն ստանում է տնային կոնսոլներին անցնելուց հետո:

Կարևոր խաղ է նաև Little Computer People-ը, որը թողարկել էր Activision ընկերությունը: Խաղն համարվում է առաջին «կյանքի սիմուլյատորը»: Ճանաչվել է տարվա լավագույն խաղ Golden Joystick Awards-ում:

Տարվա հայտնի խաղերի թվում էին Saboteur! , The Bard’s Tale, Ultima IV: Quest of the Avatar, The Way of the Exploding Fist, International Karate և ուրիշներ:

Թերևս 1985 թվականի ամենակարևոր իրադաձյությունը համարվում է Super Mario Bros. խաղի թողարկումը Nintendo Entertainment System պլատֆորմի համար: Ի սկզբանե այս խաղը արտացոլում էր Mario Bros. խաղի հզորացված ու թարմացված տարբերակը: Չնայած այս հանգամանքին, խաղը հիմք է դնում նոր սերիաների ստեղծմանը: Հենց այս խաղով է հայտնի «Մարիոն» ճանաչելի դարձել ամբողջ աշխարհին: Խաղն ունեցել է հսկայական հաջողություն, ռեկորդ սահմանելով անգամ Գինեսի գրքում: Super Mario Bros.խաղի վաճառքը կազմել է 40 միլիոն կրկնօրինակ, ինչն ամենավաճառվողն է եղել NES-ի համար: Բացի այս, խաղը համարվում է ամենապահանջված և ամենաթանկ ֆրանչայզերը գեյմինդուստրիայում: 2011 թվականի մարտ ամսվա դրությամբ այս սերիան ունեցել է 262 միլիոն վաճառք, շարունակելով գրանցել նորանոր աճ: Այս ամենից զատ խաղն իր ազդեցությունն է թողել մինչև անգամ գրականության, կինոյի, երաժշտության և այլ բնագավառների վրա: Գաղտնիք չէ նաև, որ «Մարիո» եղբայրների անունով կան նույնիսկ փողոցներ:

Այսպիսով, 1985 թվականը հարուստ է եղել իր խաղերի քանակով, նորաստեղծ տեխնոլոգիաներով՝ առաջին մուլտիմեդիա կոմպյուտերի ստեղծմամբ, երրորդ սերնդի խաղային համակարգերի վաճառքով: Այս ամենը ստիպեց, որպեսզի աշխարհի երեսից անհետանար ոլորտի ճգնաժամը: Իհարկե այն իր հետքը թողեց շատ ընկերությունների վրա: Իսկ մնացած կազմակերպությունները դարձան ավելի զգուշավոր ու խելամիտ: Իսկ վերլուծաբաններն ու մասնագետները, որոնք դեռ մեկ-երկու տարի առաջ ասում էին, թե խաղային ասպարեզը ընդամենը ժամանակի հարց է ու կվերանա շատ շուտով, ստիպված էին հաստատել, որ գեյմինդուստրիան ամենևին էլ երկրորդական չէր ու որ վերջինս շուկայի լիիրավ անդամ է:


1986 թվական: Շատ չմանրամասնելով, փորձեմ հակիճ տեղեկություն տալ այս թվականի ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ:

The Legend of Zelda խաղի սետղծումը Nintendo-ի կողմից: Խաղը հիմք հանդիսացավ The Legend of Zelda սերիայի ստեղծմանը:

Dragon Quest-ը , որն իր հերթին հիմք հանդիսացավ Dragon Quest սերիայի սետղծմանը: Խաղը թողարկվել է Chunsoft ընկերության կողմից: Ճապոնիայում ունեցած հաջողություններից հետո համարվում է, որ այս խաղը JRPG ժանրի «նախահայրերից» մեկն է հանդիսանում:

Konami-ին թողարկում է Castlevania խաղը: Սկսվում է Castlevania սերիայի սկիզբը:

Sega-ի կողմից աշնանը թողարկվում է Out Run խաղը, որ նախատեսված էր արկադա խաղային ավտոմատների համար: Հետագայում խաղը տեղափոխվում է նաև այլ պլատֆորմաներ: Այս ավտոմատում առաջին անգամ կիրառվում է force feedback տեխնոլոգիան: Ինչ վերաբերվում էր նորագույն տեխնոլոգիաների ի հայտ գալուն՝

Nintendo-ն ստեղծում է Family Computer Disk System պերիֆերիկ սարքը, հատուկ Famicom կոնսոլի համար, որը թույլ էր տալիս օգտագործել երկերեսանի միկրոֆլոպիներ:

Sega-ն ամերիկյան շուկայի համար արտահանում է Sega Master System կոնսոլը:

Իսկ ընկերությունների հետ կապված, օրինակ կարևոր է ասել, որ այդ թվականի ամռանը Activision-ը միացավ Infocom ընկերությանը: Նույն Activision-ի մի խումբ ծրագրավորողներ հիմնեցին Absolute Entertainment-ը:

Հիմնվեց հայտնի Ubisoft ընկերությունը: Նաև Imagineering ընկերությունը:


1987 թվականի կարևոր իրադարձություններն հետևյալն էին՝

Lucasfilm Games -ը թողարկում է Maniac Mansion քվեստը, որն առաջին խաղն էր SCUMM-ի վրա: Capcom-ի կողմից դուրս է գալիս Street Fighter-ը:

Konami-ին թողարկում է հայտնի Metal Gear-ը՝ սկիզբ դնելով սերիայի ստեղծմանը:

Taito Corporation-ի կողմից դուրս է գալիս Double Dragon խաղը:

Հոկտեմբերի 30-ին NEC ընկերությունը Ճապոնական շուկայի համար թողարկում է PC Engine կոնսոլը:

Նախագծվում է նոր ստանդարտ՝ VGA վիդեոինթերֆեյսը:


1988 թվականի կարևոր իրադարձությունները:

Capcom ընկերության կողմից դուրս է գալիս Mega Man 2 խաղը, որը դառնում է իսկական բեսթսելլեր, վաճառվելով 1.5 միլիոն կրկնօրինակով:

Nintendo ընկերությունը Ճապոնիայում թողարկման է հանում Super Mario Bros. 3 խաղը:

Տեխնոլոգիական նորություններից ամենակարևորը թերևս Sega ընկերության նոր կոնսոլի ի հայտ գալն էր հոկտեմբերի 29-ին, որն աշխատում էր, միանալով հեռուստացույցին: Դա Sega Mega Drive կոմպյուտերն էր:

Այս թվականին հիմնված ընկերություններից էին Visual Concepts, Walt Disney Computer Software, Eurocom, Kaga Create ընկերությունները:

Իսկ Սան-Խոսեյում տեղի է ունենում համակարգչային խաղեր նախագծողների առաջին կոնֆերանսը(Game Developers Conference): Ներկա էին 27 մասնակիցներ:

1989 թվականի կարևոր իրադարձություններն էին:

Bullfrog Productions-ի Populous խաղը:

Namco-ի Winning Run խաղը:

Maxis-ի Will Wright's SimCity խաղը, որն առաջինն էր Sim խաղային սերիայում:

Brøderbund-ը թողարկում է Prince of Persia սերիայի առաջին խաղը:

Lucasfilm ընկերությունը թողարկում է Indiana Jones & The Last Crusade: The Graphic Adventure քվեստը:

Տեխնոլոգիական նորարարություններից առավել աչքի են ընկնում Atari ընկերության ստեղծած Lynx գրպանի կոնսոլը:

Matell Inc.-ի ստեղծած Power Glove ղեկավարման վահանակը՝ NES պլատֆորմի համար:

Nintendo-ի ստեղծած առաջին քարթրիջով աշխատող գրպանի կոնսոլը՝ Game Boy:

Իսկ որպես ընկերություններ ձևավորվեցին՝

Trinaty Acquisition Corporation-ը, որն 1990-ին վերանվանվեց THQ-ի:

Տոնվում է Nintendo ընկերության 100 ամյակը:

1990 թվականի կարևոր իրադարձություններից են՝

փետրվարի 12-ին Nintendon թողարկում է առաջին Final Fantasy խաղը՝ սկիզբ դնելով սերիայի ստեղծմանը:

21-ը նոյեմբերի դուրս է գալիս Nintendo-ի Super Mario World և F-Zero խաղերը:

Տեխնոլոգիաների զարգացման հետ կապված՝

NEC-ը թողարկում է TurboExpress կոնսոլը:

Nintendo-ն ճապոնական շուկայի համար թողարկում է Super Famicom կոնսոլը:

Նոյեմբերի 30-ից եվրոպայում սկսվում է Sega Mega Drive կոնսոլի վաճառքը:

Amstrad-ը դադարեցնում է Բրիտանիան գրաված իր ZX Spectrum կոնսոլների արտադրանքը: Սկսում է արտադրել GX4000 մոդելը, որը գեյմինդուստրիայի ամենաձախողված իրադարձություններից մեկն է եղել:

Իսկ տարվա հայտնություններ դառնում են Eidos plc, Team17 Software Limited ընկերությունները:

Sega Mega Drive
Sega Mega Drive

1991-2000թթ.

Ահա և շարունակությունը այն պատմության, թե ինչպես սկիզբ առավ կոմպյուտերային խաղերի պատմությունը, ինչ զարգացումներ ունեցավ 20-րդ դարի ավարտին և ինչ նորություններ ու հետաքրքիր իրադարձություններ ծնունդ առան այս ժամանակահատվածում: Ու պատկերացրեք, որ պակաս հետաքրքիր ու կարևոր դեպքեր տեղի չունեցան: Մասնավորապես ձևավորվեցին մի քանի նոր խաղային ժանրեր, տեղի ունեցան գրաֆիկական առաջընթացներ ու ստեղծվեցին առանձին կարևորության խաղեր, որոնց մասին էլ այժմ հակիրճ կխոսենք: Կփորձեմ Ձեզ ներկայացնել այս տասը տարիների ամենակարևոր ու հայտնի իրադարձությունների մասին:


1991 թվական: Տասնամյակի սկզբում Id Software -ը ստեղծում է Hovertank 3D անունով մի խաղ, որը փաստացի համարվում է առաջին հայացքից շութերների ձևավորման աղբյուրը: Խաղը 3D գրաֆիկայով էր արված: Հաջորդ տարվա ընթացքում ստեղծվում է ևս մեկ նոր խաղ, որն այս անգամ սկիզբ է դնում RPG ժանրի խաղերի ստեղծմանը: Խոսքը գնում է Ultima Underworlds: The Stygian Abyss խաղի մասին, որը նախագծվել էր Blue Sky Productions-ի կողմից: Չնայած այս և սկզբնական շրջանի շատ խաղեր կոչվում էին 3D, պետք է հավելեմ, որ դրանք ամբողջապես եռաչափ գրաֆիկայով չէին - որոշ տեքստուրաներ հարմարեցնում էին 3D-ի, խաղացողի մոտ ստեղծելով իլյուզիաներ: Կոչվում էին սփրայթներ:

Նույն թվականին SEGA-ն թողարկում է 3D մրցումային խաղ Virtual Racing անվանումով: Այս պարագայում արդեն վերոնշյալ տարածական պատկերներն ամբողջապես եռաչափ էին: Հորրոր ժանրի խաղերի մեջ առաջին եռաչափ պրոյեկտը համարվում է Alone in the Dark-ը՝ ստեղծված Infogrames-ի կողմից:

Եռաչափ խաղերի հիմնական և ամբողջական օգտագործումը սկսվում է 1995 թվականից: Առաջին նման խաղերից լինում է PlayStation-ի կողմից ստեղծված Jumping Flash! խաղը: Իսկ մինչ այդ՝ 1994 թվականից սկսած, ստեղծվում է մեր օրերի ամենա հայտնի խաղային-մրցումային սերիան՝ Need for Speed-ը EA-ի կողմից:

1996 թվականին տեղի է ունենու կարևոր միջոցառում, որը թեպետ այդ շրջանում մի գուցեև քիչ հետաքրքրություն ներկայացներ իրենից, սակայն մեր օրերում արդեն խաղային ոլորտի ամենա կարևորներից է: Խոսքը գնում է Electronic Entertainment Expo-ի կամ ավելի կարճ՝ E3-ի մասին: Այս նույն թվականին, իհարկե ստեղծվում են մի շարք նոր խաղեր, անգամ հայտնի սերիաներ: Բայց կարևորների մասին խոսելուց անպայման պետք է նշեմ Half-Life-ը, որը թողարկվեց Valve-ի կողմից: Խաղի առաջնային կարևորությունը նրա սյուժեյում էր, այսինքն խաղ նախագծողները լուրջ քայլեր էին անում ոչ միայն առաջադեմ նորարարություններ մտցնելով տեխնիկական մաս, այլ նաև կարևորում էին պատմությունն առանձին:

Valve
Half-Life

1997-ին պակաս կարևոր խաղ չի ստեղծվում: Շատերիս հայտնի Resident Evil-ը տպավորում է միլիոնավոր մարդկանց, իսկ հետո գալիս է Sillent Hill-ի ժամանակը և երկու խաղային սերիաները մեծ ոգևորություն ու հեղափոխություն են բերում իրենց հետ գեյմոլորտ: Հաջորդ տարիների կարևորագույն խաղերից են նաև GTA 1 ու 2, Fallout 1 ու 2 խաղերը: Այս պրոյեկտները կարևոր տեղ ունեն նույնիսկ մեր օրերում: Հետագայում՝ տասնամյակի վերջին թողարկվում է նաև GTA 3-ը, որը սերիայի առաջին 3D գրաֆիկայով խաղն է դառնում և միավորում է հարյուր հազարավոր երկրպագուների:

1999 թվականում արդեն ոչ թե նկատելի էր, այլ աներկբա էր, որ խաղային ինդուստրիան այն մակարդակի է հասել, որ կազմակերպվում էին տարբեր կարևորության, նշանակության միջոցառումներ, մրցանակաբաշխություններ, առաջնություններ: Զգացվում էր մրցակցային պայքար գեյմընկերությունների միջև, մինչև անգամ միմյանց դեմ էին դուրս գալիս խոշոր կազմակերպություններ և գործը հասնում դատական նիստերի: Սա նշանակում էր, որ ոլորտը խիստ կարևոր էր ու բոլորը ցանկանում էին 2000-ականներ ոտք դնել «հաղթանակած» ու հպարտ հայացքով:


2001-2010թթ.

Որպեսզի այս ինը տարիների խաղային իրադարձությունները հատ առ հատ չթվարկեմ, թե ինչ խաղեր են թողարկվել տվյալ շրջանում, իսկ դրանք անհամեմատ շատ են, փոխարենը կներկայացնեմ նույն այս շրջանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները: Սկսենք Sega ընկերությունից, որը հայտարարում է, թե այլևս չի թողարկի տնային խաղային կոնսոլներ, փոխարենը կկենտրոնանա խաղերի ստեղծման վրա: 2001 թվականին, արդեն հայտնի Activision ընկերությունը ձեռք է բերում նոր ստուդիա, որը Treyarch-ն էր և որը բազում խաղեր է տվել, այդ թվում Call of Duty սերիայից: Հայտնի ևս մեկ ընկերություն՝ Sony-ին սկսում է համագործակցել AOL կազմակերպության հետ և թողարկում են նոր ֆունկցիաներ ժամանակի առաջատար կոնսոլի՝ PlayStation 2-ի համար: Տարեվերջին վիդեոխաղերում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվում է Ջեզ Սանը՝ Բրիտանական Կայսրության կողմից: Սրա կարևորությունը կայանում էր նրանում, որ առաջին անձն է եղել, ով պարգևատրում է ստացել վիդեոխաղերի ասպարեզում:

Sony PlayStation 2
PlayStation 2 - 2000-ականների դոմինանտը

Չնայած խաղային կոնսոլների առաջատարն այս շրջանում մնում էր PS2 կոնսոլը, սակայն այս թվականին Nintendo-ն թողարկում է GameCube խաղասարքը, իսկ Microsoft-ն իր հերթին արտադրում է առաջին Xbox-ը:


Համաձայն NPD գործակալության տվյալների՝ ԱՄՆ-ում 2001 թվականի ամենավաճառվող խաղերի տասնյակն ուներ այս տեսքը՝

1. GTA III

2. Madden NFL 2002

3. Poke'mon Crystal

4. Metal Gear Solid 2: Sons of Liberty

5. Super Mario Advance

6. Gran Turismo 3: A-Spec

7. Tony Hawk's Pro Skater 3

8. Tony Hawk's Pro Skater 2

9. Poke'mon Silver

10. Driver 2


2002 թվականի հետ կապված արտառոց ոչ մի դեպք չի գրանցվել: Դուրս են եկել մի շարք խաղեր, որոնցից առավել հայտնիները կտեղադրեմ այստեղ: Այսպես՝

Հունվարի 9-ից մինչև 27-ը միայն Windows համակարգի համար դուրս են եկել՝ Tropico Paradise Island, Syberia, BLack & White: Creature Isle, Hoologans: Storm Over

Europe, Medal of Honor: Allied Assault, Serious Sam: The Second Encounter և այլն խաղերը: Փետրվարին դուրս է գալիս հայտնի «Կազակի» խաղը, ինչպես նաև՝ Maximo: Ghosts to Glory, Jet Set Radio Future, Command & Conquer: Renegade, Crash Bandicoot:

The Huga Adventure և այլն խաղերը: Մարտ ամսին գեյմերները տեսնում են՝ Tony Hawk's Pro Skater 3, Army Men: RTS, Global Operations, Heroes of Might and Magic IV, Freedom Force և այլն խաղերը: Ապրիլին դուրս են գալիս ավելի վաղ դուրս եկած խաղերի պլատֆորմային տարբերակները, ավելի հատկանշական է օրինակ GCN պլատֆորմի համար թողարկված Resident Evil-ը: Մայիսին շարունակվում է նորույթների շարքը, որոնցից են՝ The Elder Scroll III: Morrowind, Duke Nukem: Manhattan Project, Final Fantasy XI, GeneRally, GTA III, Medal of Honor: Frontline և այլն խաղերը:

Ամառվա ընթացքում դուրս են գալիս՝ MachWarrior 4: Inner Sphere 'Mech Pak, Neverwinter Nights, Delta Force: Task Force Dagger, Warcraft III: Reign of Chaos,

America's Army, Stuart Little 2, Sudden Strike 2, Aliens versus Predator 2: Primal Hunt, The Thing և այլն խաղերը:

Իսկ տարեվերջին՝ Battlefield 1942, Sly Raccoon, Tekken 4, NFS: Hot Pursuit 2, Unreal Tournament 2003, Taz: Wanted, Hitman 2: Silent Assassin, Civilization III:

Play the World, FIFA Football 2003, GTA: Vice City, Mortal Kombat: Deadly Alliance և այլն, և այլն խաղերը:

GTA: Vice City
2002-ին թողարկված, բայց բոլոր ժամանակների ամենա սիրված խաղերից մեկը՝ GTA: Vice City-ն

2003 թվական: Այս տարում հիմնվում է Ossian Studios ընկերությունը:

Իսկ ճգնաժամի մեջ է հայտնվում 3DO ընկերությունը:

Հունվարից մինչև հունիս դուրս են գալիս՝ Impossible Creatures, SimCity 4, Devil May Cry 2, Unreal II: The Awakening, Command & Conquer: Generals, IGI 2:Covert

Strike, Tom Clancy's Splinter Cell, Freelancer, Master of Orion III, Enclave, Galactic Civilizations, Delta Force: Black Hawk Down, Rayman 3: Hoodlum Havoc,

Downtown Run, Portal Royal, Portal 2, BloodRayne, EVE Online, Rise of Nations, Enter the Matrix, Breath of Fire IV և շատ այլ խաղեր:

Հունիսից մինչև դեկտեմբեր ներառյալ դուրս են գալիս՝ Gothic II, Neveewinter Nights: Shadows of Undrentide, Warcraft III: The Frozen Throne, Tomb Rider: The Angel of

Darkness, Midnight Club 2, Silent Hill 3, Tony Hawk's Pro Skater 4, Tron 2.0, Republic: The Revolution, Chaser: Вспомнить все, Battlefield 1942: Secret

Weapons of WWII, Anarchy Online: The Shadowlands, Chrome, Star Wars Jedi Knight: Jedi Academy, Command & Concuer: Generals - Zero Hour, Medal of

Honor: Allied Assault Breakthrough, SimCity 4: Rush Hour, Age of Mifology: Teh Titans, Halo: Combat Evolved, Lineage II, Commandos 3: Destination Berlin,

Max Payne 2: The Fall of Max Payne, V-Rally 3, Final Fantasy XI, Worms 3D, Call of Duty, Silent Storm, Victoria: An Empire Under teh Sun, FIFA Football 2004,

Civilisation III, Conquests, Broken Sword: The Sleeoing Dragon, The Simpson Hit & Run, Chaos Legion, PES 3, NFS Underground,Big Rigs: Over the Road

Racing, Lock On: Современная боевая авиация, Discliples II: Rise of the Elves, Prince of Persia: The Sends of Time, Spawn: Armageddon, XIII, FireStarter,

Beyond Good & Evil, Deus Ex: Invisible War, Sonic Battle, OutRun 2, Astro Boy: Omega Factor, Postal 2: Share the Pain և այլն խաղերը:

2004 թվականը համարվում է գեյմինդուստրիայի ամենհաջողված տարիներից մեկը: Հատկապես առանձնանում է «շութեր» ժանրը: Այս թվականին Epic Games-ի կողմից դուրս է գալիս Unreal Tournament խաղը, որը հետագայում դառնում է լավագույն ցանցային խաղերից մեկը: Crytek-ի կողմից դուրս է գալիս Far Cry խաղը՝ բավական գեղեցիկ և տեխնիկապես հարուստ մի խաղ, բաց աշխարհով և ազատ խաղանցման հնարավորությամբ: Առաջին խաղն է, որում առկա է եղել 64բիթանոց համակարգի աջակցումը: Id Software-ի կողմից դուրս է գալիս Doom 3-ը, աչքի ընկնելով իր յուրահատուկ գրաֆիկայով: Valve-ը Steam-ում թողարկում է Half-Life 2 հայտնի խաղը:

Starbreeze Studios-ը թողարկում է The Chronicles of Riddick: Escape from Butcher Bay խաղը՝ շութեր առաջին դեմքից՝ սթելս-էքշն պարունակող տարրերով:

Rockstar North-ը այս տարում թողարկում է Grand Theft Auto: San Andreas խաղը, որի մասին ավելորդ է որևէ բան գրելը: Նույն այս տարում Valve-ը կրկին թողարկում է խաղ՝ Countre-Strike: Source-ը: Իսկ 2004 թվականի ամենագլխավոր նորույթը Nintendo DS կոնսոլի ի հայտ գալն էր: 2004-ին այն պաշտոնապես վաճառվում էր միայն

ԱՄՆ-ում և Ճապոնիայում, իսկ 2005-ից սկսում է դուրս գալ աշխարհի բոլոր շուկաներ:

Բնականաբար, սա այն ամենը չէ, ինչ տեղի է ունեցել 2004 թվականի ընթացքում: Ընդծեմ, որ 2004 թվականին դուսր է եկել AAA-դասի 14 խաղ:

 Grand Theft Auto: San Andreas
Grand Theft Auto: San Andreas - ևս մեկ զանգվածային հարգանք վայելող խաղ

2005 թվականը նույնպես ստանում է բազմաթիվ խաղեր թ՛ե տնային համակարգիչների համար և թե խաղային կոնսոլների: Այս ամենից զերծ չեն մնում մնացած խաղային սարքավորումները: Իսկ տարվա ամենաակնառու իրադարձություններից մեկը լինում է այն, որ AGEIA-ն ներկայացնում է խաղային ֆիզիկայի հետ կապված՝ PhysX տեխնոլոգիան: Եթե հակիրճ, ապա վերջինս թույլ էր տալիս խաղային ոլորտում ծրագրային ապահովման միջոցով հասանելիություն ընձեռնել ֆիզիկական երևույթներին: Շատ կարևոր ֆիզիկական շարժակ է հանդիսանում և մինչ օրս ակտիվ օգտագործվում է տարբեր խաղերի ու այլ ծրագրերի կիրառման համար:


2006 թվական: Ահռելի թվաքանակով խաղեր: Միայն AAA-դասի 15 խաղ է դուրս գալիս այս տարվա ընթացքում: Այս տարում, մասնավորապես նոյեմբեր ամսում թողարկվում է 1981 թվականին հիմնադրված Computer Gaming World ամսագրի վերջին՝ 268-րդ համարը: Իսկ նոյեմբերի 11-ին Ճապոնիայում լույս է տեսնում նոր՝ PlayStation 3 կոնսոլը: Նոյեմբերի 17-ին այն հասանելի է դառնում Հյուսիսային Ամերիկայում:


2007 թվականին ընդհանուր առմամբ դուրս են գալիս 11 AAA-դասի խաղեր:

Մարտի 23-ից PlayStation 3-ը հասանելի է դառնում Եվրոպական շուկայում: Իսկ ապրիլի 20-ից սկսած, պաշտոնապես նաև Ռուսաստանում: Այս տարում դուրս են գալիս Windows Vista օպերացիոն համակարգը և DirectX 10-ը: Տարվա ամենամեծ հեղինակություն վայելող խաղը համարվում է Crysis-ը, որն այս ժամանակահատվածի համար համարվել է առաջատարը գրաֆիկական տեխնոլոգիաների զարգացման առումով և որում առկա էր առաջին DirectX 10 տեխնոլոգիա:


2008 թվական: Այս թվականի կարևորներից է նաև OpenGL 3.0 սպեցիֆիկացիաների հրապարակումները: Ամռանը միավորվում են երկու ընկերություններ՝ Vivendi Games-ը և Blizzard Entertainment-ը, կազմելով Activision Blizzard ընկերությունը: Ընդհանուր թվով դուրս են գալիս 12 AAA-դասի խաղեր: Առավել հատկանշական է բրիտանական The Lost Crown: A Ghost-Hunting Adventure հորրորր-քվեստը: Խաղը թողարկվում է ամերիկյան տարբերակով:


2009 թվական: Ամենասպասված իրադարձությունն եղել է Minecraft խաղի PC պլատֆորմի ալֆա-տարբերակը: Հասկանալի պատճառներով մնացած խաղերի անունները, որոնք թողարկվել են այս տարում, չեմ գրում:


2010 թվական: Փետրվարի 24-ին Quantic Dream ընկերության կողմից թողարկվում է Heavy Rain խաղը, որը համարվում է բացառիկ, հանդիսանալով ինտերակտիվ կինոյի ժանր: Խաղը ստանում է բարձր գնահատականներ քննադատների կողմից: Վերջիններս գտնում էին, որ այն ուներ գեղեցիկ և որակյալ սյուժե, անսովոր գեյմփլեյ և անհավատալի գրաֆիկա: Խաղը թողարկվել է PlayStation կոնսոլի համար: Տարվա ընթացքում ըդհանուր առմամբ թողարկվել են 20 AAA-դասի խաղեր: Կարևոր իրադարձություններից են եղել նաև Electronic Entertainment Expo 2010-ը, GamesCom 2010-ը:

Մայիսի 4-ին սկսվում է փորձարկվել Humble Indie Bundle ծրագիրը: Սա իրենից ներկայացնում էր հետևյալ սխեման՝ «Վճարիր, որքան ուզում ես»: Առաջին իսկ շաբաթում հաջողվում է ստանալ 1 միլիոն դոլարի եկամուտ: Վերոնշյալ և չթվարկված խաղային իրադարձությունները տեղի էին ունեցել 2001-2010 թվակնների ընթացքում: Փորձեցի ներկայացնել առավել աչքի ընկածները: Այսպես ավարտվեց նաև 2000-ականների առաջին տաս տարիները և խաղային ինդուստրիան թևակոխեց նոր շրջան:


2011-2020թթ.

2011 թվական: Այս թվականի ընթացքում թողարկվում է 19 AAA-դասի խաղեր:

Դեկտեմբերի 17-ին Ճապոնիայում դուրս է գալիս PlayStation Vita կոնսոլը, որը մեր օրերում արդեն չեն արտադրում:

2012 թվական: Մարտ ամսին տեղի է ունենում Game Developers Conference-ը: Այն տեղի է ունենում Կալիֆորնիյա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում: Ապրիլի 6-8-ը տեղի է ունենում PAX East 2012-ը: Սա անցկացվել է Մասսաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում: Հունիսի 5-ից 7-ը անցկացվում է E3 2012 ցուցահանդեսը: Ինչպես միշտ Լոս-Անջելոս քաղաքում: Օգոստոս ամսի 2-5-ը անցկացվում է QuakeCon 2012-ը՝ ամենամյա զանգվածային LAN party-ին: Անցկացվել է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում: 15-19-ը Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացվում է Gamescom-ը: Իսկ 31-ից սեպտեմբերի 2-ը Վաշինգթոն նահանգի Սիէթլ քաղաքում տեղի է ունենում PAX Prime 2012-ը: Սեպտեմբերի 20-23-ը Ճապոնիայի Տիբե քաղաքում անցկացվում է Tokyo Game Show 2012-ը: Փետրվարի 22-ին PlayStation Vita-ն թողարկվում է նաև Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: Նախորդ տարիներին նույնպես անցկացվում էին նման կարգի խաղային միջոցառումներ և բավական շատ, բայց հատուկ կուզենամ Ձեր ուշադրությունը հրավիրել նրան, թե որքան կարևոր ու հետաքրքիր էր դարձել արդեն գեմինդուստրիան, որ ամեն տարի անցկացվում էին մեծ միջոցառումներ աշխարհի տարբեր կետերում ու որտեղ հավաքվում էին ոլորտով հետաքրքրվող մարդիկ:

2013 թվական: Փետրվարի 20՝ Sony-ին ցուցադրում է ութերորդ սերնդի խաղային կոնսոլ PlayStation 4-ը: Մարտի 22-24՝ PAX East 2013: Մարտի 23-25՝ Midwest Gaming Classic: Մարտի 25-29՝ Game Developers Conference: Մայիսի 21՝ Microsoft-ը ցուցադրում է ութերորդ սերնդի խաղային կոնսոլ Xbox One-ը: Հունիսի 11-13՝ Electronic Entertainment Expo 2013: Հուլիսի 19-21՝ PAX Australia 2013: Օգոստոսի 1-4՝ QuakeCon 2013: Օգոստոսի 21-25՝ Gamescom 2013: Օգոսոտսի31-ից սեպտեմբերի 2՝ PAX Prime 2013: Սեպտեմբերի 19-22՝ Tokyo Game Show 2013: Սեպտեմբերի 26-29՝ Eurogamer Expo 2013: Հոկտեմբերի 3-6՝ IndieCade: Հոկտեմբերի 4-7՝ EB Games Expo 2013: Տարվա ընթացքում դուրս են գալիս 22 AAA-դասի խաղեր:

2014 թվական: Մարտի 17-21՝ Game Developers Conference: Ապրիլի 11-13՝ PAX East: Ապրիլի 12-13՝ Midwest Gaming Classic: Հունիսի 10-12՝ Electronic Entertainment Expo 2014: Հուլիսի 8-21՝ The International 2014: Օգոստոսի 13-17՝ Gamescom: Սեպտեմբերի 18-21՝ Tokyo Game Show: Սեպտեմբերի 25-28՝ EGX London: Հոկտեմբերի 2-5՝ ИгроМир: Հոկտեմբերի 31-Նոյեմբեր 2՝ PAX Australia: Դեկտեմբեր 5՝ The Game Awards 2014: Դեկտեմբեր 6-7՝ PlayStation Experience: Այս թվականի ընթացքում դուրս են գալիս 17 AAA-դասի խաղեր:

2015 թվական: Հունվարի 23-25՝ PAX South 2015: Մարտի 2-6՝ Game Developers Conference 2015: Մարտի 2-6՝ Independent Games Festival: Մարտի 6-8՝ PAX East 2015: Մարտի 12-14՝ EGX Rezzed 2015: Հունիսի 16-18՝ Electronic Entertainment Expo 2015: Հուլիսի 23-25՝ QuakeCon 2015: Օգոստոսի 5-9՝ Gamescom 2015: Օգոստոսի 28-31՝ PAX Prime: Սեպտեմբերի 17-20՝ Tokyo Game Show: Սեպտեմբերի 24-27՝ EGX 2015:

Electronic Entertainment Expo
Electronic Entertainment Expo կամ E3 - Տասնյակ հազարավոր մարդիկ ամեն տարի այցելում են այս խաղային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 1-4՝ ИгроМир 2015: 2015 թվականին դուրս են գալիս 21 AAA-դասի խաղեր:

2016 թվական: Մարտի 14-16՝ Game Developers Conference 2016: Հունիսի 12-16՝ E3 2016: Օգոստոսի 4-7՝ QuakeCon 2016: Օգոստոսի 17-21՝ Gamescom 2016: Սեպտեմբերի 10-11՝ WeGame: Սեպտեմբերի 15-18՝ Tokyo Game Show 2016: Սեպտեմբերի 29-Հոկտեմբերի 2՝ ИгроМир 2016: Հոկտեմբերի 12-13՝ Steam Dev Days 2016: Նոյեմբերի 4-5՝ BlizzCon 2016: Դեկտեմբերի 1՝ The Game Awards 2016: Դեկտեմբերի 3-4՝ PlayStation Experience: Ընդհանուր թվով թողարկվել է 18 AAA-դասի խաղեր:

2017 և 2018 թվականներին ավանդույթ դարձած խաղային միջոցառումները և իրադարձությունները շարունակվում են: Դժվար չէ դրանք հիշել հիմա էլ, քանի որ անցել են ընդամենը մեկ-երկու տարիներ: Դե իսկ ինչ վերաբերվում է այս տարվան, ապա թողարկվել են շատ խաղեր, տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ և խաղային իրադարձություններ, որոնք առաջիկա մի քանի ամիսների ընթացքում դեռ կշարունակվեն: Այս տարի հատկապես զգալի էր այն ուղղվածությունը, որ շատ ընկերություններ խաղային ոլորտը փորձում են տանել դեպի սթրիմինգային, ամպային պահպանմամբ կողմը: Բացի այս, մեր օրերում ցանկացած խոշոր ընկերություն ցանկություն ունի անդամագրվել խաղային բնագավառին, եթե անգամ վերջինս նախկինում կապ չի ունեցել այս ուղղության հետ անմիջականորեն: Օրինակ Google-ը մեծ թափով փորձում է էական փոփոխություններ մտցնել ոլորտ, իր հերթին Apple-ը ներկայացրեց մոբայլ հարթակների համար նախատեսված բաժանորդագրային ծառայությունը: Ինչ է սա նշանակում - սա նշանակում է, որ գեյմոլորտը ոչ թե գոյատևում է 21-րդ դարում, այլ թելադրում է շուկայի մի հատվածի նախասիրությունները, և ինչպես նշվեց, շատ հսկա կազմակերպություններ լրջորեն փորձում են մուտք գործել այս ոլորտ:

Վերևում չխոսեցինք կիբեռսպորտի մասին, նրա ձևավորման և զարգացման հարցերի, բայց այս ենթաճյուղը նույնպես մեր օրերում մեծ մասսայականություն է վայելում: Անգամ մեր երկրում փոքր քայլերով, բայց հետաքրքրություն նկատվում է դեպի այս սպորտը, թեպետ դեռ անելիք շատ կա: Ինչ վերաբերվում է ավելի զարգացած ու առաջադեմ երկրներին, ապա խոսելն ավելորդ է, քանի որ շատ մարդիկ ոչ թե հետաքրքրվում են կիբեռսպորտով, այլ ապրում են նրանով: Այս հոդվածը կարծում եմ տեղին է, որ ավելի պատկերացում կազմեք Կիբեռսպորտի մասին: Սա 2019 թվականն էր:

2020 թվական: Ինչ կարող եմ ասել գալիք տարվա մասին, որը սարերի ետևում չէ արդեն: Մի թվական, որը հագեցած է լինելու անասելի իրադարփություններով ու հատկապես առանձնահատուկ իրադարձություններով: Բնականաբ թողարկվելու են հսկայական թվով խաղեր, որոնց հասարակությունը սպասել է երկար տարիներ: Թողարկվելու են խոշոր խաղեր, անթիվ անհամար ինդի նախագծեր և այլ պրոյեկտներ: Անցկացվելու են մեզ հայտնի խաղային իրադարձություններն ու միջոցառումները: Սակայն առավել հետաքրքիրը սպասվում է տարեվերջին, քանի որ խաղային ինդուստրիան մուտք է գործելու այլ սերունդ: Կոնսոլային շուկայի երկու հսկաներ՝ Sony-ին և Microsoft-ը թողարկելու են իրենց ապագա, նոր սերնդի կոնսոլները, որոնք իրենց հերթին բերելու են հեղափոխական իրադարձություններ, նոր մակարդակի են բարձրացնելու խաղային ինդուստրիան, խաղացողներիս առաջարկելով այլ լուծումներ: Իհարկե, հետաքրքի է լինելու այս ամենը ու անհամբեր սպասում ենք զարգացումներին:


Ահա այսպիսին էր խաղային ինդուստրիայի պատմությունը՝ նրա սկիզբը, նրա հասակ առնելը, նրա՝ բարդությունների միջով անցնելը, բայց և հաղթելը, զարգանալն ու ձևավորվելը և իր ուրույն տեղն ունենալը ժամանակակից աշխարհում: Ոլորտ, որը պարզապես Խաղ չէ, ավելին է, քան սովորակն խաղը, որ սովորաբար խաղում ենք: Մի թե այն պարզապես խաղ կարելի է անվանել, երբ իր հարկի տակ է պահում 2.5 միլիարդ անձանց, ովքեր սիրում են խաղալ, ապրում են խաղով ու կխաղան ցմահ: Մենք սիրում ենք խաղերը և մենք սիրում ենք խաղալ:

Այսքանը, բարեկամ: Եթե կարդացիր և Քեզ դուր եկավ իմ հակիրճ ներկայացումը խաղային պատմության մասին, ապա կխնդրեյի կիսվել հոդվածով, որպեսզի այլ անձինք ևս ճանաչեյին սույն ոլորտը:

146 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

bottom of page