Հեռավոր 1999-ին թողարկվեց The Blair Witch Project ֆիլմը, որն, ըստ իս, սահմանափակ թվով մարդկանց կարող էր դուր գալ: Մարդկանց, ովքեր մշտապես հետաքրքրվել են այս լեգենդով, այն է Վհուկը Բլերից: Իրականում այս լեգենդը սկիզբ է առել շատ ավելի խոր տարիներից - 1700-ակններից: Իսկ ահա 2019 թվականին արդեն այս ֆիլմի հետ կապված հասանելի դարձավ խաղը, որի մասին էլ այսօր կփորձեմ մի քանի տողով տպավորություններս արտահայտել: Ասեմ, որ ժամանակին ես ֆիլմը չէի դիտել ու չգիտեմ, որքանով էր ճիշտ խաղը խաղալ, առանց ֆիլմին ծանոթ լինելով: Հատկապես խաղը հանդիսանում էր օրիգինալ ֆիլմի սիկվելը: Ամեն դեպքում խաղն ավարտելուց անմիջապես հետո սկսեցի դիտել ֆիլմը, ապա նոր սկսեցի շարադրել ռեվյուն, զուգահեռականներ անցկացնելով: Ինչպես վերևում նշեցի, սույն ֆիլմը սահմանափակ շրջաններ ունի: Ինձ օրինակ, դուր չեկավ բոլորովին: Հնարավոր 10-ից ես այն գնահատում եմ 3: Փոխարենն ավելի ինֆորմատիվ ու հետաքրքիր էր փաստագրական ֆիլմը, որն ավելի շատ հարցերի էր պատասխանում: Որպեսզի մի փոքր հասկանալի լինի, թե ինչի մասինէ առհասարակ խոսքն ընթանում, նշեմ հետևյալը: Լեգենդի համաձայն, Մեռիլենդ նահանգի Բերկիտսվիլ քաղաքին հարակիծ տարածքում կա մի անտառ, որը կոչվում է Բլեք Հիլլզ և որտեղ տարիներ ի վեր անհայտ հանգամանքներում ու իրավիճակներում անհետացել են մեծ թվով մարդիկ ու այդպես էլ չեն վերադարձել: Կամ գտել են վերջիններիս սպանված ու մարմինների վրա ինչ-որ սիմվոլներ են հայտնաբերել: Այդ ամենը տեղացիները կապել են մի կախարդուհու հետ, որին ավելի վաղ շրջանում, 1700-1800-ակններին վտարել են քաղաքից, ապա խարույկի վրա այրել: Մի խոսքով, գլխավոր կերպարն այս պատմության մեջ այդ վհուկն է:
Բայց անդրադառնանք արդեն խաղին:
Խաղի ստեղծմամբ և հրատարակությամբ զբաղվել են Bloober Team-ում: Սյուժեյի համաձայն պատմությունը շարունակությունն է հանդիսանում օրիգինալ ֆիլմի, բայց մեծ առումով կապող ոչ մի բան, համենայնդեպս պատմության տեսակետից, չկա: Կան հղումներ դեպի ֆիլմը, հիմնականում պատկերավոր եղանակով, որ տեսանելի է խաղացողին: Խաղի հերոսը, իր շան հետ միասին կամավոր միանում է այն խմբին, որը որոնողական արշավ է սկսել անհետ կորած մի երեխայի համար: Մեր հերոսը թեպետ միանում է այդ խմբին, բայց տարբեր ուղղություններով են հետախուզում տեղանքը և իր շան՝ Բուլլետի հետ միասին առանձնանում են անտառի մեկ այլ հատվածում: Այս խաղն ունի երկու լավ կողմ, որոնցից մեկը հենց շունն է՝ Բուլլետը: Բացի մեր ուղեկիցը լինելուց, շունը հանդիսանում է գեյմփլեյի հիմնական ու կարևորագույն մասերից մեկը, որ կարող է էական փոփոխություն մտցնել խաղում ու այսպես ասած, հիմնաբանալիներից մեկն է առաջ շարժվելու համար: Շան համար հեղինակները մեզ են տրամադրում հատուկ մշակված առանձին մեխանիկա, բայց եթե անկեղծ, այս մեխանիկաներից որոշները պարզապես չեն աշխատում, քանի որ անօգուտ են ու հարկ չի եղել ընդհանրապես դրանցից օգտվել: Ընդամենը զուտ հետաքրքրության համար, իմանալու համար թե ինչ է դա իրենից ներկայացնում, մեկ, առավելագույնս երկու անգամ շանը կարող ես տալ այս կամ այն հրահանգը, որն նույնն է, օգտվել համապատասխան այդ մեխանիկայից: Մյուս դեպքերում, խաղի միջինում 5 ժամերի ընթացքում մոռանում ես այդ մեխնիկայի մասին:
Ավելի մանրամասն - շանը կարող ենք սիրել, կարող ենք ջղայնանալ նրա վրա, կարող ենք հրահանգ տալ, որպեսզի մնա կողքներիս ու որոնի հետքեր: Հիմնական ու կարևորագույն մեխանիկան այս ամենից հենց այս վերջինն է, որ թեպետ, այս դեպքում նույնիսկ, այն աշխատում է, մի փոքր հարցեր թողնելով: Եթե մեր շունը գտնում է ինչ-որ առարկա, օրինակի համար շիշ, մեզ անհայտ է մնում, թե ինչ առավելություն ենք ստանում մենք դրանից, եթե այն օգուտ չի տալիս հետագա անցման ժամանակԼ Կան իհարկե առարկաներ կամ պարագաներ, որ պետք գալիս են, այն էլ շատ, բայց մյուս դեպքերի համար համարում ես անիմաստ: Բայց շան լավ լինելու կողմը չի հանդիսանում այդ մեխանիկան, այլ շունն ինքն անձամբ, եթե կարելի է առհասարակ կենդանուն անձնավորել: Բանն այն է, որ առեղծվածային այս անտառում, ուր տեղի են ունենում տարօրինակ բաներ, անհասկանալի մարդկային գիտակցությանը, ու դու զգում ես այդ անտառում քեզ միակ մարդը, ուրախանում ես ու փոքր ինչ հանգստանում, որ ամեն դեպքում քո կողքին կա շնչավոր մեկը, որը վտանգի դեպքում կարող է զգուշացնել քեզ, հաչալով հնարավոր վտանգի ուղղությամբ, իմաց տալով, որ ուշադրություն պետք է դարձնել հենց այդ հատվածին: Կամ ի վերջո, որ դու մենակ չես, շունը քո հետ է: Այս առումներով շան հատվածը իրոք հրաշալի է: Ու որպես երախտիք, խաղը թույլ է տալիս սիրել, շոյել շանը: Որովհետև նման դրվագներից հետո իսկապես դու՝ խաղացողդ, ուզում ես շնորհկալություն հայտնել Բուլլետին...
Բուլլետին թողնենք մի պահ հանգիստ: Մեր հերոսն իր ձեռքի տակ ունի մի քանի միջոցներ, որոնք, այսպես ասած, ձևավորում են գեյմփլեյի հիմնական հատվածը: Ունենք լապտեր, որ անտառի մութ հատվածները լուսավորում է, նամանավանդ շատ պետքական, երբ վրա է հասնում գիշերը: Ունենք ռացիա, որը ժամանակ առ ժամանակ իրեն հիշեցնել է տալիս, երբ որոնողական խմբից փորձում են մեզ հետ կապնվել ու ոչ միայն որոնողական խմբից: Ունենք բջջային հեռախոս, որը բավական զվարճալիէ մշակված: Սովորական մոբայլ, որն իր մեջ պարունակում է հիմնական բոլոր պարամետրերն ու ֆունկցիաները՝ զանգ-հաղորդագրություն, կոնտակտային տվյալներ, անգամ մոբայլ խաղեր, որը լարված պահից հետո կարող է հանգստացնել...
Ունենք նաև մեկ այլ միջոց ևս, որը խաղի անցման ժամանակ ենք գտնում անտառից: Այն է տեսախցիկը, որն իր հերթին ևս էական փոփոխություն կարող է մտցնել խաղում: Տեսախցիկի և գտնված երիզների միջոցով կարող ենք կառավարել իրականությունը՝ փոփոխելով շրջակա միջավայրը, որը նոր ճանապարհներ է բացում մեզ համար:
Երկրորդ լավ ստացված կողմը, որի մասին որպես առավելություն կուզենայի նշեյի, դա անտառն է ու իր փոխանցած մթնոլորտը, այն որ խաղում անգամ դու քեզ մոլորված ես զգում: Ու այդ ամբողջ մոլորությունը, վախը, միստիկան անցնում է էկրանից դեպի քեզ՝ խաղացողին: Անտառում իրական ժամանակով 15-20 րոպե կարող ես թափառել, բայց ամեն անգամ հայտնվել այնտեղ, որտեղ իրականում եղել ես: Որ ուղղությամբ էլ քայլես, միևնույն է, հայտնվում ես նույն կետին ու չնայած այն կարող է բարկացնել, որովհետևս զգում ես քեզ անկարող, բայց և միևնույն ժամանակ հասկանում ես, որ եթե իրականում էլ անտառում հայտնվեիր, մեծ հավանականությամբ չէր բացառվի, թե նույնը կկրկնվեր քո հետ: Այս առումով անտառի այդ «հմայքը» հասանելի է խաղացողին ու ամբողջովին զգում ես դա խաղի շրջանակներում:
Իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր պատկերին ու որով էլ կեզրափակեմ կարծիքս, շատ ավելի թույլ է, քան վերը նշված առավելությունները: Խաղն ունի հստակ պատմութուն, մեզ ներկայացնում է դա ու վերջում էլ հասկանալի է դառնում թե ինչ կատարվեց իրականում, բայց անկախ այդ ամենից այն համարում ես դատարկ: Ես չէի ուզենա նշել, թե այն ստանդարդ է, բնորոշ հորրոր խաղերին: Blair Witch-ն այդ ֆոնին երևում է տարբերվող: Բայց ահա ո՛չ տպավորող, որ կուզենայ լիներ ու թեկուզ ժամանակ անց էլ հիշեիր նրան: Բացակայում է խաղից պատմության ամբողջականությունը, վերլուծելով հասկանում ես այն մաս առ մաս, միմյանց համալրող ինչ-որ պատմություն, որ խճճում է անգամ: Իհարկե , կարող եք ասել, որ դա դրական է ու շահավետ է այս խաղում, առավել ևս, որ այդ միստիկան կարող է հասցնել հերոսին խելագարության, բայց ամեն դեպքում շատ ավելիին էի սպասում հեղինակներից, նամանավանդ, որ նրանց նախորդ պրոյեկտ Observer-ն ավելի գրավիչ էր ու կայացած: Ու հատկապես, ընդգծված բացասական կողմ, որպես այդպիսին, կնշեյի վերջնահատվածի ահավոր շատ երկար ձգումը: Այն է, որ հասկանում ես, արդեն ավարտին ես մոտեցել, բայց դեռ երկար թափառում ես այդ լոկացիայում ու ամեն անգամ նույն շրջապատը տեսնում: Այդ երկարությունը հոնգնեցնում էր առավել, քան խաղի մնացած ամբողջ հատվածի անցումը: Բայց անկախ ամեն ինչից, խաղը համարում եմ ավելի բարձր, քան օրիգինալ ֆիլմը: Ու եթե ֆիլմի կամ էլ այդ լեգենդ դարձաց միստիկային պատմության սիրահարներից եք, խաղն անպայման պետք է խաղաք: Վստահ եմ, Ձեզ ավելի շատ դուր կգա, քան ինձ:
7 / 10-ից
Comentarios