top of page
Фото автораGame Over

Assassin’s Creed Odyssey

Խաղային այս սերիայի մասին նախկինում ես ոչ մի կարծիք չէի կազմում, պարզապես խաղում էի ու ունեցած տպավորություններից ելնելով գնահատում այն: Այժմ այս խաղային սերիան այնքան է ծավալուն դարձել ու այնքան է շեղվել իր սկզբնական արմատներից, որ մեծ սխալ կլինի, եթե որևէ բան չգրես նրա մասին, եթե խաղում ես նրան մեծ մանրամասնությամբ ու հետազոտում ես ոչ միայն խաղային աշխարհի մութ անկյունները, այլ նաև խաղային պատմության գաղտնիքները: Սկսած նախորդ՝ Assassin’s Creed Origins մասից, ես որոշեցի ինչ-որ կարծիքներ ու վերլուծություններ կատարել, թեկուզ և ինձ համար պարզ դառնալու համար, թե ուր է գնում այս սերիան, ինչ տպավորություն է թողել ինձ վրա, որոնք են լավ և վատ կողմերը և այլն: Նախորդ խաղն ինձ համար հետաքրքիր էր, թեպետ ուներ թերություններ, ընդորում բավական ու երբեմն էլ դառնում էր նաև ձանձրալի, բայց հիմնականում այն ավելի դրական ազդեցություն էր թողել: Ժամանակն է պարզել, թե ինչ ազդեցություն, ինչ էմոցիաներ է փոխանցել այս պահին սերիայի վերջին խաղը:

Ի սկզբանե որոշել էի շատ մանրամասն ու ընդարձակ ռեվյու գրելու մասին, բայց ընթացքում մտափոխվեցի ու կփորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել եղելությունը՝ խաղից ինձ հասած:

Assassin’s Creed Odyssey

Համարվում է սերիայի թվով տասնմեկերորդ խաղը: Նախագծմամբ զբաղվել է Քվեբեկյան Ubisoft-ը, որին են պատկանում սերիայի վերջին մի քանի խաղերը և ոչ միայն: Հրատարակությունն անխոս կատարել է Ubisoft-ը: Թողարկումը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 5-ին, բայց մինչ օրս խաղը համալրվում է կոնտենտով, որի վերջին՝ եզրափակիչ կոնտենտը հասանելի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում(արդեն հասանելի է): Ըստ ժանրի խաղը արկածայինից վերածվել է դերային արկածայինի, ինչպես դա նախորդ մասի դեպքում էր: Պարզապես, ի տարբերություն Origins-ի, այստեղ ժանրի մշակումներն ավելի խորն են կատարված: Թեպետ էլի վերջնական չեն ու նկատելի է բացթողումներ, որոնց դեպքում լուրջ հարցեր են առաջանում: Խաղի գործողությունները տեղի են ունենում ավելի վաղ շրջանում, քան Origins-ումն էր, կարելի է համարել վերջինիս պռիկվել: Առաջին անգամ սերիայի պատմության մեջ մեզ հնարավորություն է տրվում նախքան խաղ մուտք գործելն ընտրել խաղային կերպարին, որոնք երկուսն են, տարբեր սեռերի, քույր և եղբայր Կասանդրան ու Ալեքսիոսը: Տարբեր սեռային կերպարներով խաղալ մեզ հնարավորություն տվել էին Syndicate -ում, բայց այնտեղ կային խիստ սահմանափակումներ ու հատուկ առաջադրանքներ, որոնք կատարվում էին միայն այս կամ այն կերպարով: Փաստացի, միայն այս խաղն է(Odyssey), որտեղ չկա սահմանափակում ու ամբողջ խաղային պրոցեսը հնարավոր է անցնել նախապես ընտրված քո կերպարով: Չնայած սերիայի շրջանակներում հետաքրքիր կլիներ խաղալ աղջիկ կերպարով, սակայն իմ ընտրած կերպարն Ալեքսիոսն էր ու ես ամբողջ խաղը խաղացել եմ նրանով: Նրա վրա էլ կկենտրոնանամ, եթե հասնենք համապատասխան մասին: Բայց արդարության համար նշեմ, որ աղջիկ կերպարով խաղ սերիայի մեջ հանդիպել է, որտեղ ամբողջ խաղն անցնում ենք միայն նրանով ու դա Liberation-ն էր, եթե չհաշվենք ևս մեկ սփին-օֆֆ՝ քրոնիկական եռապատումը:


Սյուժե և գործողությունների վայր

Ինչպես վերևում նշեցի, գործողությունները տեղի են ունենում Origins խաղից շատ ավելի վաղ շրջանում և այս անգամ մեր հետազոտական, արկածային պատմությունը ծավալվում է Հին Հունաստանում: Իրադարձությունների կենտրոնը Պելոպոնեսյան պատերազմն է, որի հակադիր կողմերում կանգնած են Աթենացիները և Սպարտացիները: Խաղը մեզ հնարավորություն է տալիս ընտրել կողմերից ցանկացածը, թեպետ ըստ ծնունդի մեր հերոսները համարվում են սպարտացիներ: Սյուժեն ինչ-որ առումով ես բաժանում եմ մի քանի ուղղությունների, թեպետ հիմնականը մեկն է: Այստեղ կարելի է ականատես դառնալ հերոսի ավելի անձնական իրադարձությունների զարգացմանը՝ ընտանիք ենթատեքստով և ավելի գլոբալ խնդրի բացահայտմամբ, որն է Կուլտ կոչվածը: Կա նաև լրացուցիչ կոնտենտ ահռելի քանակաությամբ՝ նոր տարածքների բացում, պահակային կետերի գրավում և այլն, որոնք համարվում են երկրորդական առաջադրանքներ, թեպետ պետք է նշեմ, որ խաղում գոյություն ունի նաև երրորդական առաջադրանքներ, որոնց 99 տոկոսը կրկնվում է և որքանով ես հասկացա, սրանք առաջադրանքներ են, որոնք մշտապես առկա են խաղում ու չունեն վերջ: Ինչ-որ գեներացված համակարգի նման: Համենայնդեպս, մի տաս-տասնհինգ նման առաջադրանք կատարելուց հետո զգացի, որ այլևս պետք չէ կենտրոնանալ դրանց վրա ու ժամանակ ծախսել նույն բանի վրա:

Գլխավոր սյուժեն մոտավորապես սկսվում է այստեղից:

Մանկական տարիների դժբախտ դեպքերից հետո, արդեն հասունացած Ալեքսիոսը վերադառնում է, որպեսզի ստանա հարցերի պատասխաններ, որոնք մնացել են իր հիշողությունում: Նպատակն է գտնել իրարից բաժանված ընտանիքի անդամներին: Այստեղից էլ սկսվում է Ալեքսիոսի ու մեր արկածները, որոնք մեր առջև բացում են բավական հետաքրքիր ուղիներ: Ինչ հարցերի մասին է խոսքը գնում, բնականաբար չեմ նշի, քանի որ պետք չէ սփոյլել: Խաղացեք, հասկացեք:


Այն, որ սույն մասն աշխարհի մասշատբներով ամենա մեծն է սերիայի կազում, տեսանելի է դառնում, եթե հայաց քցենք խաղային քարտեզին: Իսկ իրական հսկայությունն ավելի ակնհայտ կդառնա, երբ դուրս գանք բաց ծով: Ի միջիայլոց ծովային պատերազմները ետ են վերադարձել, փոփոխված մարտական հնարավորություններով, անձնակազմի մեր իսկ ընտրությամբ, որտեղ կարող են ծառայության անցնել մեր հետազոտումների ժամանակ մեզ հանդիպած ցանկացած հակառակորդ, որոնց կարող ենք սպանել կամ էլ զինաթափել ու առաջարկել մեր նավում ծառայության անցնել: Ի դեպ, հավելեմ, որ հատուկ ունակության ակտիվացման դեպքում այս մարդիկ կարող են մեզ օգնություն ցուցաբերել նաև ցամաքային տարածքում, մի քանի վայրկյանով շեղելով հակառակորդին, մարտի մեջ մտնելով վերջիններիս հետ, մինչև մենք կհասցնենք թալանել այս կամ այն արկղը: Մեծ չէ օգուտը, բայց որոշ դեպքերում պետք կգա:

Չմանրանանք - ի՞նչ ունենք բաց աշխարհում: Հունաստանը բաժանված է մի քանի խոշոր ու մանր կղզիների, որոնց հասնելու համար երբեմն հարկ է լինում օգտվել մեր նավից: Բայց եթե կղզում բացել ենք արդեն արագ տեղափոխման կետերը, ապա ցանկացած ժամանակ այն մեզ հասանելի կդառնա արդեն: Անգամ փոքր կղզիներում միշտ զբաղվելու բան կլինի, եթե նույնիսկ կարևոր ու առաջնային առաջադրանք չպատահի: Հիմնականում այս կոնտենտը, որոնք պատկերված են հարցական նշանով, առաջարկում են հետազոտել ինչ-որ հետաքրքիր կետեր, սպանել կենդանիների առաջնորդներին, զբաղվել հին դամբարանների ուսումնասիրությամբ, գրավել, թալանել ու սպանել հենակետերում գտնվող անձնակազմին, ամրոցները և այլ պահակակետեր: Անգամ փոքր կղզիների դեպքում, եթե որոշել եք ամբողջությամբ մաքրել տարածքները, բացել բոլոր հարցականները, կարող է հարկ լինի մեկ կամ երկու ժամ միջինում, էլ չխոսեմ մեծ կղզիների մասին, որտեղ եռապատիկ, քառապատիկ անգամ մեծ է այդ հարցականների քանակը: Ու հիմնական խաղաժամանակը հենց տրամադրվում է այս լրացուցիչ կոնտենտին: Ինչ որ տեղ մտածում եմ, հատուկ է արված Յուբիների կողմից, որպեսզի հնարավորինս երկար խաղանք: Որովհետև հիմնական սյուժեյին ես մոտավորապես ծախսել եմ 30-40 ժամ, մինչդեռ ընդհանուր խաղաժամանակս կազմել է 120 ժամ: Այսինքն մոտ 90 ժամ ես ծախսել եմ հետազոտման, լրացուցիչ առաջադրանքների, այս կամ այն գաղտնիքների և այլնի վրա: Ես չեմ ասում, թե սա ինձ խանգարել է, քանի որ ամեն հարցական հետաքրքրությամբ եմ փորձել անցնել՝ որոշ ամրոցներ գրավելով ասենք սթելսով, որոշներ ուղղակի հարձակումով, որոշ դամբարաններ մեծ ուսումասիրությամբ և այլն, բայց այդ կոնտենտի հիմնական մասը կարելի է ասել, որ կրկնվում է, ուղակի կարող է տարբեր լինել լոկացիոն տարածքը և խաղացողներիս մոտեցումը: Իսկապես հսկայական է քարտեզը ու անկախ հեռավորությունից, եթե մեր տեսադաշտում գտնվում է ինչ-որ լեռ, որը կթվա բավական հեռու, միևնույն է, մենք կկարողանանք հասնել նրան ու բարձրանալ գագաթ: Բնության պայմանները քարտեզում նույնպես տարբերվող են: Կարող են պատահել խիտ անտառներ, կարող են պատահել ծաղկած դաշտեր, լեռնային ու քարքարոտ տեղանքներ, բլուրներ և այլն: Ու ամեն տարածք յուրիօրինակ հետաքրքիր կարող է լինել, որոնք բնակեցված են տարբեր տեսակի կենդանիներով, բուսականությամբ: Կենդանական աշխարհը նույնպես հարուստ է: Կան գիշատիչների տարբեր ներկայացուցիչներ, և ավելի հանգիստ, կոտոշավոր կամ սմբակավոր կենդանիներ: Գիշատիչ կենդանիներին ի միջիայլոց մենք կարող ենք վարժեցնել խաղի ընթացքում, որոնք կուղեկցեն մեզ մեր արկածների ժամանակ, կռվի պահերին կհարձակվեն հակառակորդների վրա: Այս համակարգի վրա թեպետ հեղինակները շատ չեն խորացել, քանի որ վարժեցրած կենդանին մշտապես չի պահպանվում մեր հնարավորությունների ցանկում, բայց ահագին օգտակար է: Մեր սովորական արծվից բացի օգնական ունենք նաև ցամաքում: Հատկապես այն առաջադրանքների ժամանակ, որտեղ հարկ է լինում սպանել կենդանական ներկայացուցիչների առաջնորդին, մեր վարժեցրած կենդանին կարող է էական օգնություն ցուցաբերել այդ հարցում: Հիշում եմ, երկու նման բարդ իրավիճակներում, մոտ 4-5 անհաջող փորձից հետո կարողացել է օգնել այդ հարցում հենց վարժեցրած գազանը: Հետաքրքիր փաստ - եթե առաջադրանքն է սպանել կենդանիների առաջնորդին, ապա խորհուրդ եմ տալիս չսպանել նրաց, այլ փորձել վարժեցնել: Այս կենդանիներն ավելի մեծ են չափերով ու ավելի ուժեղ են սովորականների համեմատ: Բնականաբար խաղում գոյություն ունի նաև եղանակային փոփոխություն, գիշեր-ցերեկ անցում:

Մարտական գործողությունների ժամանակ խաղը մեծ հնարավորություն է ընձեռնում ինքներս որոշենք ինչպես կգրավենք տարածքները կամ ինչպես կվարվենք հակառակորդի հետ: Այստեղ ևս հետաքրքիր ու շատ, շատ հաճելի թարմացում է առկա սերիայի ներկայիս խաղում: Origins-ում, երբ կատարում էինք ինչ-որ երկրորդական առաջադրանք, օրինակ մաքրում էինք պահակակետը և ենթադրենք սպանում էինք տեղի գլխավորին ու խաղը համարում էր առաջադրանքը կատարված, կարող էր ընդամենը մեկ երկու րոպե անց հանդիպեր ինչ-որ անցորդ, ով առաջադրանք տար, սպանել պահակազորին, որը խանգարում է վերջինիս: Փաստացի այն առաջադրանքը, որը քիչ առաջ մենք կատարել էինք, խաղը նորից մեզ առաջարկում էր ամբողջությամբ ու նույնությամբ վերախաղալ: Սա շատ վատ տպավորություն էր թողել ինձ վրա, քանի որ ամբողջ խաղային ժամանակի ընթացքում միշտ հանդիպում էր այս տհաճ մոտեցումը: Իսկ ահա Odyssey-ում հաճելիորեն զարմացա: Եթե մենք սպանել ենք օրինակի համար ավազակների մի խումբ, նույն կերպ մեզ կարող է հանդիպել ինչ-որ անցորդ, ու խնդրել օգնել իրեն ավազակների հարցում: Այս դեպքում արդեն ոչ թե մենք վերադառնում ենք նախորդ կետ, այլ մեր հերոս Ալեքսոսը պատասխանում է, որ «Այո, ես տեսել եմ այդ ավազակներին ու ուղարկել եմ նրանց Հադեսի մոտ»: Ու տվյալ անցորդի առաջադրանքը համարվում է կատարված: Իրականում սա շատ կարևոր լուծում է հեղինակների կողմից ու շատ ուրախալի: Շարունակելով մարտական գործողությունները, վստահորեն պետք է հավելեմ, որ սերիայի այս խաղն ամենա էքշնայինն է ինձ համար: Ցանկացած կռիվ կարող է տպավորիչ դառնալ: Հեղինակներն, իմ կարծիքով մեծ ժամանակ են տրամադրել սրա վրա: Յուրաքանչյուր զենք՝ թուր, նիզակ, կացին և այլն ունի իր առավելությունը և հակառակը: Ամեն զենքի կիրառման դեպքում հնարավոր է տեսնել մարտական նոր հնարքներ, որոնք, կրկնում եմ, ինձ վրա լավ տպավորություն թողել են:


Խաղային մեխանիկա

Քանի որ Յուբիները նախորդ մասից սկսած անցում են կատարում նոր ժանրի, այսպես ասած - տվյալ դեպքում դեպի դերայինը, ապա խաղային մեխանիկան ու պրոցեսսն այս առումով ենթարկվել է համապատասխան փոփոխության: Նախ շատ բաներ, որոնք առկա էին Origins-ում, բայց մնացել էին թերի և կամ թե հենց նախապես էլ այդպես էր մտածվել, բայց տպավորություն էր, որ այնուամենայնիվ ինչ-որ բան չի բավականացնում, այս մասում արդեն ենթարկվել է համեմատաբար լուրջ ուղղումների: Եթե անկեղծ, Origins-ից հետո ես մատծում էի, թե ինչ փոփոխություն կարող է ունենալ հաջորդ մասը մեխանիկայի առոմով, որ առավելություն ունենա: Պարզվում է, դա կա ու զգալիորեն դեպի լավն է ուղղված: Այն, որ մենք հնարավորություն ունենք ընտրել մեր հերոսին, ոչ մի փոփոխություն իրականում չի մտցնում խաղի սյուժեյի, ինչպես նաև գեյմփլեյի մեջ: Պարզապես խաղային դրվագներում կտեսնենք այս կամ այն սեռի կերպարին: Խաղային մեխանիկայի կարևորագույն բաժինը կերպարի հզորացման համակարգն է, որոնք հնարավորություն են տալիս լրացուցիչ ունակություններ ձեռք բերել, որոնք իրենց հերթին մեծ օգուտ կարող են տալ բարդ իրավիճակներում: Զարդացման ունակությունների համակարգը բաժանված է երեք մասի, որոնք առաջարկում են տարբեր հնարվորություններ՝ մարտականից մինչև կենտրոնացում և այլ: Բայց իմ 120 ժամ խաղալու դեպքում ես այդպես էլ չկարողացա համալրել բոլոր ունակությունները, որոնք հնարավոր է ստանալ հին դամբարանները ուսումասիրելուց և կամ թե հատուկ սյուժեներ անցնելու ժամանակ: Հզորացմանն են պատկանում նաև կրպարի հանդերձնքը, նաև զենքրը, վահանները: Բայց ըստ իս, որքան էլ սրանք հզորացնես, էական փոփոխություն չեն մտցնի, եթե կերպարի կարգը 35 է օրինակի համար, իսկ հակառակոդրի կարգը՝ 45: Չնայած մեկ երկու անգամ փորձել եմ ինձանից 3-4 կարգ բարձր հակառակորդների հետ կռվի մտնել ու բավական երկար ժամանակ ծախսելու արդյունքում հաջողվել է հաղթանակած դուրս գալ: Հզորացնել հնարավոր է նաև անձնական նավը: Հետաքրքիր է նաև, որ խաղային մեխանիկայում ակտիվություն ունեն նաև NPC-ները, ավելի ճիշտ քաղաքի բնակիչները: Օրինակ եթե սրանց աչքի առաջ ինչ-որ գողություն կատարենք, կարող են հարձակվել մեր վրա կամ էլ կսկսվի հետապնդում: Էլ ավելի հետաքրքիր է, երբ հակառակորդների հետ կռվի ժամանակ գործողություններին ներքաշվում են այս բնակիչները, որոնք ավել ու բահով, նիզակ ու ցախով չգիտես ինչում փորձում են պաշտպանել մեր թշնամիներին ու հավազար մարտ վարում մեր դեմ: Անգամ ծիծաղելի է, երբ ստրուկին ազատում ես իր տիրոջ սեփականությունից, բայց երբ ուզում ես սպանել այդ նույն տիրոջը, ստրուկը փորձում է խանգարել մեզ:


Անձնական կարծիք, վերլուծություններ ու ապագայի կանխատեսումներ

Ասսասսինների մասին պատմող խաղը վաղուց արդեն էլ նրանց մասին չէ: Կապող օղակը բացառապես կայանում է այն երկու կողմերի հակամարտությունները, որոնք մեզ հայտնի են որպես տամպլիեռ-ասսասսին «ճակատայիններ»: Բայց ստույգ ինձ համար սա չի նշանակում, թե խաղային սերիան դարձել է վատը, ինչպես համարում են շատերը: Այո, սերիան հսկայական քայլեր է կատարել դեպի մեկ այլ ժանր՝ իր համար բոլորովին նոր ապագա, որն անգամ դժվար էր պատկերացնել սերիայի առաջացման նախնական տարիներին: Բայց պատկերացրեք մի պահ, թե որքան էլ տարիներ են անցել առաջին խաղից ու այն, որ արդեն սերիան փոփոխության է ենթարկվել արմատապես, իմ կարծիքով ոչ միայն կանխատեսելի պետք է լիներ վաղուց, այլ նաև պարտադիր: Եթե անկեղծ, երբեք էլ չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր վերջին երկու խաղը վատ են համարում սոսկ այն բանի համար, որ դրանցում բացակայում է թաքցված շեղբը(клинок):

Իմ կարծիքով այս մարդիկ առհասարակ վատ են հասկացել սերիան ամբողջությամբ, որովհետև խաղային սերիան երբեք չի եղել ու առավել ևս չի պատմել մեզ այս զինատեսակի պատմությունը: Սերիան ունի ավելի հստակ ու ավելի խորը պատմություն, որն, անկախ ժանրային փոփոխությունից, մշտապս գտնվել է կենտրոնում ու մշտապես պատկերվել է այլ տեսակետից՝ նոր պատմություն, նոր իրադարձություններ և այլն ներկայացնելով մեզ: Դա եղել է ու կմնա ասսասսինների ու տամպլիեռների պատմություն ներկայացնող խաղ: Ու այս մասում ևս, գոյություն ունի ու բավական խորը, բավական հետաքրքիր կերպով մենք՝ խաղացողներս ականատեսն ենք դառնում հերթական պատմությանը, կապված այս համակարտության հետ: Մի բան էլ ավել - հակամարտություն, որը նոր է ծնունդ առնում: Եթե Origins-ում մենք ավելի մոտ էինք կանգնած ասսասսինների խմբավորման առաջացմանը, ապա իրական արմատները մենք կգտնենք հենց այս սերիայում, որտեղ թերևս առավել մանրամասն ներկայացվում է մյուս կողմի՝ տամպլիեռների ծագումնաբանությունը, որոնք համարում են իրենց կուլտեր: Ու միթե այսքանը բավական չէ, որ առավելագույնս հետաքրքրություն ունենք դեպ խաղը՝ դեպի ի սկզբանե մեզ հասանելի դարձած պատմության զարգացմանն ու ձևավորմանը:


Գլոբալ առումով պատմությունն ինձ համար եղել է անասելի հետաքրքիր ու հնարավորինս ձգտել եմ ամեն մի փոքր թվացող իրադարձություն անգամ աչքաթող չանել: Հատկապես այն պատճառով, որ թեկուզ և ինձ համար վերջապես բացահայտեմ այն իրականը, որպեսզի հասկանամ՝ արդարացված է արդյոք սերիայի փոփոխությունը թե հեղինակները ուղղություն են վերցրել դեպի անհայտ մի ուղի, որ բոլորովին էլ պարզ չէ թե ուր կհասցի մեզ՝ խաղացողներիս: Բարեբախտաբար, ես չեմ մտնում այն խաղացողների շարքեր, ովքեր մեղմ ասած բացասական են վերաբերվում արդեն սերիային՝ հենց այս փոփոխությունների պատճառով: Քանի որ ստույգ ինձ համար պատմությունը մնում է նույնը, որն էլ և գլխավորն է այս սերիայում, անկախ նրա ժանրային և այլ փոփոխություններից: Բայց ահա այլ բան է բացասական վերաբերմունքս այլ լուծումների հանդեպ: Մասնավորապես հենց նույն պատմության ավարտը: Ինչպես նշեցի, փորձել եմ առավելագունս ուսումնասիրել ու բաց չթողնել որևէ իրադարձություն, որպեսզի հնարավորինս ամբողջական պատկեր ստանամ արդյուքնում ու առավել հասկանալի լինի ինձ սյուժեն: Արդյունքում ծախսել եմ բավական ժամանակ, բայց վերջում, չգիտես ինչու, ստանում եմ մեղմ ասած թույլ ավարտ: Թույլ ավարտ այն առումով, որ չեմ էլ հասկացել, թե խաղն ավարտվեց այդ հատվածում թե ինչ-որ բան տեղի ունեցավ, որը ես չկարողացա հասկանալ: Ներկայացնլու տեսակետից այդ ամենն ամբողջապես սխալ կգտնվի, սփոյլերներից խուսափելու համար: Ընդամենը կավելացնեմ, որ եթե սկզբից մինչև վերջ ականատեսն ենք դառնում մեծ հաշվով դրամատիկ ու լուրջ ատմության, ապա էլ ավելի հզոր խաղ կստացվեր, եթե նույն պես էլ ավարտվեր խաղը և չ թե թողներ որոշ հարցեր հարցականի տակ դրված: Ես դեռ չեմ խաղացել սույն մասի համար նախատեսված մի քանի հավելումները, բայց չեմ էլ կարծում, թե այդ հարցերի պատասխանները ինչ-որ կերպ կգտնվեն նրանցում: Կուզենայի, որ ռեվյուն գրվեր ամբողջապես ավարտից հետո (DLC-ներ), բայց այդ դեպքում էլ բավական ժամանակ կանցներ ու երևի թե հավս էլ չմնար ինչ-որ կարծիք հայտնելու, առավել ևս, մեր մեծ ասած, բավական դժվարությամբ րվեց այսքանն էլ: Բայց ամեն դեպքում երևի ապագայում անդրադառնամ DLC-ներին առանձին:

Հիմնական իմ տպավորությունները խաղից միանշանակ դրական են ու գնահատում եմ խաղը բարձր: Իհարկե, կան թերություններ, որոշ անիմաստ լուծումներ, մեխանիկական առումներով անբավարարություններ և այլն, բայց վերջին հաշվով սա կարևորագույն խաղերից է ու երբեք չեմ դժգոհել նրանում տեղի ունեցող փոփոխություններից: Հետաքրքիր է այն խաղալ, հետաքրքիր է հետևել պատմությանը և արդյունքում ստացվում է լավ խաղ: Ապագա խաղում, որի գործողություններն ըստ ենթադրության տեղի են ունենալու վիկինգյան շրջանում, կարծում եմ մեզ էլի կներկայացնեն այսպես ասած պռիկվելյան իրադարձություններ: Բայց հետաքրքիր ևս մեկ ուղի եմ տեսնում վերջին երկու խաղերում, որոնք այս սերիայի հետ կապված ու ինձ համար ինչ-որ առեղծվածային են դառնում: Վերջին երկու սերիայում մեզ բավական շատ ներկայացնում են այլ քաղաքակրության միջամտությունը: Իհարկե մենք սրանց մասին վաղուց գիտեյինք, բայց իմ կանխատեսումներով, առաջիկա ապագա խաղերում կունենանք էական հանդիպում այս քաղաքակրթույան ներկայացուցիչների հետ: Այս դեպքում արդեն ինչպես կներկայացնեն մեզ հեղինակները և ինչ նոր փոփոխությունների կվերածվի խաղն արդեն տվյալ պարագայում, դժվար է անգամ պատկերացնել, էլ չխոսեմ, որ խոսքը կարող է գնալ մինչև անգամ տիեզերական սահմանների մասին: Սա անձնական կանխատեսումներն է իմ ու բնականաբար կարող են սխալ լինել, ինչպե նաև մի փոքր տարօրինակ: Սպասենք և կտեսնենք, իսկ առայժմ խաղը գնահատում եմ բարձր և առաջարկում եմ խաղալ:


8.5 / 10-ից

40 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page